Ադրբեջանի «կրոնական հանդուրժողականության» կեղծ պատկերը

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 

Ադրբեջանի կառավարությունն ամեն տարի մեծ գումարներ է ծախսում աշխարհին համոզելու համար, որ ադրբեջանցիները հանդուրժող մարդիկ են, որոնք հարգում են իրենց երկրում ապրող բոլոր փոքրամասնությունների իրավունքները:
 

Սակայն, անկախ նրանից, թե Ադրբեջանի լոբբիստները Եվրոպայում և ԱՄՆ-ում որքան կեղծ միջկրոնական հանդիպումներ են կազմակերպում քրիստոնյա և հրեա ղեկավարներին կաշառելու միջոցով, անհնար է ծածկել ճշմարտությունը ադրբեջանական անհանդուրժողականության մասին:
 

Ադրբեջանի 10 միլիոն բնակչության 96 տոկոսը մահմեդականներ են, որոնց մոտավորապես 65 տոկոսը շիա է, իսկ 35 տոկոսը` սունի: Բաքվում ապրում է 15-20 հազար հրեա, մինչդեռ այնտեղ հազիվ թե հայ մնացած լինի` Արցախյան պատերազմի ժամանակ նրանց կոտորածից ու տեղահանությունից հետո:
 
ԱՄՆ-ի պետքարտուղարության` ամբողջ աշխարհում միջազգային կրոնական ազատությունների մասին վերջին (2017 թ.) ամենամյա զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը խտրականություն է դնում որոշակի կրոնական խմբերի միջև, թեև նրա օրենքներն արգելում են կառավարությանը միջամտել նրանց գործունեությանը:
 
Ադրբեջանի օրենսդրության մեջ նշված է, որ «կառավարությունը կարող է լուծարել կրոնական կազմակերպությունները, եթե դրանք առաջացնում են ռասայական, ազգային, կրոնական կամ սոցիալական թշնամանք; հավատափոխություն այնպիսի ձևով, որը «նվաստացնում է մարդու արժանապատվությունը» և խանգարում են աշխարհիկ կրթությանը...»:

Պետքարտուղարությունը հաղորդում է, որ «տեղական իրավապաշտպան կազմակերպությունները և ուրիշները հայտարարել են, թե կառավարությունը շարունակում է ֆիզիկական բռնություն կիրառել, ձերբակալել և բանտարկել կրոնական ակտիվիստներին: Ըստ տեղեկությունների` տարեվերջին ազատազրկվածների ընդհանուր թվաքանակը կազմել է 80 մարդ...  Հունվարին և դեկտեմբերին դատարանները «Մահմեդական միասնություն շարժման» առաջնորդներին և Նարդարանում 2015 թ. ոստիկանության գործողության մեջ ձերբակալված մյուս անձանց դատապարտել են երկարատև ազատազրկման` բազմաթիվ ակտիվիստների կողմից կեղծված համարվող մեղադրանքներով, այդ թվում` կրոնական ատելության և ահաբեկչության: Հուլիսին իշխանությունները մի աստվածաբանի դատապարտել են երեք տարվա ազատազրկման` արտերկրում իսլամություն ուսումնասիրելուց հետո կրոնական արարողություններ իրականացնելու համար: Իշխանությունները ձերբակալել, տուգանել կամ զգուշացրել են բազմաթիվ անձանց չարտոնված կրոնական հավաքներ անցկացնելու համար: Ըստ կրոնական խմբերի` կառավարությունը շարունակում է մերժել կամ հետաձգել փոքրամասնությունների կրոնական խմբերի գրանցումը, որոնք համարվում են «ոչ ավանդական»` խանգարելով նրանց կրոնական արարողությունները և տուգանելով մասնակիցներին: Նախկինում գրանցված խմբերը, որոնք կառավարության պահանջով վերագրանցվել են, շարունակում են խնդիրներ ունենալ այդ հարցում: Իշխանությունները որոշ խմբերի թույլ են տվել ազատորեն աշխատել, սակայն ուրիշները հայտնում են դժվարությունների մասին` իրենց կրոնը դավանելու փորձերում»:
 
Բացի դրանից, ըստ Պետքարտուղարության` «տեղական կրոնական մասնագետները հաղորդել են, որ կառավարությունը շարունակում է փակել մզկիթները, դրանք վերանորոգելու պատրվակով: Սակայն ասում են` իրական պատճառն այն է, որ կառավարությունը մտահոգ է, թե մզկիթները ծառայում են որպես ծայրահեղական տեսակետների տարածման վայրեր:

Կառավարությունը շարունակել է վերահսկել կրոնական նյութերի ներկրումը, տարածումը և վաճառքը: Դատարանները տուգանել են բազմաթիվ անձանց` կրոնական նյութերի չթույլատրված վաճառքի կամ տարածման համար, չնայած որոշ անձինք բողոքարկման միջոցով չեղարկել են իրենց տուգանքները: Կառավարությունը հովանավորել է երկրում անցկացվող դասընթացները` կրոնական հանդուրժողականությանը նպաստելու համար և պայքարել է կրոնական ծայրահեղականություն համարվող երևույթների դեմ»:
 
Պետքարտուղարությունը նաև տեղեկացրել է, որ «կրոնական գրականության ապօրինի արտադրության, բաշխման կամ ներկրման պատիժը կարող է ներառել տուգանք` 2900-ից մինչև 4100 դոլար կամ մինչև երկու տարվա ազատազրկում`առաջին հանցագործության համար, և 4100-5300 դոլար տուգանք կամ երկուսից հինգ տարի ազատազրկում հետագա հանցագործությունների համար»:
 
Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի Սահմանադրությունը «որոշ դեպքերում թույլ է տալիս այլընտրանքային ծառայություն», երբ զինվորական ծառայությունը հակասում է անհատական հավատքին, սակայն չկա այլընտրանքային ծառայություն թույլատրող օրենսդրություն, այդ թվում, կրոնական հիմքերով, և զինվորական ծառայությունից հրաժարումը պատժվում է ազատազրկմամբ քրեական օրենսգրքով մինչև երկու տարի ժամկետով կամ պարտադիր զինվորական ծառայությամբ», ասվում է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
 
- Սեպտեմբերի 30-ին իշխանությունները ձերբակալել են 30 տղամարդու, որոնք խախտելով տեղական հրամանագիրը, ոտքով շարժվել են դեպի Գյանջայի «Իմամզադե» մզկիթը` նշելու Աշուրան: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել չորս անձանց նկատմամբ` խուլիգանության և ոստիկանությանը դիմադրելու համար և նրանց նախնական կալանքի տակ պահել: Մարդու իրավունքների պաշտպանները հայտնել էին, որ ոստիկանությունը դաժանորեն ծեծել է կալանավորներից շատերին,- հաղորդել է Պետքարտուղարությունը:
 
Զեկույցներ կային նաև ադրբեջանական իշխանությունների անօրինական և տարօրինակ գործողությունների մասին ընդդեմ ընդդիմադիր խմբերի և անհատների, որոնք ընկալվում են որպես արմատական մահմեդականներ: Օրինակ, 2017 թ. մայիսի 31-ին «Շեքիի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել սունի մահմեդական Շահին Ահմեդովի 880 դոլար տուգանքը` «ապօրինի» կրոնական հավաք կազմակերպելու համար: Ոստիկանությունը նրան ձերբակալել է աստվածաբան Սայիդ Նուրսիի գործերից երեք ընկերների համար բարձրաձայն ընթերցելիս` ապրիլի 18-ի դաշտագնացության ժամանակ»` հաղորդել է Պետքարտուղարությունը:
 
Վերջապես, «տեղական կրոնական մասնագետները հաղորդել են, որ կառավարությունը շարունակում է փակել մզկիթները, դրանք վերանորոգելու կամ վերականգնելու պատրվակով. նրանք ասում են, որ կառավարության իրական շարժառիթը կրոնական ծայրահեղականության ընկալմանը հակազդելն է: Փակվելուց հետո մզկիթները շարունակում են փակ մնալ: Օրինակ, հին Բաքվի Աշուրբեյ մզկիթը. սալաֆիների կողմից պաշտամունքի սիրված վայր դառնալուց հետո, իշխանությունները հայտարարեցին, որ այն վերանորոգման կարիք ունի և փակեցին 2016 թ. հուլիսին»: Մինչև 2017 թ. վերջը մզկիթը դեռևս փակ էր` ըստ Պետքարտուղարության:
 
Անվերջ գովազդվող «հանդուրժողական» Ադրբեջանը, ի վերջո, պարզվում է, որ այնքան էլ «հանդուրժողական» չէ: Նրա «մեղմ» օրենքները մնում են միայն թղթի վրա և անտեսվում են ոստիկանության ու դատավորների կողմից:
 
 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի