Գնում ենք` գրավենք քաղաքապետարանը. Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Ինչպես արդեն հայտնի է` Զարուհի Փոստանջյանի հիմնադրած «ԵրկիրԾիրանի» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին:

ԱԺ-ում  նա այսօր Գ. Սահակյանից թույլտվություն է խնդրել`«Ժառանգություն» խմբակցությունում պահվող ՀՀ Եռագույնն իր նորաստեղծ «ԵրկիրԾիրանի»-ի գրասենյակ տեղափոխել: Խնդրանքը, ինչպես և սպասելի էր` չի մերժվել:
Լրագրողների հետ զրույցում Զ. Փոստանջյանն ասել է, որ փորձելու են քաղաքական լուծումներ տալ, քաղաքականացնել Երևանի ավագանու ընտրությունները:

-Պայքարը քաղաքական է, այլ ոչ` ՏԻՄ ընտրությունների: Գնում ենք` գրավելու քաղաքապետարանը, - ասաց Զարուհի Փոստանջյանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ավագանու ընտրություններում ետ չի մնա «Ելք»-ից և նոր քաղաքական տեխնոլոգիաներ կկիրառի

-Նորամուծությունների, այլընտրանքների պակաս չեք արձանագրի, որովհետև բոլոր մոտեցումները, որոնք արդյունավետ են, մենք օգտագործելու ենք,- հավաստիացրեց նորընծա կուսակցության ղեկավարը:

Ի դեպ, Զ. Փոստանջյանն անդրադարձավ նաև «Ելք»-ի անդամ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքն առաջարկել է միասին հանդես գալ` քաղաքական նույն միավորում.

-Պարոն Փաշինյանը խախտել է   էթիկայի կանոնը, քանի որ ես, նաև Սասուն Միքայելյանը, հանդիպել ենք սրճարանում, ընկերական զրույց ունեցել: Պաշտոնական առաքելություն Փաշինյանը չի ունեցել` որևէ առաջարկ անելու: Եթե լիներ, ապա չէի հանդիպի: Կարիք չկար, որ նա նման հայտարարություն աներ:  Ցանկալի է, որ Նիկոլ Փաշինյանը լինի քաղաքի տղա և էթիկայի կանոնները չխախտի: