Նավթն ու գազը չե՞ն կործանի Հայաստանը

ԱՄՆ-Ի ՑՈՒՑԱԿԸ՝ ՄԱՀԱԿ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԳԼԽԻՆ

 «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը կարծես թե փողաբեր նոր երակ է որոնում՝ նավթ ու գազ: Իսկ դրանք նա փնտրտելու է Հայաստանում: Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Կարապետյանի ընկերության՝ նավթագազային որոնողական ծրագրին:
 
Աշխարհաքաղաքական արժեք ունեցող այս հանածոների փնտրտուքըմ այն էլ՝ հատկապես հիմա, հավանաբար, պատահական չէ: Շաբաթներ առաջ ԱՄՆ-ի հրապարակած «Կրեմլի զեկույցում» ռուսաստանցի 96 օլիգարխների ցուցակում ներառված է նաև «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի անունը: Զեկույցում ընդգրկված պաշտոնյաների նկատմամբ, իհարկե, պատժամիջոցներ չեն սահմանվել, սակայն նրանք ԱՄՆ-ի ֆիննախի մշտական ուշադրության կենտրոնում են:
 
Սամվել կարապետյանը թեև չի հրապարակավ չի անդրադարձել ԱՄՆ-ի այս հայտարարությանը, սակայն սա մեսիջ է հայ գործարարներին, իրենց կապիտալը Ռուսաստանից դուրս հանելու մասին: Չմոռանանք, որ հիմա Ռուսաստանն այնքան էլ լավ վիճակում չէ՝ Սիրիայի հակամարտության պատճառով ու դա էլ բավական չէ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները Մոսկվայի հանդեպ: Այս պարագայում, երևի, Ժողովրդական ասացվածքը փոքր-ինչ կարելի է ձևափոխել՝ կարկուտն այս անգամ ճիշտ է ընտրել ծեծելու տեղը: 
 
Հայաստանում նավթի ու գազի որոնման փորձեր եղել են ԽՍՀՄ տարիներին, սակայն բոլոր ուսումնասիրությունները կամ ցանկալի արդյունք չեն տվել, կամ անցանկալի է եղել դրանք բարձրաձայնելը: Հայաստանի անկախացումից հետո էլ, էներգետիկ անկախության նպատակով, մեր գիտնականներն առաջարկեցին վերսկսել այդ որոնումները, բայց արդյունքներն այդպես էլ չհրապարակայնացվեցին: Արդյո՞ք սա պատահական է: Կարծում ենք՝ ոչ: Հայաստանը, չունենալով նավթ ու գազ, անգամ այս կարգավիճակով աշխարհի հզորների ուշադրության կենտրոնում է, երբեմն էլ՝ կռվախնձորի «կարգավիճակով»: Մի պահ պատկերացնենք՝ եթե սրան ավելանան նավթի ու գազի պաշարները: Ինչպես ասում են երկրաբանները՝ դա հօգուտ Հայաստանի չի լինի: Բնապահպանները ևս մտահոգված են այդ որոնումների հեռանկարով: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս օգտակար հանածոները հանել ամենախորքերից, բայց այդ դեպքում կլինեն ցնցումներ: Իսկ դա կլինի Հայաստանի վերջը՝ ինչպես մասնագետներն են ահազանգում: 
 
Որպես հիմնավորում՝ հիշենք ամիսներ առաջ Ադրբեջանում տեղի ունեցած ցնցումները, որոնք նավթի պաշարների անխնա օգտագործման հետևանք էին: Հետևաբար, ո՞րն է երաշխիքը, որ նույն իրավիճակը չի լինի այստեղ: Կամ, Հայաստանը կարողանա՞լու է ինքնուրույն խաղարկել նավթի ու գազի պաշարները՝ որպես քաղաքական ազդեցիկ գործոններ: 
 
Արդյունքում ունենալու ենք հոշոտվող ընդերք՝ վտանգալի բոլոր հետևանքներով: Վկա՝ երկրի հաշվին հարստանալու մոլուցքի հետևանքները և ամենատարբեր մասնագետների նախազգուշացումները: