«GOODBYE, ԱԺ»

Ուղղություններս հաճախ չեմ փոխում. ՎՍՀԴԿ ատենապետուհի

Հայոց խորհրդարանում իրենց երկարամյա ներկայությունն այլևս չեն շարունակի նաև անվանափոխյալ երկու կուսակցություններ՝ ՀՎԿ («Հայկական վերածնունդ» կուսակցություն) դարձած ՕԵԿ-ը և ՎՍԴՀԿ-ն ( Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցություն):  Նախապաշարված մարդիկ ասում են, թե անվան ու բնակարանների փոփոխությունը ո՛չ բոլորի «վրա է գալիս»: Այս երկուսի օրինակը՝ փաստ: Փաստ, որը մղում է վերահաստատել հռետորական այն հարցը, որի պատասխանն ամենքին է հայտնի՝ 
- Ո՞ր դեպքում և ի՞նչ անհրաժեշտությունից մղված են մարդիկ կամ մարդկային խմբեր ներառող միավորները փոխում իրենց անունը: Մանավանդ՝ անվանափոխությունից տեսակ ու էություն չի փոխվում:
 
Սա՝ իմիջիայլոց: 
 
ՎՍԴՀԿ  ատենապետուհի, ՀԱԿ խմբակցության  պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր  պարտաճանաչորեն վերջին անգամ եկել էր ԱԺ:  Նա նորընտիր խորհրդարանում չի լինելու, թեև հույս ուներ, որ ԲՀԿ դաշինքի ցուցակում ընդգրկված կլինի:
 
Օրեր առաջ նա նաև  հայտարարել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջարկ էր ստացել՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար: Առաջարկը չէր մերժել,  բայց ԲՀԿ-ն էր հրաժարվել  Երևանի քաղաքապետարանից:
 
Այսուհանդերձ, Լյուդմիլա Սարգսյանն այսօր  հավաստիացրեց, որ «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցությունը կպահպանի, քանի որ՝
 
-Ես այն մարդկանցից չեմ, որ հաճախ եմ  ուղղություններ  փոխում:
 
Հիշեցնենք` արդեն նախկին համարվող այս խորհրդարանում Լյուդմիլա Սարգսյանը ՀԱԿ պատգամավոր էր: ՀԱԿ-ի ու նրա միջև հոսող ջրերը պղտորվել էին սակայն, երբ սահմանադրական փոփոխությունների գործընթացի շրջանակներում Լյուդմիլա Սարգսյանը հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ: