Միջնորդ երկրից՝ միջնորդի կարիք ունեցող երկիր

«Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականությունը և խնդրահարույց հարևան դառնալը» թեմայով ուշագրավ վերլուծություն է կատարել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ: Հետազոտությունն ամբողջությամբ հրապարակել չենք կարող՝ ծավալի պատճառով, սակայն ներկայացվող հատվածը ևս թեմայի առնչությամբ շատ հարցերի կարող է պատասխանել:
 
 
2000-ականներին Թուրքիան տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս իրականացնում էր միջնորդական լայն առաքելություն։ Ակնհայտ էր, որ տարածաշրջանային գերտերության դերին հավակնող Թուրքիայի համար գնալով ավելի կդժվարանար տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ չեզոքություն պահպանելը, ինչն էլ բացասաբար կանդրադառնար նրա միջնորդական հնարավորությունների վրա։ Օրինակ, Իսրայելի հետ հարաբերությունները փչացնելու պատճառով Թուրքիան զրկվեց Իսրայելի և Պաղեստինի, Իսրայելի և Սիրիայի միջև միջնորդական առաքելությամբ հանդես գալու հնարավորությունից: Դեռևս 2012թ. նոյեմբերին The New York Times-ը գրեց, որ Թուրքիան մնաց Եգիպտոսի ստվերում՝ նկատի ունենալով, որ Եգիպտոսը (Մ․ Մուրսին) միջնորդի դերում հանդես եկավ Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև, մինչդեռ Թուրքիան զրկված էր նման հնարավորությունից: Ինչպես նշվեց, 2010-ականներին Թուրքիան վատթարացրել էր հարաբերությունները ոչ միայն Իսրայելի, այլև՝ Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի հետ, ինչը նրան գրեթե ամբողջովին զրկեց Մերձավոր Արևելքում միջնորդական առաքելությունից։ Թուրքիան չարդարացրեց փորձագետների այն կանխատեսումները, որ նա կարող է միջնորդություն իրականացնել Եմենի հակամարտությունում։ 
 
2010-ականներին Թուրքիան թեև ստանում էր միջնորդական առաքելություն իրականացնելու հրավերներ (կարող ենք հիշատակել այն, որ 2014թ. սեպտեմբերին Մոլդովան Թուրքիային առաջարկեց միջնորդ լինել Գագաուզիայի հետ տարվող բանակցություններում), նա իր վարած արտաքին կոշտ քաղաքականության հետևանքով սկսեց ոչ միայն կորցնել միջնորդական այդ դաշտը, ինչը բավական նվազեցրեց Թուրքիայի պահանջարկը տարածաշրջանում և ոչ միայն, այլև՝ ինքը սկսեց կարիք զգալ միջնորդների։
 
Օրինակ, Թուրքիայի ու Իսրայելի փոխհարաբերությունների կարգավորման հարցում միջնորդի դեր ստանձնեց ԱՄՆ-ը (Բ. Օբամայի ճնշման ներքո 2013թ. մարտին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց ունեցավ Էրդողանի հետ և ներողություն խնդրեց «Մավի Մարմարայի» միջադեպի համար)։ Թուրքիան միջնորդների կարիք ունի թերևս նաև Եգիպտոսի հարցում, նման դերում կարող են  հանդես գալ ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և անգամ Քուվեյթը։ 
 
2017թ. մայիսին Մեծ Բրիտանիայում հրատարակվող «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» թերթը գրեց, որ Քուվեյթը կարող է միջնորդ դառնալ Թուրքիայի ու Եգիպտոսի միջև։ 2013թ. մայիսին Անկարայում Իրանի դեսպան Ալի Ռեզա Բիկդելին հայտարարեց, որ պատրաստ է միջնորդ դառնալ Թուրքիայի ու Սիրիայի միջև։ 2016թ. հոկտեմբերին Իրանի փոխարտգործնախարար Էբրահիմ Ռահիմպուրը հայտարարեց, որ Իրանը պատրաստ է նպաստել Թուրքիայի ու Իրաքի միջև լարվածության նվազեցմանը, որն առաջացել է Թուրքիայի կողմից Բաշիքայի ճամբարում (Մոսուլի մոտ) տանկային գումարտակ տեղակայելու պատճառով (2017թ. սեպտեմբերին Իրանն իր միջնորդությունն առաջարկեց Բաղդադին ու Էրբիլին՝ կապված ՀԻՔԻ-ում անկախության հանրաքվեի անցկացումից հետո կողմերի միջև ծագած լարվածության հետ)։ Անգամ ՀԻՔԻ-ի կառավարությունն է Անկարային միջնորդություն առաջարկել՝ կարգավորելու համար Բաղդադի հետ հարաբերությունները։  
 
Վերջին շրջանում Թուրքիայի ու Սիրիայի միջև միջնորդի դերում կարող են հանդես գալ նույն Իրանը կամ ՌԴ-ը, որոնց հետ Թուրքիան տակտիկական դաշինքի մեջ է մտել։ Ի դեպ, 2015թ. նոյեմբերի 24-ին ռուսական SU-24M ռմբակոծիչի ոչնչացումից հետո Թուրքիան զգացել է միջնորդների կարիք՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Ինչպես քանիցս հայտարարել է Էրդողանը, ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը նպաստել են Ղազախստանի ու Ադրբեջանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևն ու Իլհամ Ալիևը (ԶԼՄ-ներում շոշափվել է նաև Բ. Նեթանյահուի անունը)։ 
 
Այս ամենը, սակայն, չի նշանակում, թե Թուրքիան հրաժարվել է իր միջնորդությունը ներկայացնելու փորձերից։ Վերջին օրինակներից մեկն առնչվում է Արցախյան հակամարտության կարգավորմանը։ Թուրքիան վերջին շրջանում հիշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և չնայած դրան՝ անգործության է մատնված։ Թուրքիան շարունակ փորձում է միջնորդություն իրականացնել Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, բայց քանի որ նա միակողմանի աջակցում է Ադրբեջանին, ուստիև հայկական կողմի համար չի կարող ընկալվել որպես չեզոք երկիր և հետևաբար՝ միջնորդ (ինքնաթիռային միջադեպից հետո ՌԴ-ը հայտարարեց, որ Արցախյան հակամարտության հարցում Թուրքիայի դիրքորոշումը միակողմանի է: Սակայն հարաբերությունների կարգավորումից հետո ՌԴ-ը փոխեց դիրքորոշումը՝ նշելով, թե Թուրքիայի միջնորդական ջանքերը կարող են օգտակար լինել)։
 
2017թ. մայիսին Էրդողանն այցելեց Հնդկաստան, առաջարկեց Թուրքիայի միջնորդությունը Քաշմիրի խնդրի շուրջ՝ ընդգծելով, որ Քաշմիրի հարցով լավ հարաբերություններ ունի թե՛ Հնդկաստանի, թե՛ Պակիստանի հետ։ Սակայն Հնդկաստանի ԱԳՆ-ի խոսնակ Գոլալ Բագլայը հայտարարեց, որ Քաշմիրի հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի համապատասխանում Հնդկաստանի դիրքորոշմանը՝ հավելելով, որ Քաշմիրում տեղի ունեցածն իրենք անվանում են տեռոր, ինչի մասին իրազեկվել է Էրդողանը։ 
 
Ստացվում է, որ հնդկական կողմը Թուրքիային մեղադրում է Քաշմիրի հարցում չեզոք դիրքորոշում չունենալու համար, և դա պատահական չէր։ Հիշեցնենք, որ Հնդկաստան այցելելուց առաջ Էրդողանը հնդկական WION հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել էր, որ Քաշմիրի ու քրդերի հարցերը տարբեր բաներ են. 
 
- Ասում են, թե այդ երկու հարցերը նման են միմյանց, սակայն դա այդպես չէ։ Այսօր Թուրքիայում մենք խնդիր չունենք մեր քուրդ քաղաքացիների հետ, դա պետք է նկատի ունենալ և չշփոթել նրա հետ, որ մենք ունենք ահաբեկչության խնդիր։ Այսինքն, այդ պլանում այն նման չէ Քաշմիրի հարցին։ Այնտեղ (Քաշմիրում) տարածքային հարց է և այլ խնդիրներ։ PKK-ն ասում է, թե գործում է քրդերի անունից, սակայն Քաշմիրի դեպքում չկա նման բան։ Քաշմիրի դեպքում կա Պակիստան պետություն։ Անհրաժեշտ է տարբերակել այս ամենը։ 
 
Ամփոփելով՝ նշենք, որ 2010-ականներին զգալիորեն սահմանափակվեց Թուրքիայի միջնորդական առաքելությունների շրջանակը՝ կապված արտաքին քաղաքականության կոշտացման հետ: Եվ թեև ընթացիկ տասնամյակում շարունակվեցին  Թուրքիայի կողմից սեփական միջնորդությունն առաջարկելու, ինչպես նաև այլ երկրների կողմից միջնորդական խնդրանքով Թուրքիային դիմելու դեպքերը, այնուամենայնիվ, դրանք զգալիորեն քչացան։ Արդյունքում, ավելի շատ այլ երկրներն էին Թուրքիայի համար միջնորդություն իրականացնում, քան Թուրքիան՝ այլ երկրների համար։