Վերջապես կքանդվի՞ մարտիմեկյա գորդյան հանգույցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂՄԿԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ Է

«Ելք» դաշինքի պահանջով երեկ ԱԺ-ում տեղի ունեցան 2008-ի մարտի 1-ի ոճրագործության մասին լսումներ,որոնց ներկա էին նաև այդ օրվա զոհերի հարազատները: Գրեթե բոլոր ելույթ ունեցողները մեկ դժգոհություն էին հնչեցնում՝ ոճրագործությանը իրավական գնահատական չի տրվել: Ու տասը տարի առաջ կատարված ոճրի ցավը չի մեղմանում՝ երևի նաև այդ պատճառով:
 
Մարտիմեկյա զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, երեկ ուշագրավ հայտարարություն է արել.
 
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մարտի 1-ի գործի վերաբերյալ բացատրության մեջ ՀՀ կառավարությունն այդ օրը մայրաքաղաքի կենտրոնում կատարված սպանությունների մասին պարզապես նշել է, թե դրանք անհրաժեշտ են եղել՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու:
 
Այսինքն՝ առանց որևէ հիմնավորման այն ժամանակվա իշխանությունը տասը մարդու մահվան պատճա՞ռ է դարձել: 
 
Բավական ուշագրավ էր նաև  2008-ի մարտի 1-ին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանի հայտարարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին: Այն, որ իշխանության ներկայացուցիչները մարտի 1-ի առաջին մեղավոր համարում էին այն ժամանակ նախագահի թեկնածու, ժողովրդին առաջնորդող Տեր-Պետրոսյանին՝ նորություն չէ, բայց ահա Քոչարյանի մասին խոսելն արդեն մտորելու տեղիք է տալիս: Հեռակա դիմելով ՀՀ երկրորդ նախագահին, նա ասաց.
 
- Արտակարգ ռեժիմ հայտարարելը դուք հիմնավորեցիք, թե ավտոբուսի հետևից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետեւը: Բոլոր վիրավոր ոստիկաններից պարզվեց, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց, պարոն նախագահ, որտեղի՞ց այդ ինֆորմացիան ձեզ, որի հիման վրա դուք որոշումներ ընդունեցիք, որը կարող է և ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար:
 
Այս հայտարարությունը, կարծում ենք պատահական չէ: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երիտասարդ թոշակառու չէր ցանկանում լինել, որի մասին հրապարակային հայտարարել էր: Ավելին, դատելով մամուլի հրապարակումներով՝ նա փորձել է  այդ կարգավիճակը թոթափել՝ անցյալ տարի խորհրդարանական  ընտրություններին ծպտյալ մասնակցելով ՕՐՕ դաշինքով, 2015-ին՝ եռյակի անհաջող հեղափոխությամբ, անգամ Սամվել Բաբայանի միջոցով: 
 
Վերջերս մամուլը գրեց, որ նա այցելել է Արցախ, հանդիպել ղեկավարության հետ, քանի որ ըստ տեղեկությունների, այնտեղ դժգոհ են Հայաստանի իշխանությունից: Եթե հավատանք այս լուրերին ու դրանց հավելենք մարտի 1-ի դեպքերն ԱԺ-ում քննարկվելու փաստը, ապա ակնհայտվում է, որ իշխանությունը հակված է բացահայտել այդ հանցագործությունը՝ ետ տանելով տասնամյա լռության վարագույրը: 
 
Ակտիվ քաղաքական դաշտ վերադառնալու քոչարյանական նկրտումը հասկանալի է: Նախագահի, վարչապետի պաշտոններ են բացվում՝ այն էլ բավական լայն լիազորություններով: Սակայն նախկին նախագահը մոռանում է, որ ժամանակներ են փոխվել, և քաղաքական աղմկարարությամբ իշխանության ղեկին տիրանալը հնացած, այլևս անարդյունավետ մեթոդ է: 
 
Ժողովուրդը 25 տարի պարբերաբար փողոց դուրս եկավ, և ցույցեր ու հանրահավաքներ կազմակերպողներին հավատալով՝ արտահայտեց իր պահանջատիրությունը, սակայն վերջնարդյունքը հանրության համար կամ ողբերգական էր կամ զրոյական: Օգտվելով ժողովրդի պահանջատիրությունից՝ քաղաքական ուժերը կամ բացահայտ, կամ ստվերային բանակցությունների մեջ մտան իշխանության հետ, ստացան իրենց հասանելիքը, իսկ հանրությանը դատարկաձեռն տուն ուղարկեցին: 
 
Հանրության ուշադրությունից չի վրիպել նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցի բարձրաձայնած՝ այն օրերին պաշտոնավարող մի խումբ բարձրաստիճանավորների ցանկը: Դա լուրջ մեղադրանք է, այն էլ՝ հասցեական, ինչը պետք է որ անհետևանք չմնա: Այսինքն՝ կա՛մ պիտի հերքվի, կա՛մ գործընթաց սկսվի՝ նոր բացահայտումներ անելու և կատարվածին իրավական գնահատական տալու համար: Ինչպես Սամվել Նիկոյանն ասաց՝ 
 
- Դա բոլորիս խղճի վրայից պետք է դուրս գա, եթե որևէ մեկը սխալ է արել, թող պատժվի, թե չէ մենք ապրում ենք այդ ծանր բեռով: