Օրինաչափ սայթաքումներ

ՈՐ ԴԺԳՈՀԱՆՔՆԵՐԸ ՉՎՆԱՍԵՆ ԳԵՐՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի պետության և պետականության հեղինակությանն ու
հանրային վարկանիշի բարձրացմանը սպասարկող իշխանական-կառավարական միավորները, անկախության վերականգնման 27 տարիների ընթացքում եթե ոչ ռազմավարական միտումնավոր, ապա՝ մարտավարական որոշում-քայլերում ՕՐԻՆԱՉԱՓՈՐԵՆ թույլ են տվել սխալներ ու սայթաքումներ: 
 
Օրինաչափորեն, քանզի աշխարհի նույնիսկ ամենաառաջադեմ ու ոչ նորանկախ
կայացած պետական ներկայացուցչությունները՝կառավարություն-իշխանություններն իսկ զերծ չեն նման սայթաքումներից: Այլապես՝ ցանկացած երկրի քաղաքական հասարակական կյանքում անիմաստ կդառնար
ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ երևույթն ու հասկացությունը…:
 
Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքականարձանագրությունները
շուրջ 10 տարի անց՝ օրերս չեղարկվեցին ՀՀ նախագահի որոշում-վճռով:
 
10 տարվա հեռավորությունից մինչ այս, ողջունելուն զուգահեռ հարկավոր է արձանագրել, որ 2009-ի արձանագրություններին ընդդիմացողների կողմից (հաճախ էմոցիոնալ դրսևորումներով) բարձրաձայնված իշխանությունների մարտավարական-դիվանագիտական սայթաքումը այլևս սրբագրված-անցած էտապ է: Անցած, բայց ձեռքբերված արժեքավոր փորձառություն՝ նույն
դիվանագիտական ասպարեզում: Ահաև՝ այդ ու մյուս ասպարեզներում էլ քայլ առ քայլ (սայթաքումներով հանդերձ) պետականորեն կայանալու, փորձառվելու անվիճելի օրինաչափություն:
 
Տվյալ դեպքում, դասն ու փորձառությունը լոկ Հայաստանին ու նրա իշխանութհուններին վերագրելն արդար չէր լինի: Հարկավոր է, որպեսզի Սփյուռքը ևս, ու առհասարակ ներքին թե՛ արտաքին ընդդիմությունը փորձառվի մարտավարական սխալների հաղթահարումից հետո, ու կայանա նրանով, որ
ապագայի հաշվին, թեկուզ արդար, բայց դժգոհանքները զերծ մնան այնպիսի էմոցիոնալ դրսևորումներից, որոնք այսպես թե այնպես կվնասեն գերնպատակային միասնականությանը:
 
Միասնականություն, որ երաշխավորելու է դեռ գալիքում Հայաստանին ու հայությանը անխուսափելիորեն սպառնացող արտաքին մարտահրավերների դիմագրավումը...:
 
 
Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր