Ամնեզիայից թոզ փչոցի մեկ քայլ է

ԹԻՄԱՅԻՆ ԽԱՂԸ ՉԿԱՅԱՑԱՎ

ԱԺ-ի  ընտրությունների նախընտրական քարոզարշավն ավարտվում է: Այսօրվանից բոլոր քաղաքական ուժերն իրենց  վերջին  խոսքն են  ուղղում   ընտրողներին:  Նախընտրական  քարոզարշավը ցույց տվեց, որ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ուժերը շատ լավ գիտեն ժողովրդի խնդիրների, դարդ ու ցավերի մասին: Դրանք ընտրությունից ընտրություն խնամքով պահվում են մոռացության գզրոցներում և դուրս են հանվում միայն նախընտրական օրերին: Եվ թաղից-թաղ թափառելով` խոստանո˜ւմ են, խոստանում ու խոստանում: Նրանցից  շատերը, ու նախորդ տարիներին հավատացել ու քվե է տվել ընտրողը, իրենք իրենց  չեն էլ հարցնում , թե ինչո՞վ էին զբաղված, երբ իշխանության էին, կոալիցիայի անդամ: Ինչո՞ւ այդ ժամանակ չէին կոտորում իրենց՝ հանուն հարկատու-քաղաքացիների: Երևի միայն կերակրատաշտից դուրս շպրտվելուց հետո է ամնեզիան անցնում  ու սկսվում  է թոզ փչոցիի շրջանը:
  
Մինչ նախընտրական քարոզարշավը սահմանադրական փոփոխությունների ջատագովներն ասում էին, թե խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալիս  հանրությանը  գնալ ոչ թե անձի, այլ թիմի  հետևից: 
 
Մինչդեռ  ամբողջ քարոզարշավում հակառակ գործընթացն էր: Դիցուք, բացի չորս ուժից, մյուսներն այդպես էլ չներկայացրին  իրենց վարչապետի թեկնածուներին:  Բայց վարչապետը խորհրդարանական համակարգի առանցքային  պաշտոնյան է:  Հենց նա՛  պետք է հայտարարի  ղեկավար կազմի մյուս պաշտոննների` Նախագահի, ԱԺ նախագահի, Պաշտպանության և ԱԳ  նախարարների թեկնածուներին: 
 
Պատճառը կարող ենք ենթադրել` քաղաքական ուժերը կամ համապատասխան մարդկային ռեսուրս չունեն կամ այդ պաշտոններին հարմար ներկայանալի անձեր:  Դե սա էլ պատահական չէ: Ունակ, սկզբունքային ու պրոֆեսիոնալ մարդիկ   վստահություն չունեն  քաղաքական ուժերի հանդեպ, այդ պատճառով չեն ցանկանում  իրենց ներկայությամբ զարդարել կուսակցությունները: 
 
Նախընտրական քարոզարշավն այլ իրողություն ցուցադրեց: Քաղաքական ուժերը,  որպես «առաջին կերակրատեսակ», «սիրելի ընտրողներին» հրամցրին ամբոխահաճությունը,  ապա ցեխամրուրը, իսկ որպես աղանդեր՝ «չալաղաջ» ընտրակաշառքը: Սկզբում 100  դոլարի խոստումները էր նվազեցին մինչև 10.00-15.000 դրամ: Նախորդ տարիների 5000 դրամից դա, իհարկե, շատ է, բայց... 
Ամենացավալին այն է, սակայն, որ  այս «ճաշատեսակների» դիմաց ընտրողը նրանց քմահաճույքին է հանձնում  տալիս իր ապագան, առնվազն՝ իր կյանքի առաջիկա 5 տարիները: ՈՒ նաև՝ իր հաշվին ԱԺ-ում 500.000-600.000 դրամ աշխատավարձ ստանալու հնարավորություն: