«Հիրավի՝ անքննելի են հայկական ընդդիմության ուղիները»

ՀՀ հետընտրական ընդդիմությունը՝ խոշորացույցի տակ

Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր դաշտում կատարվող որոշ գործընթացներ խոշորացույցի տակ է առել ռուսալեզու «Ռեգնումը»: 
«Անքննելի են հայկական ընդդիմության ուղիները» հրապարակման մեջ ակնհայտ հեգնանքով նշվում է, թե իշխանությունների դեմ պայքարելու փոխարեն հայ ընդդիմադիրները արևի տակ տեղ ունենալու համար իրար դեմ են պայքարում: Հրապարակումը նախ անդրադարձել է ապրիլի 2-ի ընտրություններին և նրա առաջ բերած հարցերին. 
 
- Այդ հարցերից մեկը հետևյալն է՝ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությանն ինչպե՞ս հաջողվեց հավաքել ռեկորդային թվով քվեներ՝ չնայած նրան, որ նրա կառավարման տարիներին բնակիչների երեքից մեկը աղքատ է դարձել, երկրից հեռացել է 350 հազ. մարդ, իսկ արտաքին պարտքն ուղղակի վերելք է ապրում: 
Այնուհետև ներկայացնում է ընտրությունների կեղծված լինելը հերքող բոլոր արձանագրված փաստերը. 
- Բնականաբար՝ բոլորը հակված են ենթադրել, որ ընտրությունները կեղծված էին, սակայն ոչ մի փաստ դա չի ապացուցում: Բոլորը գիտեն, որ ընտրողներին զանգվածաբար կաշառել են, բայց գրեթե ոչ մի վկայություն չկա: Գրանցվել է բաց քվեարկության ընդամենը 200 դեպք և մոտավորապես նույնքան էլ՝ երբ ընտրողի վրա ճնշում է գործադրվել: Քվեաթերթիկների լցոնման, արդյունքների ամփոփման փաստաթղթերի փոփոխման ոչ մի դեպք բազմաթիվ դիտորդներն ու վստահված անձինք չեն նկատել: Մինչդեռ դրանք անցած ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարների սիրած եղնակներն են եղել: Չեն օգնել նույնիսկ ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկները, էլեկտրոնային հատուկ սարքավորումները և ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը: 
 
Դե, քանի որ ընտրակեղծիքների ակնհայտ փաստեր չկան, և ընդդիմությունը արդյունքները բողոքարկելով զբաղվելու պատճառներ չունի, ուրեմն նրան այլ բան չի մնում, քան զբաղվել սիրած գործով՝ ընդդիմախոսներին մեղադրել իշխանությունների հետ համագործակցելու համար: Այստեղ արդեն մեջտեղ են եկել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մեղադրանքները՝ ուղղված ԵԼՔ դաշիքնին: Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրել է, թե նրա թիկունքին կանգնած է Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, և ստացվում է, որ ՀՀ ԱԺ-ում ընդամենը երեք դեմք կա՝ Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանն ու Միքայել Մինասյանը: Ապա հրապարակել են Միքայել Մինասյանի բաց նամակը՝ նշելով, որ մինչև Վատիկանում դեսպան նշանակվելը նա համարվել է Հայաստանի քաղաքական դաշտի գորշ կարդինալը, սակայն ինչ-որ նրա մասին ասվել է, եղել է ասեկոսեի մակարդակում:   
 
Նիկոլ Փաշինյանի պատասխանը ևս չի անտեսվել, որտեղ նա Արմեն Մարտիրոսյանին համեմատել է զոքանչի կողմից վռնդված փեսայի հետ, քանի որ ակնկալած քվեները չի ստացել:
 
Հայաստանի մերօրյա ընդդիմության վարքագիծը վեր հանող այս հրապարակման եզրափակիչ մասը շատ գունեղ ու բնորոշ է և իհարկե՝ մտածելու տեղիք է տալիս. 
 
- Հատկանշական է, որ Փաշինյանն ինքը դեռևս անցած տարվա աշնանը իր ղեկավարած ԵԼՔ դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին մեղադրել է, թե նա չի կարող ընդդիմադիր լինել, քանի որ խորհրդարանում մշտապես քվեարկում է իշխանությունների օգտին: Հիմա արդեն Փաշինյանն ու Մարուքյանը հարկադրված են իրար հետ պաշտպանվել մյուս ընդդիմադիրների հարձակումներից: Արմեն Մարտիրոսյանն էլ 2013թ. նախագահական ընտրություններից հետո իշխանություններին մեղադրում էր բոլոր մահացու մեղքերի համար, այդ թվում, այն էլ բավականաչափ արդարացի, նրա համար, որ ընտրությունների ժամանակ զինծառայողներին ստիպել են քվեարկել հօգուտ Սերժ Սարգսյանի:  Դրա մեղավորը համարվել էր այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այսօր արդեն Մարտիրոսյանն ու Օհանյանը կողք կողքի (նկատի ունի ՕՐՕ դաշինքը) պայքարում են ուրիշ ընդդիմադիրների դեմ: 
 
Ի դեպ, ծայրահեղ բարդ է ասել, թե  հիմա Հայաստանում ո՞վ է ընդդիմության մեջ և որքա՞ն ժամանակ այնտեղ կմնա: 
 
Հիրավի՝ անքննելի են հայկական ընդդիմության ուղիները,-եզրափակել է հոդվածագիրը: