Ազատություն քաղբանտարկյալներին՝ ո՛չ իշխանության հրահանգով

«ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ․ ՀԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ՝ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած՝ «Թավշյա հեղափոխության ավարտ․ հին մարտահրավերներ՝ նոր հնարավորություններ» թեմայով քննարկման ընթացքում իրավապաշտպաններն անդրադարձ են կատարել այն խնդիրներին, որոնք արմատական լուծումներ են պահանջում Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո։
 
Այդպիսի խնդիրներից է Հայաստանում քաղբանտարկյալների հարցը, ու ըստ բանախոսների՝ նրանք իրավական պետությանը հարիր գործընթացով պետք է ազատ արձակվեն։
 
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նախ ներկայացրեց, թե իրենց կարծիքով Հայաստանում ովքեր են քաղբանտարկյալներ․ 
 
- Մեզ՝ իրավապաշտպաններիս համար քաղբանտարկյալներ են Շանթ Հարությունյանը և ընկերները, Հայկ Կյուրեղյանը, Արարատ Խանդոյանը, Կարո Եղնուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Սաֆարյանը և Սամվել Բաբայանը: «Սասնա ծռերի» գործով նույնպես պետք է իրադրություն փոխվի, ոմանք պետք է ազատ արձակվեն,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով․ 
 
- Անդրիաս Ղուկասյանն արդեն ազատ արձակվեց, նրանից բացի քաղբանտարկյալներ են Շանթ Հարությունյանն իր ընկերների հետ, որոնց պատիժն անհամաչափ է և լավագույն դեպքում վարչական կարող էր լինել, Հայկ Կյուրեղյանը, որի պատիժը չափազանցված էր, Արարատ Խանդոյանը, Գարեգին Չուքասզյանը, Կարո Եղնուկյանը, Սամվել Բաբայանը և Ժիրայր Սեֆիլյանը։
 
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով բոլոր քաղբանտարկյալները ազատության մեջ պետք է հայտնվեն ոչ թե իշխանության հրահանգով, այլ անկախ դատաիրավական համակարգի կողմից։ Վերջինս նաև նշեց, որ իրենց համար անընդունելի է, որ դատարաններին կամ իրավապահ մարմիններին այս կամ այն կերպ վարվելու քաղաքական հրահանգներ իջեցվի։
 
- Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը կանչի գլխավոր դատախազին ու ասի, որ փոխելու ես այս, այս  մարդկանց խափանման միջոցները՝ մենք ենք առաջին քննադատողները լինելու, քանի որ դա ոչ իրավական մեթոդ է։
 
Միաժամանակ իրավապաշտպանը ներկայացրեց սեփական պատկերացումները, թե ինչ տարբերակով կարելի է խնդիրը լուծել․
 
- Այն բոլոր գործերով, որտեղ դեռևս գնում է նախաքննություն կամ դատաքննություն, պետք է կիրառվի խափանման միջոցը փոխելու մեխանիզմը։ Շանթ Հարությունյանի ու ընկերների համար պետք է վաղաժամկետ ազատման ինստիտուտը կիրառել, կամ դատախազը պետք է նոր ի հայտ եկած հանգամանքներով գործը փոխի։
 
Իրավապաշտպանները նաև կարծում են, որ մինչ հեղափոխությունը տեղի ունեցած բոլոր ապօրինությունների համար մեղավորները պատասխանատվության պետք է ենթարկվեն։  Ինչպես նաև պետք է քաղաքական ու իրավական գնահատականներ տրվի նախորդ տասնամյակներին, այլապես առողջ պետություն կառուցելը դժվար է լինելու։
 
Դերենիկ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող