Պատկերացնո՜՞ւմ եք՝ «Հայաստանը վերջ է տալիս կարգավորման գործընթացին»

ՄԵՌԵԼԱԾԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԸ

Գրեթե միանշանակ հավանության է արժանացել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2009 թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման հայտարարությունը:
 
Դրան արձագանքել են նաև Թուրքիայում՝ իհարկե թուրքական ծամածռումներով, թե «Հայաստանը վերջ է տալիս կարգավորման գործընթացին»: Փաստորեն իրենց մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում փաստաթուղթը ննջեցնելը կարգավորման լո՜ւրջ գործընթաց է:
 
Մինչդեռ դրա նպատակն այլ էր: Ինչպես ՀՀ նախագահն է վերհիշեցրել՝
 
- Երբ ես նախաձեռնեցի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն առանց նախապայմանի կարգավորելու գործընթացը, առաջնորդվում էի տարածաշրջանում ապահով և համերաշխ ապագա կերտելու տեսլականով: 
 
Հայաստանն արեց հնարավորը մեր Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության հարաբերությունները կարգավորելու բեռը գալիք սերունդներին չթողնելու համար: Մեր ցանկությունն այդ էր, որպեսզի այդ բեռը մենք կրենք, ավարտենք գործընթացը և չթողնենք նրանց ուսերին: Սակայն արձանագրությունների ստորագրումից հետո անցած ինը տարիների ընթացքում Անկարան, վերադառնալով իր անհիմն նախապայմաններին, ոչ միայն որևէ քայլ չարեց արձանագրությունները վավերացնելու եւ ուժի մեջ մտնելու համար, այլեւ որևէ կասկած չթողեց, որ նա չի պատրաստվում այդ գործընթացը իրականացնել:
 
Ի դեպ, կարևոր է, որ Հայաստանն իր մոտեցումների մասին նամակով տեղեկացրել է նաև արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա բոլոր կողմերին, մասնավորապես՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Շվեյցարիայի նախագահներին, Եվրոպական միության խորհրդի նախագահին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին: Բնականաբար՝ նրանք ևս ճիշտ են համարում այս քայլը ու գուցե նաև գնահատում են հայկական կողմի շուրջ իննամյա համբերությունը:
Կատարվածն այսօր ողջունել է ՀՅԴ Գերագույն Մարմինը՝ նշելով՝
 
- Ի սկզբանե Հ.Յ.Դաշնակցությունը վճռականորեն հանդես է եկել այդ արձանագրությունների դեմ՝ նկատի ունենալով դրանցում առկա մի շարք անընդունելի դրույթները և շահարկման տեղիք տվող ձևակերպումները։ Ժամանակը ցույց տվեց, որ մեր մտահոգությունները տեղին էին: Թուրքիան Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ընդամենը մարտավարական խնդիր էր լուծում՝ միաժամանակ փորձելով նախապայմաններ առաջադրել։
 
… Այլևս ակնհայտ է թուրքական դիվանագիտության ողջ սնանկությունը և Թուրքիայի՝ անվստահելի գործընկեր լինելու իրողությունը։ Հարկ է արձանագրել, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները դեռևս պատրաստ չեն պատմության հետ առերեսվելու և առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու։
Ողջունելի է, որ նախընթաց տարիներին հայ քաղաքական հավաքական միտքը կարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը և համարժեք քայլեր ձեռնարկել Թուրքիայի մտադրությունների չեզոքացման ուղղությամբ։ Արձանագրությունների կնքման գործընթացի դադարեցումը նաև մեր համահայկական պայքարի, այդ պայքարին միացած քաղաքական և հասարակական կազմակերպությունների, մեր ողջ ժողովրդի ձեռքբերումն է։