Եթե վստահության իշխանություն է, ուրեմն կարելի՞ է

«ԱՐԴՅՈ՞Ք ՍԱ ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ՆՎԵՐ ՉԷ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԾ ՋԱՀԵԼՈՒԹՅԱՆԸ». ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանի հրաժարումը, որպես արտառոց երևույթ՝ ապշահար արեց հանրությանը: Տասնամյակների մեր իրականության մեջ սա միակ հրաժարականն է, որի դեպքում ոչ մեկը չի մտածում, թե ստիպմունքի արդյունք է:
 
Սկզբունքի հաղթանակ
 
Նախարարի քայլը սկզբունքների հաղթանակ է, ինչն է՛լ ավելի բարձրացրեց այս գործչի վարկանիշը՝ փաստելով, որ քաղաքականության լաբիրինթոսում նա ոչ թե նյութական շահ էր որոնում, այլ փորձում էր օգտակար լինել պաշտոնյաների կամայակություններին գերի դարձած հայրենակիցներին: Որպես օգտակարության վկայություն՝ հիշատակենք նրա կարճատև պաշտոնավարման ընթացքի մեկ ցուցանիշ՝ մայիս ամսվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ ծառայությունը ստացել է 6553 զանգ: Զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի շուրջ 90%-ը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:
 
Ասել է թե՝ ոլորտում նա անելիք ուներ, սակայն անկարող էր հրաժարվել այն սկզբունքից, որով ճանաչելի էր դարձել հանրությանը: Բացատրելի դարձնելու համար հրաժարականի իր որոշումը, ֆեյսբուքյան էջում նա գրել էր՝
 
- Սիրելի հայրենակիցներ, ես դեմ եմ եղել պարտադիր կուտակային համակարգին, իմ համախոհների հետ միասին այդ համակարգի դեմ կազմակերպել եմ ցույցեր, և հիմա էլ գտնում եմ, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության և ընտրության հնարավորության սկզբունքը, հաշվի առնելով համակարգի ռիսկայնությունը և երկարաժամկետությունը։
 
Եվ՝ ամենակարևորը.
 
- Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը, և դրա պատճառները բազմաթիվ են ու բազմաշերտ։ Այն ունի թե՛ սոցիալական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ համակարգային խնդիրներ, և առանց հանրության հետ քննարկելու, խնդիրները բացահայտելու և միասնական և ընդունելի լուծումներ գտնելու, ես ճանապարհ չեմ տեսնում պարտադիր բաղադրիչի՝ ամբողջ ծավալով ներդրման համար։
 
Չի բացառվում, որ նա միանա «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստների հայտարարած  բողոքի ակցիաներին՝ ընդդեմ  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ընդունման:
 
Որպես ձայն բազմացի հիմնավորում
 
Նաև այսպես կարելի որակել ՀՀ երբեմնի վարչապետ Հրանտ Բագրատյանի
արձագանքը՝ կուտակայինի պարտադրանքին.
 
- Ի՞նչ է իրականում որոշել կառավարությունը։ Նա որոշել է հետայսու ՀՀ բյուջեի մի 5-6%-ը (տարեկան առնվազն մի 60 մլրդ դրամ) 45 տարով (միջին հաշվով մի քիչ պակաս) դուրս հանել երկրից հետագայում այսօրվա երիտասարդների բարօրությունը ապահովելու համար։ Կարո՞ղ է նման որոշումը բնական համարվել։ Այո, շատերն են դա անում։ Ո՞րն խնդիրը։ Այստեղ ահա սկսվում են հարցերը։ 
 
1. Զարգացման մեր մակարդակում, երբ մասնավոր սպառումը հաճախ գերազանցում է ՀՆԱ-ն, նման հանդուգն կուտակում կատարելը տրամաբանական չէ։ Մենք թաղված ենք միջնաժամկետ և միջին երկարաժամկետ (համենայն դեպս 45 տարուց պակաս) պարտքերի մեջ։ Բայց արի ու տես երկարաժամկետ պարտք ենք տալիս։ 
 
2. ՀՀ այսօրվա բյուջեն հիմնականում պետական ոլորտում զբաղվածների աշխատավարձն է ու կենսաթոշակները։ երբ մենք բյուջեից 5-6%- հանում ենք, ապա հարաբերականորեն իջեցնում ենք այս մարդկանց աշխատավարձը կամ թոշակը։ Ստացվում է այսօրվա թոշակառուներից փողը կտրում ենք վաղվա թոշակառուների համա՞ր (որոնք այսօր աշխատում են)։ 
 
Սա անթույլատրելի է։ Սովորաբար աշխատողներն են պահում չաշխատողներին։ Արդյոք սա պոպուլիստական նվեր չէ՞ հեղափոխություն արած ջահելությանը։ Բա տարիքավորնե՞րը (30-ից բարձրերը), բա ծերե՞րը։ Էլ ու՞ր մնաց սերունդների համերաշխությունը։ Մենք նրանց իրար դե՞մ ենք հանում։ 
 
3. Փողը դուրս է տարվում 45 տարով։ Բայց ներդրվում է միջնաժամկետ արժեթղթերում (մինչև 10 տարի) կամ էլ միջին երկարաժամկետներում (մինչև 20 տարի)։ Այդ դեպքում ի՞նչու ենք 45 տարով տալիս։ Ի՞նդու չենք կապիտալիզացնում յուրաքանչյուր 10 կամ 20 տարին մեկ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին որ աշխարհում 30 տարուց բարձր ռեգուլյար արժեթղթեր չկան։ 
 
Նայեք ԱՄՆ-ին. 10 տարին մեկ կապիտալիզացնում է։ Նույնիսկ Չիլին, որից իբր թե համակարգը փոխառել ենք։ 20 տարուց մի փոքր ավել (ի դեպ, Չիլին վերջերս մտցրել է աշխանքային կենսաթոշակ, մերձբալթյան հանրապատություններն իրենց վերջին տարիների ցածր տնտեսական աճը բացատրում են կուտակայինով)։ 45 տարի տնտեսական հորիզոն չկա, քանզի շղթայական ինդեքսները այդքան երկար ժամկետի համար գնաճի կամ արժույթի փոխարժեքի մեծ տատանումներ են տալիս։ 45 տարի հետո մենք չենք կարող իրար հանդիպել և ասել, ով էր ճիշտ և ով էր սխալ։ Մենք պարզապես չենք լինի։
 
Այս ամենը չի քննարկվել։ Կավարության նիստում ասած քո բառերը (անցել ենք անդառնալիության կետը) տեղին չեն։ Այս հարցում անդառնալիության կետ չկա։ Կամ էլ թե իբր հիմա վստահության իշխանություն է, ուրեմն կարելի է։ 
Այն, որ վստահության իշխանություն է, համաձայն եմ (առայժմ)։ Բայց այս հարցում վստահությունը կամ անվստահությունը ի՞նչ կապ ունեն։ եթե այս համակարգը քո տարբերակով ընդունվի, ապա առաջիկայում կարող ենք Ղարաբաղ էլ կորցնել, հայրենիք էլ։ Ի՞նչու։ Որովհետև հաշվի, որ մի հատ մարզ տնտեսական շրջանառությունից հանում ես։ Խնդրեմ, նստենք հեռուստացույցի առաջ բանավիճենք։ Կամ էլ, նկատի ունենալով որ ի վերջո փողը մի սերնդից փոխանցում ես մյուսին, ի՞նչու չդնել հանրաքվեի։ Քո իշխանության գալը ժողովրդավարության հիանալի օրինակ էր։ Դե դա գործով ապացուցիր. դիր հանրաքվեի։
 
Չէի գրի։ Կգայի կպատմեի։ Բայց զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում։ Ի դեպ սա առաջին դեպքն է։ Նախկինները, որոնց հստակ ընդդիմադիր էի, նույնիսկ նախագահը, եթե տեղում էլ չէին, մի քիչ հետո հետ էին զանգում։ Գիտեին, որ ես երբեք անձնական հարցով չեմ զանգահարում։