Մեծապետական կեցվածքի հերթական դրսևորումը Հայաստանում

Ռուսական կողմը հաճախ տարակուսում է, որ վերջին տարիներին Հայաստանում երբեմն ոչ բարենպաստ վերաբերմունք են նկատում Ռուսաստանի հանդեպ: Սակայն տարակուսողները և հատկապես ստեպ-ստեպ իրենց լրատվամիջոցներով իրնքնամեծար «հանդիմանանք» հնչեցնողները պիտի «իրենց թույլ տան»՝ ազնվորեն խորանալ այդ վերաբերմունքի պատճառների մեջ:
 
Այդժամ միայն, երևի, կընկալեն, որ տհաճության թիրախը ոչ թե ընդհանրապես Ռուսաստանն ու ռուս ժողովուրդն են, այլ՝ նրանց այն ներկայացուցիչները, ովքեր մեծապետական կեցվածքով հաճախ ոչ հայաստանանպաստ քայլեր են կատարում և հակահայկական արտահայտություններ հնչեցնում:
 
Երկու օր առաջ Փանիկում կատարվածն իսկապես ինքնաթողության հերթական դրսևորումն էր՝ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան (102-րդ) ռազմական կայանի կողմից, որի ստորաբաժանումները մեծաթիվ անձնակազմով զորավարժություներ են իրականացրել Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում՝ հրաձգության ձայներով անհանգստացնելով գյուղի բնակիչներին:
 
Միանգամայն արդարացի էր քաղաքացիների ընդվզումը, ու  թեև ռազմակայանի հրամանատարի տեղակալը ներողություն խնդրեց Շիրակի մարզպետից, սակայն, նակինում ևս գրանցված որոշ միջադեպեր թույլ չեն տալիս վստահ լինել, որ ռուսաստանյան ռազմակայանի ծառայողների կողմից այսուհետ բացառվելու են նմանատիպ օրինախախտումները: Եվ պատահական չէ, որ այսօր, Կառավարության նիստի օրակարգային հարցերին անդրադառնալուց առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն  անդրադարձել է կատարվածին՝ այն որակելով անթույլատրելի. 
 
- Դա անթույլատրելի միջադեպ է: Ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների, և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Կարծում եմ, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Իհարկե, դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է քննարկվի, հետաքննվի այս միջադեպը, որովհետև պետք է պայմանագրերի, ներհայաստանյան օրենսդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանել: Ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են հարաբերությունների հարցը պարզաբանել: Ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են,- նշել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ  հետագա ընթացքը արդյունավետ կլինի: