Բա գա՞զը

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ՝ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱՆՔ

Հայաստանի վարչապետն ու Իրանի էներգետիկայի նախարարը երեկ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկել:
 
Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության, բնապահպանության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խորացմանն  ու այլ  հարցերի:
 
Սակայն որևէ խոսք չկա իրանական գազը՝ խոստացվող մատչելի գներով Հայաստան մատակարարելու մասին: Իհարկե, դժվար չէ ենթադրել, որ հավատարիմ գործընկեր Հայաստանը չի կամենում հարվածել Ռուսաստանի բիզնես շահերին՝ անգամ իր տնտեսության ու բնակչության համար շահավետ այլընտրանք ստեղծելով: Մինչդեռ ռուսական կողմը, չարաշահելով հայկական անդավաճան բնույթը՝ շարունակում է զորավիգ լինել մեր սահմանները գնդակոծման ու ամբողջ Հայաստանը սեփականելու ալիևյան նկրտումներին:
 
Սեփական փորձով ՝ արդեն քանի տարի մենք ճաշակում ենք մոնոպոլիա կոչվող արհավիրքի դառնությունները: Իսկ երբ այդ մոնոպոլիստը ոչ միայն օտար պետություն է, այլև քո թշնամու բարեկամը՝ հետևանքները պարզ են: Հայաստանի ամեն քաղաքացի գիտե, որ Ռուսաստանն իր գազը համեմատաբար էժան գնով մատուցում է իր իսկ կառույցին՝ Գազպրոմին, որի շռալ ծախսերի համար հայաստանաբանակը գրեթե եռակի ավել է վճարում: Մինչդեռ իրեն մեզ ռազմավարական գործընկեր հորջորջող ՌԴ-ն ամեն առիթով ընդգծում է, թե գազը հատուկ գնով է «շնորհում» ՀՀ-ին:
 
Վարչապետ Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ կան բոլոր նախադրյալները՝ երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում ամրապնդելու և  զարգացնելու համար (տեղեկացրել է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը): 
 
Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանը մասնավորապես  տեղեկացրել է, որ վերջնական տեսքի է բերվել մաքսային ոլորտում համագործակցության խորացմանը միտված փաստաթուղթը և ներկայացվել է ստորագրման: Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի հետ կապված աշխատանքները ևս հաջողությամբ են ընթանում և ակնկալվում է, որ այն շահագործման կհանձնվի 2019 թվականի վերջին: Ռեզա Արդաքանիանը կարևորել է «Արաս» և Մեղրի ազատ տնտեսական գոտիների համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ իրանցի ներդրողները շահագրգռված են այս հարցում: Ըստ Իրանի էներգետիկայի նախարարի՝ նիստի ընթացքում քննարկվել են նաև Մեղրի հէկի ծրագրի իրականացմանը, ավտոմոբիլային փոխադրումների, բնապահպանության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ էկոտուրիզմի զարգացմանը, բարեկամության այգի ստեղծելուն վերաբերող հարցեր:  
 
- Առևտրաշրջանառության ներկայիս ծավալները բավարար չեն: Մենք շահագրգռված են խոշոր ծրագրերի կյանքի կոչմամբ և պատրաստ ենք համապատասխան քայլերի իրականացմանը, այդ թվում՝ իրանական բիզնեսի համար կազմակերպելու բաց օր և պատասխանելու նրանց հետաքրքրող բոլոր հարցերին: Մեր հարաբերությունների մասշտաբը պետք է փոխենք, մեր թիմը նպատակասլաց աշխատում   է երկու բարեկամ երկրների միջև տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին հասցնելու հարցում,- շեշտել է Կարեն Կարապետյանը: