Իրանը շրջանցեց Հայաստանը

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԼՌՈՒՄ Է

Իրանի դեսպանը Հայաստանում այսօր ուշագրավ հայտարարություն է արել: Նա  բաց տեքստով ասել է, որ Հայաստանի ԵՏՄ-ի անդամակցությունից  Իրանը ոչինչ չի շահել:
 
Դեսպանի այս խոսքերը  վկայում են Հայաստանի լուսանցքում հայտնվելը: Օրերս գործարկվեց Ադրբեջան-Իրան երկաթուղին, և Ադրբեջանի ու Իրանի երկաթգծերը միացնող Աստարա (Իրան) -Աստարա (Ադրբեջան) երկաթուղային գծով Ռուսաստանից Իրան է մեկնել վեց վագոններից կազմված առաջին բեռնատար գնացքը:
 
Ճիշտ է, Աստարա-Աստարա երկաթուղային հանգույցի երկարությունն ընդամենը 10 կիլոմետր է, սակայն այն «Հյուսիս-Հարավ» ծրագրի բաղկացուցիչն է, որով միասնականանում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի երկաթուղային համակարգերը: Չի կարելի անտեսել նաև իրանական IRNA գործակալության տարածած այն տեղեկատվությունը, որ Բաքուն, Մոսկվան և Թեհրանը ներկայումս ակտիվորեն բանակցությում են՝ ադրբեջանական Աստարայի և Մոսկվայի երկաթուղով մարդատար գնացքների աշխատանքը սկսելու ուղղությամբ:
 
Ի դեպ, թեմայից փոքր-ինչ շեղվելով՝ նկատենք, որ նորաստեղծ այս եռյակի կողմ լինելով՝ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նկրտումներն ավելի անպատկառ ու անսանձ են դառնալու:
 
Մինչ այս՝ Իրանը ցանկություն ուներ, որ Ռուսաստանին կապող ուղին անցնի ՌԴ դաշնակից Հայաստանով, բայց մեր իշխանությունը քայլեր չձեռնարկեց, և հարևան Իրանը որոշեց շրջանցել Հայաստանն ու ուղիղ հարաբերվել Մոսկվա-Բաքու տանդեմի հետ: 
 
Իսկ գուցե դա հենց պաշտոնական Մոսկվայի՞ ցանկությունն էր, որ իր գլխավոր սիրեկան Բաքվի հետ միասին «անմիջնորդ» հարաբերություններ հաստատի տարածաշրջանի կարևոր այս մի դերակատաի հետ ևս: Նրանց ցանկությունը, ովքեր շարունակում են շահագործել Հայաստանի համբերատար հավատարմությունը:
 
Իրանի դեսպանի մյուս  հայտարարությունը Հայաստանին հարմար գնով գազ վաճառելու մասին է: Իրանը չգիտի՞, թե Մոսկվային գիգանտ Գազպրոմը սահմանում ինչ գնով է գնում և ինչ գնով է ռուսական գազը վերավաճառում Հայաստանին: Իհարկե գիտի ու նաև չէր կարող չնկատել, որ Ռուսաստանն իր մատնանշած մատչելի գնով գազ է վաճառում ոչ թե Հայաստանին, այլ իր սեփական ընկերությանը՝ ապահովելով դրա շքեղ «ապրուստը»: Ուրեմն՝ Իրանի կոցմից արդեն քանիցս հնչող՝ «հարմար գին» արտահայտությունը մի բան կարող է վկայել՝ ավելի էժան գնով գազ վաճառել Հայաստանին:
 
Իշխանությունը դեռ չի արձագանքել այս հայտարարությանը: Բայց դրական արձագանքի դեպքում մեկ այլ հարց է կարևորվում՝ իրանական գազի տնօրինումը. արդյո՞ք նույն «Գազպրոմը» կամ դրա նման ամենակուլ մեկ այլ կառույց նորից իր գերագեր շահույթը հայաստանաբնակ սպառողների գրպանից չի «քերելու»:
 
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նախորդ տարի ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ եթե որևէ երկիր Ռուսաստանից ավելի էժան գնով գազ վաճառի՝ ինքն անմիջապես կստորագրի այդ համաձայնագիրը: Ուրեմն, ո՞ւմ է սպասում հայրենի գործադիր մարմինը՝ թույլտվություն բարեկեցություն երաշխավորող ծրագրերից Հայաստանը մեկուսացնող Ռուսաստանի՞ց: Մյուս կողմից, եթե այդ թույլտվությունը լինի, բայց՝ «Գազպրոմի» հսկողությամբ , Հայաստանն Իրանի առաջարկից ոչինչ չի շահի: 
 
Իրանի դեսպանը նաև ասել է՝ եթե Հայաստանի էներգետիկ ոլորտում աշխուժացում լինի, քայլեր կարվեն: 
 
Ի՞նչ ասել է աշխուժացում: Կարող ենք ենթադրել, որ գուցե Թեհրանը նկատի ունի էներգետիկ ոլորտում անկախություն, բալանասավորում, այլ խաղացողների ի հայտ գալ: Այստեղ մեծ դերակատարում կարող է ունենալ ԱՄՆ-ը, եթե կյանքի կոչի 8 մլրդ դոլարի ներդրման հնարավորությունը այլընտրանքային էներգետիկայի ոլորտում: Ամեն դեպքում՝ գնդակը հիմա մեր դաշտում է, և նշանակետից վրիպել-չվրիպելն էլ մեզանից է կախված: 
 
Իրանի դեսպանի այս հայտարարություններից անկախ՝ Թեհրանը մեզ համար կարևոր գործընկեր է: Իրանի 80 միլիոնանոց շուկան լավ հնարավորություն է Հայաստանի գործարարների համար: Հատկապես՝ որ կառավարությունը խոսում է արտահանման  ծավալներն ավելացնելու մասին: Ուրեմն հաշվարկներն այնքան ճշգրիտ պետք է լինեն, որ վերջնականապես չհայտնվենք մեկուսացածի կարգավիճակում: