Արցախի պետությունն ու հասարակությունը համակողմանիորեն կլուծեն բոլոր խնդիրները

ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ԿՈՉԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ԵՆ, ԱՅԼԵՎ՝ ՈՉ ՕԳՏԱԿԱՐ

Ստեփանակերտում անվտանգության ծառայողների և քաղաքացիների միջև ծագած կենցաղային վեճը, որը ավարտել է ծեծկռտուքով, գրավեց ինչպես հայրենական, այնպես նաև սփյուռքյան հասարակության ուշադրությունը:
 
Միջադեպն այնքան ուշագրավ չէր, որքան դրան իբրև բողոքի հակազդեցություն կազմակերպված բողոքի ցույցը, որը իր հերթին առիթ տվեց հակացույցի: Հետևողների ենթագիտակցությունում ձևավորվեց այն համոզումը, որ նման միջադեպեր նախապես ևս տեղի էին ունենում, սակայն դրանք տեղի չէին տալիս բողոքի ժողովրդային դրսևորումների՝ մտածել տալով, որ շարժառիթը այս բոլորի ձևավորման մեջ վերջին իրադարձությունների մանրանկարային նմանակներ ստեղծելու ճիգն է:
 
Հասարակություն-իշխանություն կապը այս դեպքում գործեց արագ և կարելի է ասել՝ անմիջական ու որոշակի առումով նաև արդյունավետ: Բողոքառուների հանդիպումը պետքարտուղարի և ապա նրանց ներկայացնող պատվիարկության հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահի հետ նախանշեց, որ խնդիրները համակողմանիորեն քննարկելու և մեղավորներին օրենքի առջև կանգնեցնելու վճռականություն է ցուցաբերվում:
 
Կարելի է ասել, որ բոլորովին անտեղի չէին այն զգուշացումները, թե ներքին կայունության խնդրո առարկա դառնալը կսրի հակառակորդի ախորժակները և առ այդ՝ պետք է բացառել ցույցերի համաժողովրդայնացումը: Միաժամանակ, սակայն որևէ բողոքի օրինական դրսևորում բացառելը նույն նպատակով կարող էր մեկնաբանվել անարդար քայլերի դեմ հրապարակային բողոքելու իրավունքի արգելակմամբ:
 
Ցուցարաների կողմից անվտանգության ուժային կառույցների պատասխանատուների հրաժարականների պահանջները առավելապաշտ լինելու տպավորություն թողեցին: Ի վերջո, պետական բարձրագույն դիրքերից հնչեց բոլոր օրինախախտներին, ընդ որում պետական պաշտոնյաներին, համապատասխան տույժերի ենթարկելու անհրաժեշտությունը:
 
Անտեղին այս դեպքում՝ նման միջադեպերով ստեղծված իրավիճակը կայունացնելու նպատակով պաշտոնական Երևանը ներքաշելու ուղղակի կամ անուղղակի ակնկալություններն են:
 
Որքան նախանձախնդիր պետք է լինել, որ նման միջադեպերը բացառվեն, կանխարգելվեն և չահագնանան՝ սպառնալով երկրի կայունությանը: Նաև չպետք է տեղի տալ ոչ միայն մարդու իրավունքների, բռնության բացառման կամ օրենքի գերակայության առաջադրանքներով, այլև զուտ քաղաքական մոտեցման գերակշռումով միջամտության ակնկալություններին կամ ահազանգերին չափազանցումներին:
 
Արցախը աշխարհին ներկայացել է իբրև իրողապես անկախ երկիր ու պետություն, որը բոլոր նախադրյալներն ունի՝ ինքնուրույն իր հասարակությունը կառավարելու, որն ունի իշխանություն, իրավապահ մարմիններ, որոնք հարգելով իրենց քաղաքացիների իրավունքները՝ ի վիճակի են վերահսկել իրավիճակը և հարցերին տալ բարվոք, օրինական լուծումներ:
 
Հետևաբար, միջամտելու կոչ անելը և նախկին օրինակների հիշեցումով միջամտության անհրաժեշտությունն ընդգծելը, քաղաքական իմաստով ոչ միայն ժամանակավրեպ է, այլ նաև ոչ օգտակար՝ դեպի իրավական ճանաչման ճանապարհ անցած իրողապես անկախ ԱՀ-ին:
 
Մինչ այժմ դրսևորված մոտեցումները, իշխանությունների բաց, անմիջական հաղորդակցելը ցուցարարների պատվիարկության հետ, բանակցությունները և համակողմանիորեն օրինական ճանապարհով հարցերը լուծելու սկզբունքային մոտեցումները համոզում են, որ, իրոք, Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է և ունի ներարցախյան խնդիրները լուծելու կամքն ու միջոցները:
 
Արցախը, թե՛ իբրև պետություն և թե՛ իբրև հասարակություն, բոլորից ավելի գիտակից է՝ մի կողմից կայունությունն ու անվտանգությունը գերադասելու, մյուս կողմից՝ քաղաքացիների դեմ բռնություն կիրառածներին կամ ընդհանրապես բոլոր օրինախախտներին պատասխանատվության կանչելու:
 
Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ անգամ Երևանի միջամտությունն այս դեպքում, ՀՀ-ից նեղ կախյալության համազոր արարք է, ինչը չի նպաստում ԱՀ-ի իրավական ճանաչմանը միտված աշխատանքներին: Այս դեպքում ևս Ստեփանակերտը փաստում է, որ խոսքը ժողովրդավար հիմունքներով կառավարվող երկրի մասին է:
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր