Նոր կառավարությունն արդեն ուրվագծվո՞ւմ է

ՀՅԴ ԱԿՆԱՐԿԻ ԵՐԵՔ ԿՈՂՄԵՐԸ

Պաշտոնը շատ լավ  բան է, ջան դույ-դույ-դույ: Հայտնի երգի այս խոսքերը  հին ընկերների՝ ՀՅԴ-ի մասին է, որի շատ անդամներ վերջին շրջանում «հեղափոխական» հոգեվիճակում են: Որքան հստակ ուրվագծվում է նոր կառավարության կազմը, այնքան  դաշնակցականները կարծես կորցնումեն պորտֆելներ ստանալու հույսը:
 
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ ասել է՝ պետք է անել այնպես, որ վարչապետը չփոխարինի կառավարությանը: Սա այն դեպքում, երբ խորհրդարանական կառավարման համակարգն ընդունելու ժամանակ ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էր: Ու հիմա դաշնակցական գործչի այսպիսի նկատառում-պահանջը ոչ ավել ոչ պակաս՝ ակնարկ է  իշխանությանը: Այսինքն՝ ով էլ լինի վարչապետ, թող չմտածի իրեն նույնացնել գործադիր իշխանության հետ. այլ կերպ ասած՝ կառավարության փոխարեն միանձնյա որոշել:
 
Արմեն Ռուստամյանը մոռանում է, որ ժողովրդի հիշողությունն այդքան էլ կարճ չէ: Այն էլ՝ վերջին 25 տարում այնքա՜ն քաղաքականացված մեր ժողովրդի, որին խաբելը շատ դժվար է: Նույն դաշնակցականները թմբկահարում էին կառավարման այս մոդելը, տեղ-տեղ իրենց ապահովագրելով ասում, թե սա 100 տոկոսով իրենց ուզածը չէ. թող ընդունվի, հետո կտեսնենք: Իսկ հետոն դաշնակցության համար կառավարությունում մի քանի պորտֆել ստանալն է՝ իրենց խոսքով գործ անելու համար:
 
Իսկ ինչ են անում նրանք, արդյո՞ք անփոխարինելի լինելու կամ գոնե բարի հիշվելու չափ լավ են աշխատում: Թերևս՝ բացի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից, ում օրոք գալուց կարծես թե փոփոխություններ, ոլորտը կեղեքողներից ազատվելու միտում է նկատվում, մյուս նախարարների ղեկավարած ոլորտներում փոփոխություն չկա: Պատահական չէ, որ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը պարբերաբար նկատողություններ ու դիտողություններ է անում դաշնակցական նախարարներին: Տեղեկություններ կային, թե վարչապետը չի ցանկանում հեղափոխականների հետ աշխատել և նրանց  ուզում է փոխարինել նոր «ընկերներով»:
 
Հիմա  Ռուստամյանի հայտարարությունից կարելի՞ է ենթադրել, որ դաշնակցականների հաշվարկով՝ գուցե վարչապետի պաշտոնում մնա Կարեն Կարապետյանը:
 
Մյուս վարկածն այն է, որ Կարեն Կարապետյանին փոխարինողը դեմ չի լինի կոալիցիա կազմել «Ծառուկյան» դաշինքի հետ, քանի որ Գագիկ Ծառուկյանի նախընտրական խոստում 15 մլրդ դոլարի ներդրումը օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին: Հետո՞ ինչ, որ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե դա կլիներ, եթե իր կուսակցությունը 50+1 տոկոս: Բա բանակցություններն ինչի՞ համար են: Մի քանի պորտֆել «Ծառուկյան»-ցիներին, և հարցը կարելի է լուծված համարել:
 
Եվ՝ երրորդ վարկածը: Գուցե ՀՀԿ-ին ՀՅԴ-ն այլևս պետք չէ, քանի որ կոալիցիոն գործընկերը լավ ձեռքբերումներն իրեն է վերագրում, վատը՝ ամբողջ պատասխանատվությամբ հանդերձ, թողնելով իշխող կուսակցությանը: Իսկ պատասխանատվության բեռը միայնակ կրելն ու քննադատության թիրախում մենակ մնալն ամենևեին էլ պատվաբեր ու հաճելի չէ: