Ղո՞ւշ, թե՞ գիր ՀՅԴ-ի համար

ՀԱԿԱԿՇԻՌ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆԸ

ԱԺ-ի ընտրությունների արդյունքների մասին անհրաժեշտ շեմը հաղթահարած և չհաղթահարած ուժերն արդեն հնչեցրել են իրենց գնահատականը: Օրինաչափ է, երբ պարտված քաղաքական ուժերը որոշ ժամանակ  «հարվածից» խելքի չեն գալիս ու լռում են: Բայց  մինչ օրս լռում է 6%  հավաքած  ՀՅԴ-ն: Ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն: 
 
Դաշնակցականների լռությունը, երևի, հետևյալ կերպ կարելի է «թարգմանել». անորոշության  օդում  կախված է  իշխանության հետ կոալիցիոն   համագործակցությունը: Այո, հավանաբար դաշնակցականները դեռ չգիտեն` կպահպանե՞ն  իրենց նախարարական պորտֆելները: Եթե ոչ, ապա թունդ ընդդիմադիրի դիրքերից հանդես գալու  ճիշտ պահը չպետք է կորցնել:  Դե,  կսկսեն խոսել այս օրերի համար մոդայիկ ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի, թաղային հեղինակությունների օգտագործման մասին:  Իսկ եթե  «բարիշեն», ապա գնահատականները կլինեն իշխանության քիմքին հաճելի: 
 
Բայց որքանո՞վ իշխանությունը կցանկանա կայուն մեծամասնություն ձևավորելուց հետո «ավելորդ» «կցորդ»  պահել: Չնայած ՀՀԿ առաջնորդը հայտարարեց, որ լայն կոնսոլիդացիայի կողմնակից է, բայց ամեն ինչ կարող է  ժամանակի ընթացքում փոխվել: 
Բացի այդ, եթե  անգամ  ԱԺ անցած բոլոր քաղաքական ուժերը միավորվեն, քանակապես հակակշիռ չեն կարող լինել ՀՀԿ-ին, բայց որակական առումով միավորվելով կարող են  իշխանությանը զգոն պահել: Պահպանելով  կապը ժողովրդի հետ, բարձրացնելով նրա ձայնը հաղթած մեծամասնության  առաջ, ընդդիմադիրները մեծամասնությանը կստիպեն  անտարբեր չմնալ, ականջալուր լինել ծողովրդի ձայնին: 
 
Արտախորհրդարանական ուժերը  ևս պետք է ակտիվ լինեն, ինչու չէ՝ համագործակցեն ԱԺ-ի ընդդիմադիր ուժերի հետ՝  հակակշիռ լինելով իշխանությանը: Դա կկոչվի առողջ ընդդիմություն, որի գործունեությամբ կշահեն պետությունն ու ժողովուրդը: