Բողոք, բողոք. մինչև ե՞րբ

ՄԵՐՕՐՅԱ ԹՆՋՈՒԿՆԵՐ

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը երեկ դադարեցրել են 10-օրյա հացադուլը: Իհարհե, բողոքի այս ձևը դադարեցնելով՝ նրանք չեն հրաժարվում իրենց պահանջներից: Իսկ այս հացադուլով նրանք աջակցում էին «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանին, ով դեռ շարունակում է քաղցով ընդվզել՝ հանուն քաղբանտարկյալների ազատ արձակման:
 
Շատերի համար շարունակում է անհասկանալի մնալ Գ. Չուգասզյանի համառությունը՝ հացադուլասիրության տեսքով: Նա պիտի որ չկասկածի, որ թավշյա հեղափոխությա,բ իշխանության եկածներն անտարբեր չեն կարող մնալ քաղբանտարկյալ համարվողների հանդեպ: Ավելին, ի սկզբանե այնքան մեծ էր նրա հավատը Նիկոլ Փաշինյանի հանդեպ, որ շուրջ 3 տարի հաջողությամբ թաքնվելով իրեն հետախուզում հայտարարածների տեսադաշտից, Փաշինյանի՝ հաջողած լինելն ակնհայտվելուց անմիջապես հետո ինքնակամ միացավ ցուցարարներին ու առանց զգուշանալու՝ ապրիլի 24-ին նրանց հետ Ծիծեռնակաբերդ գնաց: Հենց այնտեղ էլ ձերբակալվեց, որովհետև նրա հանդեպ հայտարարված հետախուզումը դեռ չէր դադարեցվել: 
 
Գարեգին Չուգասզյանի այս քայլը պակաս տարակուսելի չէ, քան հիմա հացադուլը շարունակելու համառությունը: ՀՀ կառավարության Տեղեկատվության և հրատարակությունների վարչության պետի պաշտոնը զբաղեցրած, այնուհետև երկար տարիներ ՏՏ ոլորտի մասնագետ ճանաչված ու տարբեր ծրագրեր իրականացրած անձը չէր կարող չիմանալ օրենքի տարրական կարգը՝ հետախուզման մեջ գտնվողը ենթակա է ձերբակալման՝ եթե նույնիսկ հեղափոխական իրավիճակ է երկրում: Այդուհանդերձ՝ նա «ներկայացավ» ու հազիվ թե զգացմունքային անհամբերությունից մղված: Հացադուլ սկսելուց օրեր անց՝ ազատ արձակվեց, բայց շարունակում է հացադուլը: Ի դեպ, ուրախացնող էր, որ 25 օրյա քաղցը չէր տկարացրել նրան, և բավական եռանուն, աննվաղ զրուցում էր իրեն այցելած լրագրողի հետ: 
 
Սա՝ իմիջիայլոց, թեև խորհելու առիթ է տալիս:
 
Ինչ վերաբերում է «Սասնա Ծռերին» քաղբանտարկյալներ ճանաչելու և ազատ արձակելու պահանջով շարունակական դարձած բողոքներին՝ անկարելի է չհամաձայնել այն տեսակետի հետ, որ նրանց պարագայում քրեական տարրեր կան, ի վերջո՝ մարդիկ են զոհվել: Ասել է թե՝ այս գործը քաղաքական լուծումից առաջ իրավական մանրազնին քննություն է պահանջում: Ինչպես երեկ նաև «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը փաստեց՝  
 
- Ուժի կիրառումը, որը որ տեղի է ունեցել «Սասնա Ծռերի» մոտ, թույլ չի տալիս իրենց համարել խղճի բանտարկյալ։ Բայց սա բոլորովին չի վերացնում մի ուրիշ խնդիր. արդյո՞ք արդար դատավարություն է իրականացվում «Սասնա ծռերի» նկատմամբ։ Ես գիտեմ, որ բազմապիսի և բազմաթիվ ձևերով ոտնահարվում են արդար դատավարության սկզբունքները:
 
Այո, ոտնահարվել են դատավարության որոշ սկզբունքներ. թեկուզ՝ դատավարության արհեստական ձգձգումները, փաստաբանների հանդեպ կիրառված խուզարկությունները: Բայց այսօր իրավիճակ է փոխվել, և այսօրինակ բողոքներն ավելի շատ խոսում են նոր իշխանությունների հանդեպ անվստահության կամ ազատ արտահայտվելու իրավունքը չարաշահելու մասին: