Ինքնամեծար ամբարտավանություն

ՎՐԵ՞Ժ, ԽԱ՞ՆԴ, ԹԵ՞ ՊԱՐԶԱՊԵՍ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն հայտնի է` Ռուսաստանում ստորագրահավաք է սկսվել՝ Երևանում Նժդեհի արձանը հանելու պահանջով:
Դժվար չէ պատկերացնել, թե «Ինտերֆաքս-Ադրբեջանը» որքա՜ն մեծ բավականությամբ է տարածել ՌԴ Պետդումայում անցյալ շաբաթ կայացած կլոր սեղան-քննարկման մասին տեղեկատվությունը:

Քննարկում`«Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով, որի ընթացքում ոմն քաղաքագետ Սերգեյ Մարկով, ինչ-որ Դիոնիս Կապտար և հավանաբար իրենց բանական արարածներ համարող էլի ուրիշներ:

Որ Ադրբեջանը կարող է բարբաջել իրենց ներխուժումից Սյունիքը պաշտպանած Նժդեհի դեմ` կարելի է հասկանալ, բայց առնվազն տգիտության շքահանդես է, երբ սովետիզմը մերժած ռուսազգի Պետդումայի որոշ պատգամավորներ, Դաշնության խորհրդի և հանրային պալատի անդամներ, ՌԴ նախագահի թեկնածուներ, քաղաքագետներ, փորձագետներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ հանկարծ շեշտում են, թե Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ այսօր կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ: Ու դեռ իրենց տարակուսանքը պատճառաբանում են նրանով, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։ Այս հանգամանքը գուցե պատվաբեր ու շահավետ է նրանց համար, բայց ոչ երբեք` Հայաստանի:

Ինքնամեծար ամբարտավանների այդ հավաքում խոսվել է և ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի ստորագրահավաքի մասին։ Արդեն հավաքվել է 200 000 ստորագրություն։ Միջոցառման մասնակիցները մատնանշել են, որ դրանում կա նաև Երևանում գտնվող Գարեգին Նժդեհի հուշարձանի հանման հատուկ պահանջ։

Լեռնահայաստանը հայ պահած Գարեգին Նժդեհի վերջին արձանի արտաքինի առնչությամբ անհամաձայնություններ հնչեցին Երևանում` դրա տեղադրման օրերին: Ընդգծենք` արտաքինի առնչությամբ, զի Սպարապետի դեմքը սլավոնական «դիմագծեր» ունի: Մինչդեռ մեզ իր ռազմավարական դաշնակիցը հորջորջող և ընդդեմ Հայաստանի ելուզակ Ադրբեջանին խնամքով զինող Ռուսաստանի ի՞՜նչ գործն է, թե անկախ պետությունն իր ազգային հերոսին ինչկերպ է մեծարում: Տխեղծ ուղեղները միայն ազգային ազատագրական պայքարը կարող են «ֆաշիզմի» հետ նույնացնել, իսկ դրա առաջամարտիկին կենդանության օրոք խոշտանգելուց հետո էլ հետմահու հետապնդել:

Իսկ գուցե Ադրբեջանի հակահայկական ջրաղացին նոր ջուր լցնելու պահա՞նջ կա Ռուսաստանում, կամ ժամկետանց վրեժխնդիր են ուզում լինել` իրենց ծրագրերը խափանելու համար: Կամ, թերևս, չե՞ն մարսում ՀՀ նախագահի վերջին ապտակը իրենց փայփայած Ադրբեջանին…

Ի դեպ, քննարկման արդյունքում նախապատրաստվելու է նացիզմի և ֆաշիզմի քարոզչությունն արգելող օրենսդրական ակտերի կիրառման առաջարկություն։ Տեսնես տեղո՞ւմ են Ռուսաստանը ներկայացնող այսօրինակ պաշտոնյաների տեսողությունն ու լսողությունը, որ գոնե սեփական բերանից ելած խոսքն ու պահանջը լսեն: Դե, իսկ այդպիսիների տրամաբանության պակասը (համենայն դեպս` Հայաստանի պարագայում) վաղուց ի վեր ակնհայտ է: