Արդեն լուծարվող ավագանին պիտի որ դաս լինի նորի համար

ԵՐԲ ՉՈՒՆԵՍ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՔՎԵ

Ինչպես և սպասվում էր` Երևանի ավագանու նիստն այսօր  չկայացավ: Նիստին ներկայացած ավագանու 5 անդամները, բնականաբար, քվորում չէին ապահովելու: Իսկ այդ 5-ից 3-ը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն էին, մեկը` անկախ ավագանու անդամ Հայկ Պետրոսյանը և Կամո Արեյանը։ Մինչդեռ ընտրվելու համար առաջադրված թեկնածուին անհրաժեշտ էր առնվազն 32 ձայն։

Հայտարարված ընդմիջումից Կամո Արեյանը հայտարարեց, որ եթե ավագանու նիստին քվորում չի ապահովվում` հայտարարվում է ընդմիջում, իսկ եթե ընդմիջումից հետո էլ ավագանու անդամների թիվը բավարար չի լինում, նիստը համարվում է չկայացած։

Դեռևս երկու օր առաջ «Ելքը», երեկ էլ ՀՀԿ-ն հայտարարել էին, որ այսօր կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չեն առաջադրելու թեկնածու և չեն մասնակցելու այդ օրակարգով հրավիրված նիստին: Այս հրաժարումներից առաջ միայն «Երկիր Ծիրանի» խմբակցությունն էր թեկնածու առադրել`Զարուհի Փոստանջյանին, ինչն էլ տարատեսակ կանխատեսումների առիթ տվեց:

Մի պահ ոմանք հավատընծա համարեցին այն ենթադրությունը, թե ՀՀԿ-ն կքվեարկի Զ. Փոստանջյանի օգտին: Այդ դեպքում, բարոյականության չգրված օրենքով` վերջինս պիտի որ Հանրապետականի հետաքրքրությունները ներկայացներ, և խորանալու էին հակասությունները «Ելք»-ի, ասել է թե` գործող իշխանության հետ: Բայց այդ դեպքում ՀՀԿ-ն ակամա կխոստովաներ, որ համամիտ է մինչ այս իր, մասնավորապես Տարոն Մարգարյանի դեմ հնչեցրած քննադատություններին և Տ. Մարգարյանի արժանի փոխարինող է համարում Զ. Փոստանջյանին:

«Ելք»-ն ի սկզբանե, ներկայացրել էր իր դիրքորոշումը`

- «Ելք» դաշինքը կարևորում է Երևանի ավագանու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները։ Նկատի ունենալով, որ 2017 թվականին կայացած ավագանու ընտրությունները ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով և բռնություններով, անհրաժեշտ ենք համարում ներկայիս ավագանու արձակումը և առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացումը։

Այսօր, փաստորեն, առարկայացավ Երևանի ավագանու արձակումն ու նոր ընտրությունների անցկացումը: Իսկ ո՞ր ուժերը կհաջողեն այդ ընտրություններում: Թվարկելը դեռ վաղ է, բայց մի բան կարծես հաստատ է` Հանրապետականը չի կարողանա անհրաժեշտ քվեներ շահել, «Ելք»-ի անդամ կուսակցություններն, ամենայն հավանականությամբ` կմասնակցեն առանձին-առանձին` ստանալով պատկառելի քվեներ: «Երկիր Ծիրանի»-ի այս հեռանկարը մանվածապատէ, փոխարենը նոր անուններ կհայտնվեն Երևանի նոր ավագանու ցուցակում: