Գտան ելքն ու մտան ԱԺ

ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ՝ ՁԱՅՆՆ ԱՍՏԾՈ

 
ԱԺ-ի ընտրություններն ավարտվեցին: Վերջնական տվյալների  համաձայն` ԱԺ են անցել  ՀՀԿ-Ն, «Ծառուկյան» դաշինքԸ, ՀՅԴ-Ն, «Ելք» դաշինքը: Ըստ էության, նախորդ ընտրությունների համեմատ` այս անգամ  աղմկալի, արյունոտ տեսարանների ականատես չեղանք:
 
Արդարացի չենք լինի, եթե չմատնանշենք նաև վարչական  ու ֆինանսական ռեսուրսներիի ճիշտ կիրառումը, որն էլ իր ազդեցությունն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա:  Բայց, ինչպես  ասում են, սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը նպաստեց ընտրակաշառքի պահանջարկի մեծացմանը: Կար  երկկողմանի պահանջարկ. Ընտրող կողմից կամեցողներ եղան, որ իրենց  քվեի դիմաց վճարվեն : Այսինքն՝  կար պահանջարկ, կար առաջարկ: Այլ խնդիր է, որ տարեկան 2000 դրամով առաջիկա 5 տարիները վաճառած քաղաքացին այլևս բարոյական իրավունք չի՛ ունենալու՝ իր «ընտրյալին» կյանքը բարեփոխելու պահանջ ներկայացնել: Ասենք՝ էլ որտե՞ղ են գտնելու նրանց...
 
Երկրորդ գործոնը, որը տվեց իր դրական արդյունքը քվեների ապահովման համար, ռեյտինգային թեկնածուներն էին: Վատ, թե լավ, հարգանք, պատիվ,  ֆինանսներ, համակիրների խմբեր ունենալով կամ հավաքագրելով՝ նրանք կուսակցությունների  համար լրացուցիչ  ձայներ ապահովեցին:
 
Երրորդ` իշխող կուսակցության  ակնկալիքները  արդարացան: Կարեն Կարապետյանի վրա դրված «ստավկան» աշխատեց: Հանրության մեծ մասը հավատաց  դրսից եկած, պարզ ու անկեղծ արտահայտվող մեր հայրենակցին:  Թե որքանով «դրայվ» սիրող վարչապետը կարդարացնի իրեն հավատացողների հույսերը՝ ցույց կտա առաջիկա 5 տարին: 
Սակայն ԱԺ չանցած ուժերի  պատկերն էլ է հետաքրքիր: Նրանցից երկուսը` ՀՎԿ-ն և ՕՐՕ-ի անդամները  տարիներ շարունակ եղել են իշխանության կցորդ, ռեժիմի  կարկառուն գործիչներ: Բայց կերակրատաշտից և մեծ հավակնություններից զրկվելով՝  դարձել էին թունդ ընդդիմադիր` մոռանալով, որ մարդիկ հիշողություն ունեն: Հետաքրքիր է, արտախորհրդարանական դառնալով, ի՞նր տեղ են զբաղեցնելու քաղաքական դաշտում:
 
Խորհրդարան չանցած մյուս ուժերից «Ազատ Դեմոկրատները» նախորդ անգամ ԱԺ մտավ այն ժամանակ հեղինակություն ունեցող «Ժառանգության» ամպհովանիով, բայց չաճեց այնքան, որ «կրկին փորձիր»-ը ինքնուրույն կատարեր: Իսկ ահա ՀԱԿ-ի մանդատ չստանալը   իսկական «հակմեջ» արեց Տեր-Պետրոսյանի ու Արցախի  ազատագրված տարածքների հանձնման մասին երազողների  պլանները:  Արմատական տրամադրություններ ունեցողները գտան  ելքը և  հողատուների փոխարեն մանդատ տվեցին «Ելք»-ին: Չնայած՝ արդեն պնդողներ կան, թե այս քաղաքական ուժի ներկայությունը ձեռնտու է  նաև ՀՀԿ-ին:  Օրինակ, ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանն այսօր ասել է.
- Դե մեկը պետք է ԱԺ-ում թեկուզ ձևական քննադատի իշխանությանը:
 
Արդյո՞ք իրենց պարտությունն արդարացնող քննադատություններից բացի այլ անելիք կգտնեն ընդդիմադիրները... Մի բան, սակայն, հստակ է` 25 տարվա  մեջ առաջին անգամ իրենց պարտությունն արձանագրած քաղաքական ուժերը խոստովանեցին`  ձայն բազմաց՝ ձայնն Աստծո: