Ռազմա-թատերական ներկայացումներ և նկարահանումներ

Բաքվի պաշտպանության նախարարության տեղեկատվական բաժանմունքը աշխուժացրել է ապատեղակատվական արտադրությունների թափը և անվերջ խոսում է նոր տարածքներ վերահսկելու նպատակով իրականացված գործողությունների հաջողությունների մասին։

- Վերջին տարիների ընթացքում զինվորական կարողականությունը էականորեն ընդլայնվել է, և էականորեն փոխվել է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև զինվորական հաւասարակշռությունն ի նպաստ մեզ,- հայտարարել էր պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Հասանովն նաև ասել էր, որ ադրբեջանական բանակը արդեն վերահսկում է Լաչին տանող ճանապարհը: Պարզ է, որ հայկական կողմի համպատասխան բաժանմունքների պաշտոնական տեղեկատվությունները նման հերյուրանքները որակել են ամբողջովին իրականության չհամապատասանող ապատեղեկատվություն։

Մինչ Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ բացի հրադադարի հետևողական խախտումներից, ՊԲ արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ի ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը Ակնայի ուղղությամբ դիմել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձի: ՊԲ առաջապահ անձնակազմի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում 6 հոգուց բաղկացած ադրբեջանական հատուկ ջոկատայինների խումբը հետ է շպրտվել:

Բացի վերոնշյալից, շաբաթվա ընթացքում շփման գծին հարակից մի շարք տարածքներում հակառակորդը շարունակել է իրականացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:
Արցախի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումներն ու մարտավարա-հետախուզական ապահովման ծառայությունները աչալրջորեն վերահսկել և վերահսկում են առաջնային գծի ողջ երկայնքով ստեղծված օպերատիվ իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:

Ուրեմն, շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքերի կողմից իրականացվող ակտիվ տեղաշարժերին ու կուտակումներին զուգահեռ` Բաքվի բարձրագույն օղակներից հնչում են լայնամասշտաբ պատերազմի սկսման սպառնալիքներ: Նաև խոսում են Նախիջևանյան և Արցախյան ճակատների ուղղությամբ տարածքներ «ապաօկուպացնելու»  նպատակով իրականացվող գործողությունների հաջողության մասին։

Դժվար է միանշանակ հետևություն անել ու մեկնաբանել, թե ինչու է Բաքուն պատերազմի իմիտացիոն գործողություններ ձեռնարկել։ Եթե ընդունենք, որ Ադրբեջան պետությանը բնորոշ ռազմատենչ հռետորաբանությունը ներքին սպառման առաջնային առաջադրանք է ունեցել, այս դեպքում ևս նման իմիտացիոն տեղաշարժերի ձեռնարկելը Բաքվի ներհասարակական իրավիճակի թեժացման նախադրյալների հասունացման չեզոքացումով կարելի է բացատրել։ Ավելի գլոբալ առումով` ռուս-թուրքական մերձեցմամամբ կամ Կրեմլից դեպի Վաշինգտոն ուղղված երկխոսության նշանների ընկալմամբ ստատուս քվոյի փոփոխության հավանականության նախապատրաստվելու ընդառաջ քայլեր առնելու։

Եվս մեկ հավանական մեկնաբանություն. ՀՀ-ի և ԵՄ-ի գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի առիթով կայացած մամուլի ասուլիսին ու դրան հետևած հաղորդագրությունում շրջանցվել է արցախյան հակամարտության թեման, թեև վերահաստատվել էր ԵՄ-ի հանձնառությունը` աջակցելու ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ ԵՄ-ն կողմերին հորդորում էր ներգրավվել այս գործընթացում` առանց որևէ նախապայմանի։

Բնականաբար, նախապայմանն այստեղ առաջին հերթին վերաբերում է արցախյան հակամարտությանը: Իսկ պարզ է, որ մեր երկրում ստեղծված իրավիճակը ԵՄ-ի կողմից  արժանացել է դրական հրապարակային արձագանքումների և  ՀՀ-ի հետ վավերացված փաստաթղթում ամրագրված բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելու եվրոպական պաշտոնական կեցվածքներին։

Պարզ է, որ Բաքուն անհանգիստ է Երևան-Անկարա առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացին ներգրավվելու հորդորներից։
Այժմ, իրողությունն այն է, որ շփման գծի երկայնքով և նախիջևանյան ուղղությամբ կան ռազմատեխնիկայի կուտակումներ, տեղաշարժեր և ադրբեջանական սեփական տարածքների վրա ապաօկուպացման իմիտացիոն գործողությունների բեմականացումներ ու նկարահանումներ։
 

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր