«Քուչի տղերքից» ազատվել մտքի հեղափոխությամբ

ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈԽՎԻ՞

Խորհրդարանական ընտրություններին դեռ 4 տարի կա, բայց քաղաքական ուժերը, կարծես, արդեն ապագայի «թադարուք» են տեսնում: Օրինակ, առաջարկվում է ունենալ այնպիսի ընտրակարգ, որի շնորհիվ կկարողանան պայքարել օլիգարխների և փողով ձայն ստացողների դեմ:
 
Ռեյտինգային ընտրակարգը փոխելու «Ծառուկյան» դաշինքի առաջարկը ընդունելի է ընդդիմադիր «Ելք»-ի, անգամ  իշխանության հետ կոալիցիա կազմած հին ընկերների՝ ՀՅԴ-ի համար: Թե ինչու են ուզում փոխել վարկանիշային ընտրակարգը՝ պարզաբանեց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ որ «քուչի տղերքին չընտրեն»:
 
Ցավոք, բնութագրումն այսօր մասամբ համապատասխանում է խորհրդարանի կազմին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱԺ-ում  հայտնվեցին մարդիկ, որոնք թեև «քուչի մակարդակի» չեն, արտաքուստ մտավորական են և քրեական աշխարհի հետ կապ չունեն, սակայն, ըստ շրջանառված ու չհերքված լուրերի՝ ընտրակաշառք բաժանելու շնորհիվ ռեյտինգային ընտրակարգով հայտնվել են խորհրդարանում: 
 
Մինչդեռ ԱԺ-ի և քուչի տղերքի վարկանիշը էապես պետք է տարբերակվի, և խորհրդարանում պիտի հայտնվեն հիրավի հեղինակավոր մարդիկ: Որպես օրինակ հիշենք հենց «Ծառուկյան» դաշինքից առաջադրված մի կին պատգամավորի թեկնածուի, ով նույնիսկ մեկ առանձին նախընտրական շտաբ չունենալով՝ 1750-ից ավելի ձայն հավաքեց՝ ի տարբերություն այլ թեկնածուների, որոնք 5-6 նախընտրական շտաբով, վերևներից թիկունքով հազիվ կարողացան այդքան կամ մի փոքր ավելի քվե ստացան: 
Իշխանությունները, հանձին արդարադատության նախարարի, կարծես տրամադրված չեն փոխել այդ ընտրակարգը: Երևի նրանք էլ լավ հասկանում են՝ գուցե հաջորդ ընտրություններում վերարտադրվելու համար  քուչի տղերքի օգնությունը կարող է պետք գալ: 
 
«Ելք»-ից Արամ Սարգսյանը չի բացառել, որ ռեյտինգային ընտրակարգը փոխելու համար խորհրդարանական երեք ուժերը կմիավորվեն, բայց եթե մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն դեմ լինի, ապա այդ միավորումը ոչինչ չի փոխի: Սակայն «Ծառուկյան» դաշինքի առաջարկը մի հարցի պատասխան օդում կախված է թողնում: Եթե քվեարկությամբ բավարարվի ընդդիմադիրների պահանջը, ապա  հաջորդ ընտրություններում համամասնական ընտրակարգով նույն «քուչի տղերքը» կամ նրանց հովանավորյալ «ինծիլիգենտները» չե՞ն սողոսկի օրենսդիր մարմին: Նվիրատվություն անելով ինչ-որ կուսակցության՝  պատգամավորի թեկնածուն լուծում է իր մանդատի հարցը:
 
Այնպես որ՝ ինչ ընտրակարգ էլ լինի, անունը ինչ էլ դնենք, քաղաքական ուժերը մտքի հեղափոխությամբ միայն՝ երկրի հանդեպ պատասխանատվության զգացում ձեռք բերելով, հանրությանը ծառայելու ազնիվ մղումներ ունենալով կմտահոգվեն հայրենիքին օգտակար լինելու ունակ թեկնածուներ առաջադրել: Այո, միայն այդ կերպ, մինչդեռ այդ գիտակցումը դեռ մեծ տարածում չունի: