Նաև պահանջատեր՝ իշխանության նկատմամբ

«ԱՐՑԱԽԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿԱՊԵԼ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԵՏ». ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Եվս մեկ տարի անցավ՝ Արցախյան հարցում այդպես էլ չգրանցելով որևէ լուրջ տեղաշարժ: Այնուամենայնիվ, ինչ-ինչ փոփոխություններ նկատվում են: avangard.am-ն «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ փորձել է ամփոփել տարին և որոշակի կանխատեսումներ անել՝ 2018-ին ԼՂ հիմնախնդրի հնարավոր զարգացումների վերաբերյալ:
 
- Անցնող տարում ի՞նչ փոփոխություն է նկատվել Արցախյան հիմնախնդրում:
 
- Այս տարվա փոփոխությունն այն է, որ շրջանառության մեջ են դրվել այն առաջարկները, որոնք պիտի հստակեցնեն զինադադարի ռեժիմը: Հայության մեջ պետք է հասունանա մի գաղափար, որ Արցախի զարգացումը չի կարելի կապել բացառապես ճանաչման հետ: Առաջին հերթին պիտի զարգանան ներքին ժողովրդավարական մեխանիզմները՝ ներառյալ տնտեսական ժողովրդավարությունը:
 
- Նշեցիք, որ Արցախի զարգացումը չի կարելի կապել բացառապես ճանաչման հետ, այսինքն՝ կարելի՞ է ասել, որ խոսքը վերամիավորման մասին է:
 
- Վերամիավորման գաղափարը ոչ թե մոռացության է տրվել, այլ զարգացում է ապրում: Արդեն այսօր պիտի լինի սերտ համագործակցություն բոլոր ոլորտներում: Մյուս կողմից՝ խիստ կարևոր է վերամիավորված տարածքների վերաբնակեցումը: Օրինակ՝ ես կարծում եմ, որ 2040-ին ՀՀ-ում չորս մլն բնակչություն ունենալու ծրագիրը բոլորովին էլ հավակնոտ չէ, քանի որ դա կարելի է և պե՛տք է անել ավելի սեղմ ժամկետներում՝ արդյունավետ կառավարման դեպքում: Նույնը վերաբերում է Արցախին:
 
- Խոսեցինք կառավարման մասին: Հայկական երկու պետություններն ընտրել են կառավարման բոլորովին տարբեր համակարգեր՝ խորհրդարանական և նախագահական: Հետաքրքիր է Ձեր տեսակետը սրա վերաբերյալ:
 
- Պառլամենտականի ընտրված այս մոդելն այնքան էլ հաջող չեմ համարում: Իսկ Արցախի պարագայում նախագահական մոդելն ավելի շատ արտաքին վտանգների ներքո ձևավորված տարբերակ է, ինչը չպետք է խոչընդոտի խնդրի մասնակցային գործընթացների զարգացումը: Տվյալ դեպքում ես հասարակության առջև դրված ավելի մեծ խնդիրներ եմ տեսնում: Քաղաքացիական հասարակությունն ավելի հմուտ, նախաձեռնող ու ակտիվ պիտի լինի, հույսը դնի սեփական ուժերի վրա և լինի մարդակենտրոն ու երկրակենտրոն, իհարկե՝ նաև պահանջատեր՝ իշխանության նկատմամբ: Այս ամենի համար կառավարման մեջ անհրաժեշտ է կիրառել գիտական մեթոդներ: Կառավարման համակարգը պետք է լինի գիտելիքահեն: Այդ դեպքում ավելի դյուրին կլինի հաղթահարել երեք խոշոր վտանգները՝ աղքատություն, արտագաղթ և կոռուպցիա:
 
 - 2018 թ. ի՞նչ սպասելիքներ ունեք, ի՞նչ կփոխվի Արցախյան հիմնախնդրում:
 
- Իմ կարծիքով՝ 2018-ին լուրջ և կտրուկ փոփոխություններ չեն լինի Արցախյան հարցում:
 
- Ո՞րն է հարցի լուծման Ձեր տեսլականը, Ձեզ համար լավագույն տարբերակը՝ թեկուզ և հեռահար ու այսօրվա համար գուցեև ոչ իրատեսական:
 
- Ձեր հարցին ես կարճ կպատասխանեմ՝ խաղաղություն, զարգացում և անվտանգություն: