«Դիպլոմատ հրեշներ»-ի արդիականությունը

ՆՈՒՅՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ՄԻԵՎՆՈՒՅՆ ՈՍՈԽԻ ԹԻՐԱԽՈՒՄ


Հայ ազատագրական պայքարի (սկսյալ 1870-ականներից մինչև 1918-ի Հայաստանի անկախացում) ողջ երկայնքում թե՛ ռուսական և թե՛ եվրո-արևմտյան դիվանագիտությունը, ժամանակին, մեծ հեղափոխական Ստեփան Զորյանը (Ռոստոմ) հենց նույն վերտառությամբ իր հազվադեպ հոդվածներից մեկում արժանիորեն բնութագրեց ոչ ավել-ոչ պակաս, քան` հրեշավոր դիպլոմատիա...
 

Հայկական Հարցի և ազատագրական իրավունքի ու երկարաշունչ պայքարի ողջ ընթացքում թե՛ հայության հոգևոր, թե՛ քաղաքական ու կուսակցական առաջնորդները, բանագնացներն ու գործիչները անխտիր ենթարկվում էին նույն ժպտերես եվրոպացի կամ ռուս դիպլոմատների երկդիմի, խաբուսիկ, դավադիր ու շահամոլ վերաբերմունքին:

Ուստիև` հայ ազատագրական պայքարին այլ ելք չէր մնում, քան` սեփական կամքի արտայայտմամբ նվաճել իր ոտնահարւած իրավունքները...

Ահավասիկ.

Հայկական ազատագրական պայքարից 130 տարի անց, նույն տարածաշրջանում, միևնույն ոսոխի` Թուրքիայի թիրախում է իրավազուրկ ժողովրդի` քրդերի ազատագրական պայքարը: Եվ 21-րդ դարի 2-րդ տասնամյակում նույն այդ արևմտա-եվրոպական և միջամուխ մյուս երկրների «Դիպլոմատ հրեշները» ակնբախորեն խաբում-դավաճանում, սադրում են ԴԱԷՇ-ին չեզոքացնող իրենց երեկվա դաշնակից քրդական օժանդակ ուժերին...

Ու դարձյալ կրկնվում է պատմությունը և զուգադիպությունը` հար և նման 19-րդ դարի վերջին ու 20-րդի սկզբի, երբ նույն Ռուսաստանի զորքերի նահանջը թուրք ոսոխին պատեհ առիթ էր ընձեռում, որպեսզի այն ժամանակ մինչև Կարս ու Արդահան, իսկ այսօր` սիրիական տարածքներ ներխուժել, միևնույն «դիպլոմատ հրեշների» թողտվության արդյունքում...

ԱՄՆ-ի, Եվրոպայի ու մասնավորապես Գերմանիայի, Ռուսաստանի դիվանագիտական-քաղաքական «խաղաղարար» ջանքերը (տվյալ դեպքում` Աֆրինի դեմ թուրքական մերօրյա վայրագությունների առնչությամբ) բխում են մեկ ու միակ այն «օրինաչափությունից», որն այլ կերպ բնութագրելի չէ, քան հրեշավոր դիպլոմատիա...
 

Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր