Շեշտադրումներ՝ հիրավի պետականաշահ

Իրականում սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայաստանյան անդրանիկ ասուլիսն էր, սակայն պաշտոնավարման երկուսուկես ամիների ընթացքում ոչ մի պահի նա անտես չի մնացել հանրության աչքից ու լրագրողների տեսադաշտից: Լրագրողի մասնագիտությանը ու դրանից էլ ավելի՝ թափանցիկ գործելու սկզբունքին անդավաճան, նա բոլոր առիթներով ուղիղ կապ է հաստատել հանրության հետ, հանգամանորեն պատասխանել լրագրողների հարցերին:
 
Այսուհանդերձ, նրա ասուլիսը մեծաքանակ լրագրողների էր բերել Կառավարություն: Ասել է թե՝ մեզանում հաստատվող նոր իրավիճակում ու դրա ընթացքի մասին բազմաթիվ ու բազմաքանակ հարցեր են հուզում-հետաքրքրում հանրության խոսափող լրատվամիջոցներին: Ժամանակի սահմանափակում էլ չկար (չնայած վարչապետի ծարաբեռնված առօրյային), սակայն հարցեր տալու ցանկությամբ վեր բարձրացած ձեռքերի քանակն այդպես էլ չնվազեց:
 
Բնութագրական էր նրա այն «խոստովանությունը», որ իր թիմակիցները երբեմն կատակով ասում են, թե գոնե կիրակի օրվա երկրորդ կեսին կարողանան ազատ լինել:
Ակնհայտ է, որ աշխարհաքաղական զարգացումներում ինքնուրույն սուբյեկտ դարձած Հայաստանի համար կարևոր շրջադարձերի այս փուլը առավել ճկուն ընթացք է պահանջում: Եվ այդ առումով հստակ է վարչապետի, ուրեմն նաև ՀՀ կառավարության սկզբունքայնությունը՝
 
- Մենք հստակ հայտարարել ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու։ Այսօր ես որևէ ֆորմատի մասնակցություն չեմ ունեցել, որն աննախադեպ լինի մեր արտաքին քաղաքականության համար,- վերահաստատեց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը մասնակցել է ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, այլ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող խաղաղապահ գործողություն ծավալող երկրների համաժողովին։
 
Ինչ վերաբերում է ղարաբաղաադրբեջանական հակամարտությանը, որը հաճախ ադրբեջական կողմից վտանգում է նաև Հայաստանի սահմանները, ապա այդտեղ դերակատարում ունի նաև իրեն Հայաստանի անվտանգության երաշխավոր հռչակած Ռուսաստանը՝ պատերազմը կանխելու առումով:
 
- …Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ՌԴ-ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն՝ թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում։ Եվ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար, Ադրբեջանին սադրանքներից հետ պահելու համար։ Ես չեմ կարող դրան չհավատալ,- նշեց Ն. Փաշխնյանը՝ հավելելով.
 
 - Մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի, ազգովի։ Բայց մենք գիտենք, որ մեր ռազմավարական գործընկեր, մեր եղբայր և բարեկամ Ռուսաստանը ունի բոլոր լծակները՝ և՛ երկարաժամկետ, և՛ կարճաժամկետ առումով, պատերազմը թույլ չտալու։ Եվ ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը այդ լծակները չի օգտագործի:
 
Ղարաբաղյան խնդրի մասին, բնականաբար այսքանով չէր կարող սահմանփակվել հարցուպատասխանը: Տասնամյակներ շարունակ մեր հանրությանը հրամցվող այն փաստարկին, թե փոխզիջումը, ասել է թե՝ որոշ տարածքներ վերադարձնելն ի վերջո անխուսափելի է լինելու, Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ տեսակետ «հակադրեց»: Ի դեպ՝ շատ ավելի հիմնային և արժանապատիվ.
 
- Երբ ասում ենք փոխզիջումային տարբերակ, նշանակում է՝ կա երկու կողմ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման։
 
Ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, և բանակցելու նյութ կա։ Բանակցությունը ինքնին օգտակար է։ Պետք է որոշակի վստահության մթնոլորտ ստեղծվի, որ հարցը կարգավորվի։ Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել, որ այդ մթնոլորտը ձևավորվի։ Բայց միաժամանակ մեզ համար անընդունելի է ռազմաշունչ հռետորաբանություն։ Արցախի հարցի կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորմանը նպաստող մթնոլորտ։
 
Վարչապետը նաև բացառեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման այնպիսի լուծումը, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար՝ վստահեցնելով, որ «Հայաստանում չի՛ կարող լինել այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը»։