Գետնաքարշ ոտնապաչից՝ կրնկահարում

Եթե փոքր-ինչ հումորով՝ պիտի արձանագրենք՝ Հանրապետականում նոր խաղ է սկսվել՝ լքոցի կամ կրնկահարում: Այդ խաղի կանոնները գրվել է առնվազն 10-15 տարվա ընթացքում, երբ որպես պետական թալանին և ընչազրկության հասցված ժողովրդին հարստահարելուն շահավետ աչքփակոցի՝ խաղացողներին պարտադրվում էր գետնաքարշ ոտնապաչը: Այսինքն՝ թալանեք ժողովրդին և խոնարհվեք մեզ, բայց խոնարհվեք այնպես, որ ձեր թալանածը գոնե կիսով չափ մեր ոտքերի տակ փռեք:
 
Եվ այդ խաղն այնքան կլանեց մասնակիցներին, որ մոռացան՝ ախր իրենց խաղասրահից դուրս էլ աշխարհ կա, որտեղ ահագնանում է վիրավորանքն ու ցասումը: Հենց համբերահատ նույն  «դուրսն» էլ որոշեց հեռացնել ամենազորության ու անպարտելիության ախտանիշով համակվածներին, որոնք չարորակ ուռուցքի նման հյուծում էին իր մարմինը: Որոշեց, երբ հասկացավ, որ իր ձայնը լսելի դարձնող կա…
 
Շարունակությունը բոլորին է հայտնի: Իսկ հիմա աստիճանաբար քիչ առաջ իշխող եղած կուսակցությունից արտագաղթն է ահագնանում, ինչը ոչ մեկին չի զարմացնում: Դե, բարոյականության բացակայության գրեթե բոլոր դրսևորումները մենք հասցրել ենք շոշափել, բայց բոլոր դեպքերում արտառոց է այսօրինակ աճապարանքը՝ քեզ ծնած ու սնած կուսակցությունից պահ առաջ ճողոպրելու: Սրա թիվ 1 պատճառը հենց նույն կուսակցության «ճաշակն» է, որով ընտրվել են իր ընտրյալները: Արժանապատվության մայրուղի երբեք չտեսած «նկուղաբնակի» սահմանափակ միտքն ու ուրիշի գրպանները տնտղելու սովոր ձեռքը մի ուղղությամբ են աշխատում՝ գռփել, խաբել ու նվաստացնել: Որովհետև հենց իրե՛նց հետ այդպես են վարվել թողտվության տերերը: Կյանքով ապացուցված իրողություն է՝ քծնելու ունակ, ստորաքարշությամբ առաջ գնացած տերերը նույն քծնանքն ու ստորաքարշությունն են պարտադրում: 
 
Արդյո՞ք ՀՀԿ-ն քաղաքական լուսանցքում է մնալու, թե՞ կայանլիք ընտրություններում նաև այդ լուսանցքից դուս մղվելու: Գուշակություն չանենք, բայց այս տեմպերով իր «երդվյալներին» կորցնելով՝ առաջին տարբերակը, թերևս երանելի է լինելու «Մեր դեմ խաղ չկա»-ի ասպետներին: 
 
Ընդամենը մեկ ամսում անհեռանկար դարձավ Հանրապետականի այն սպասումը, որ խորհրդարանական մեծամասնություն լինելով՝ կարող են նաև թելադրել, և սպասել իշխանության եկած նոր ուժի սխալներին՝ վերջիններիս տապալելու համար: Մեծամասնության պարագան չօգնեց՝ ի հայտ չբերելու այն ահավոր թալանը, որով կեղեքվել է Հայաստանը: ՈՒ դեռ ինչե՜ր են բացահայտվելու… Ասել է թե՝ նույնիսկ նոր իշխանության սխալները չեն օգնելու Հանրապետականի վերադարձին: ՈՒ ընտրությունները նույնիսկ մինչև չորս տարի հետաձգելու դեպքում ժողովուրդը քվե չի տալու իր հեռացմամբ հանուրին երջանկացրած քաղուժին: Ժողովուրդը քվե չի տալու, իսկ այդ ուժն արդեն «տոկոսներ խփելու» հնարավորությունը չունի: Բացի այդ, ՀՀԿ-ն արդեն իսկ կորցրել է գերակշիռ մեծամասնություն հորջորջվելու դափնին, որով քամահրանքի էր արժանացնում իր տիրույթից դուրս գտնվող ամենայն ուժի:
 
Սխալ դուրս եկավ նաև այն վարկածը, թե խորհրդարական խմբակցության պատգամավորները կուսակցության հորդորով են հեռանում՝ կոտրելու այն արտառոցությունը, որ գործադիրն այլ ուժի կողմից է ղեկավարվում, օրենսդիրն՝ այլ: Այդ վարկածը սխալ են դարձնում Հանրապետականը լքող հանրապետականները: Եվ ճիշտ չէ նաև նրանց նավը լքող առնետներ անվանել, որովհետև նրանք այդ նավի տիրոջ վստահելիներն են, ասել է թե՝ հրավիրյալ ընտրանին: Հիմա միայն ավելորդ անգամ հառաչել կարող է ժողովուրդը, թե իր անունով ովքեր են իր գլխին նստել: Եթե սկզբունքներին ապավինենք, ապա աս մարդիկ ընդամենը բացահայտորեն ցուցանում են, թե ինչպես կարելի է լքել ուժազուրկ ծնողին, թշվառացած հայրենիքը, շահույթդ չավելացնող զավակիդ:
 
ՀՀԿ-ի այսօրվա վիճակը, սակայն, ուսանելի պիտի լինի բոլոր քաղուժերի համար՝ անվերջ հիշեցնելով հայտնի խոսքը՝ վեր բարձրանալիս մի արհամարհեք մարդկանց. Սրընթաց վայրէջքի ժամանակ նորից նրանց եք հանդիպելու…