Անձնային որակներ + բարոյականություն

ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
 
Այս հարցերի շուրջ Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման բանախոսներն էին  մշակութային մարդաբաններ Աղասի Թադևոսյանը,  Մխիթար Գաբրիելյանը և Գայանե Շագոյանը:
 
Բանախոսները քննարկվող հարցերի մասին տարբեր տեսակետներ ունեին, սակայն մի հարցում համակարծիք էին բոլորը. հեղափոխությունը կոտրեց այն կարծրատիպը, թե ժողովրդից ոչինչ կախված չէ.
 
- Իշխանությունը պատկանում է ժողովորդին, յուրաքանչյուր քաղաքացու դերը իշխանություն ձևավորելու հարցում անփոխարինելի է:
 
Ըստ Մխիթար Գաբրիելյանի՝ թավշյա հեղափոխության առանցքային հաջողություններից մեկը երիտասարդության մասնակցությունն էր շարժմանը, ինչպես նաև՝ կառավարության նոր երիտասարդ կազմը: 
 
- Անկախ Հայաստանում ծնված, խորհրդային արժեհամակարգի կնիքը չկրող երիտասարդները մեծ առավելություն ու հնարավորություն ունեն ղեկավարած ոլորտներում հաջողություն ունենալ,- նկատեց Գաբրիելյանը: 
 
Իհարկե, չի կարելի շրջանցել փորձի պակասը, ոլորտային նրբություններին անտեղյակ լինելու հանգամանքը: Հենց այս պարագայում է, որ ծագում է փորձառու խորհրդականներ, գոնե տեղակալների մակարդակով գործիմաց մասնագետներից չհրաժարվելու անհրաժեշտությունը: 
 
Ավտորիտար, ճարպակալած, ծանրամիտ, շքեղությունների սիրահար պաշտոնյային փոխարինած երիտասարդ ղեկավարը, ով պատրաստ է կոտրել կարծրատիպերը՝ աշխատանքի գնալ քաղաքային տրանսպորտով կամ ոտքով, քաղաքացիների հետ շփվել պարզեցված կարգով, հեղափոխության կարևոր բաղադրիչներից է՝ ըստ Աղասի Թադևոսյանի: 
 
Հավելենք այս գործելաոճի կարևոր մի առավելություն ևս. հանրային փոխադրամիջոցներից օգտվելով, հանրության համար «մատչելի» պաշտոնյան շատ ավելի լավ է պատկերացնում իրավիճակը և ավելի պարտավորված է զգում՝ գործել ի շահ իր կոչման: Ավելին, նա ամեն պահի գիտակցում է, որ պաշտոնը ժողովրդին ծառայելու պարտականություն է, այլ ոչ թե նրանից զատվելու անջրպետ:
 
Աղասի Թադևոսյանի համոզմամբ՝
 
- ՀՀԿ-ն ավտորիտար կուսակցություն էր, որը ԱԺ-ում ձայների մեծամասնություն ունի: Սակայն  այս կուսակցությունը դեռևս չի պատկերացնում, որ ինքն արդեն չկա: 
 
Նկատառմանը, թե նոր կառավարությունում ևս, այդուհանդերձ, կա ավտորիտար համակարգ ունեցող կուսակցություն՝ ԲՀԿ-ն, կա ՀՅԴ-ն, որը սկզբունքային կուսակցության համբավ չունի, Ա. Թադևոսյանը արձագանքեց, թե այդ կուսակցությունները, մասնավորապես՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, քաղաքական դաշտում մնալու համար պետք է վերափոխվեն: Հակառակ դեպքում՝ նրանք պիտի տեղ չունենան քաղաքական կյանքում:
 
Միանգամայն տեղին էր Գայանե Շագոյանի այն վերապահումը, թե  նոր կառավարության կազմում երիտասարդ, մաքուր կենսագրությամբ մարդիկ են, և դա բավարար պայման է նրանցից սկզբունքային աշխատանք ակնկալելու համար: 
 
Չանվանարկված լինելը, ինչ խոսք, կարևոր նախապայման է, բայց ոչ՝ անվերապահության ցուցիչ: Բանախոսի խոսքի շարունակությունը հենց դրա ապացույցն էր՝ 1988-ի շարժման արդյունքում նույնպես իշխանության եկան ժողովրդի կողմից սիրված, մաքուր, սկզբունքային, շքեղությունները չկարևորող մարդիկ, սակայն կարճ ժամանակ անց՝ նրանք դարձան ավտորիտար համակարգի մաս: