Միացյալ Նահանգներն առաջին հորիզոնականում է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԸՆԿԱԼԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ

Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում տեսանելի այս տեղաշարժերը կարևոր նախադրյալներ են, որոնք կարող են կտրուկ զարգացման միտումներ դրսևորել, երբ Բաքուն և տվյալ պետությունը (այս դեպքում՝ հարաբերակցաբար Վաշինգտոնը) հայտնվեն շահերի բախման կետերի դիրքերում: Իսկ հավանական այդ զարգացումների համար անհրաժեշտ են նախադրյալներ ձևավորող քաղաքական ենթահողեր: Այդ ենթահողի պատրաստության մեջ իբրև կարևոր ներդրում կարելի է դիտարկել Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն:
 
Արցախի Հանրապետության նախագահի խոսքն՝ ուղղված ԱՄՆ-ի խորհրդարանականներին (սենատորներ և կոնգրեսականներ), կարևորագույն ուղերձներ է փոխանցում հակամարտության էության լուսաբանման, Բաքվի կողմից որդեգրված և հետևողականորեն կիրառված արցախահայության ոչնչացման քաղաքականությանվերաբերյալ: Ինչպես նաև՝ արցախահայության դիմադրության, ինքնապաշտապանության և պետականություն կերտելու ազգային, քաղաքական, իրավական հիմնավորումների ու այս բոլորի նկատմամբ կայացած համահայկական միասնության մասին:
Այս բոլոր հիմնադրույթների ներկայացման ընթացքում օգտագործվել են միջավայրի կողմից դյուրին ըմբռնելի թեմաներ, խնդիրների արծարծման առանցքներ, համապատասխան եզրաբանություն, որոնք այս դեպքում ամերիկյան քաղաքական միջավայրում ճիշտ ընկալելիություն են գտել:
 
Հիշեցումը, որ ԱՄՆ-ի օրենսդիր թևը առաջիններից էր քվեարկել  և ընդունել Սումգայիթն ու ադրբեջանական ջարդարար քաղաքականության այլ դրսևորումները դատապարտող փաստաթղթեր՝ մի օրինակ է արցախյան և ամերիկյան դիրքորոշումների համատեղելիությունը շեշտելու առումով: Քաղաքական հռետորության արվեստի օրինակները շարունակվում են նախագահ Սահակյանի խոսքում, երբ ընդգծվում է արցախյան կողմի կառչած լինելը երկխոսության, բանակցային գործընթացին, հետևաբար նաև՝ պատերազմի մերժման և ուժի բացառման դիրքորոշումը: Ադրբեջանն իբրև հայությունը բնաջնջելու առաջադրանք ճշտած ահաբեկչական պետություն և իբրև այդպիսին տարածշրջանին ու մարդկությանը սպառնացող երևույթ ներկայացնելը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից հակաահաբեկչական միջազգային դաշինք ձևավորած լինելու իրողությամբ:
 
Բայց՝ ամենահիմնականը․ նախագահ Սահակյանն ընդգծում էր Վաշինգտոնի միակ պետություն լինելու հանգամանքը, որը ֆինանսական օժանդակություն է տրամադրում Արցախին: 
 
Նման մասնակի իրականության շեշտադրումն է նաև քաղաքային ու նահանգային մակարդակներում սկսած Արցախի Հանրապետության ճանաչման շղթայի գերակշռող մասը ԱՄՆ-ը տեսնելու նախագահի պաշտոնական հայտարարությունը: Որքան էլ առարկվի, որ ամերիկյան նահանգների և քաղաքների ճանաչումները միջազգային իրավաչափական հարաբերությունների վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ, այնուամենայնիվ պետք է ընդունել, որ դրանք հիմնովին նպաստում են նախ ընդհանուր ճանաչելիությանը, ապա՝ ամերիկացի նահանգային և քաղաքային պաշտոնատարների, վաղվա սենատորների ու կոնգրեսականների Ստեփանակերտ այցերին: Այս շղթան, իբրև որդեգրված ռազմավարության շոշափելի գործնականացումների շարք, անպայման Արցախի Հանրապետության ճանաչմանը նպաստող գործընթաց է: Նախագահի համոզմամբ էլ ԱՄՆ-ը այստեղ գերակշռող մասն է ապահովել՝ Միացյալ Նահանգներն առաջին հորիզոնականում է։
 
Այդ պատճառով էլ Բաքուն լուրջ անհանգստություն է ապրում, որը այս առիթով արտգործնախարարություն է կանչում տեղի ամերիկացի դեսպանին, բողոքի հուշագիր է ուղարկում Վաշինգտոն կամ միջազգային հետախուզման դիմում է ներկայացնում Հայ Դատի Եվրոպայի պատասխանատուի դեմ։
 
Արցախի Հանրապետության ներկայացուցիչների այցերը ԱՄՆ,Եվրոպա, Ավստրալիա կամ այլ երկրներ, ինչպես նաև ամերիկացի թե եվրոպացի կամ ավստրալացի օրենսդիրների, նահանգային-քաղաքային բարձրաստիճան պաշտոնատարների ժամանումները Ստեփանակերտ, իրականանում են քաղաքական ենթահողերի նախապատրաստությամբ: Այդ ենթահողերի ձևավորումներում հիմնարար դեր են ստանձնել Հայ Դատի գրասենյակները:
 
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
 
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր