200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենքի մեծ մասը բարոյապես հին է

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ. SUT.AM

Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանին Ռուսաստանը վերջին տարիներին մատակարարել է 150 տանկ, որից 94 հատը՝ 1000 ձիաուժանոց հատուկ լեռնային պայմանների համար նախատեսված T90s, ինչպես նաև հարյուրավոր նորագույն ԲՏՌ80 զրահափոխադրիչներ և ԲՄՊ3 ՀՄՄ-ներ:
 
Հուլիսի 22-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ «200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը  ժամանակակից,  արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ  չգտնվող սպառազինություն է»: Այնինչ, նշված պայմանագրով զենքերի և ռազմամթերքի զգալի մասըբավականին հին էր (80-ականների, 70-ականների և անգամ 60-ականների տեխնոլոգիաներ):
 
Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին 2015 թվականի համաձայնագրի հավելվածով թվարկվում են սպառազինությունների տեսակները, որոնք պետք է մատակարարավեն նշված պայմանագրի սահմաններում (գումարային՝ 200 մլն ԱՄՆ դոլարի չափով):
 
Պահեստների մնացորդնե՞ր
 
Այսպիսով, վաճառվող զինատեսակներից ամենանորերը «Սոլնցեպյոկ» և «Սմերչ» համազարկային կրակի համակարգերն են: Առաջինը 1987 թվականի «Բուրատինո» համակարգի 2001-ին արված մոդիֆիկացիա է: Իսկ երկրորդը, թեև ևս 1987 թվականի համակարգ է, սակայն Հայաստանին վաճառվում է 2004 թվականի մոդիֆիկացիայի 9Մ531 կասետային հրթիռներով (որոնք ունեն 90 կմ հեռահարություն):
 
Ընդ որում, քանի դեռ Ադրբեջանին վաճառված «Սոլնցեպյոկները» բոլորովին նոր են և լեռնային պայմաններում ունեն առավել մեծ անցողունակություն (քանի որ T-90 տանկի բազայի վրա են), մեզ վաճառվածները, ըստ հրապարակված փաստաթղթի, հին T-72 տանկերի բազայի վրա են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
 
Մոտավորապես նույն թվերի (վաղ 2000-ականներ) են հայկական կողմին վաճառվող «Իգլա-Ս» դյուրակիր հակաօդային համակարգն ու «Ավտոբազա-Մ» պասիվ ռադարային կայանը:
Մնացած զինատեսակները շատ ավելի հին են: Օրինակ «Կոնկուրս» հակատանկային միջոցները 1974-ից շահագործվում են և վերջին անգամ մոդերնիզացվել են 1991-ին, իսկ ձեռքի ՌՊԳ-26 նռնականետերը 1985 թվականից չեն ձևափոխվել: Էլ ավելի հին են Հայաստանին մատակարարվող տանկերի В-84 և ՀՄՄ-ների УТД-20 շարժիչները: Առաջինը 1966 թվականի մոդել է, երկրորդը՝ 1984:
 
Վաճառված զենքերի ցանկում չկային իրապես նոր այնպիսի զինատեսակներ, ինչպիսիքն են «Պանցիր-Ս» կամ Ս-300-ՊՄՈւ2 «Ֆավորիտ» հակաօդային համակարգերը, «Խրիզանտեմա»  ու «Կորնետ» հակատանկային միջոցները, «Մստա-Ս» և «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգերը, կամ ՄԻ17 և ՄԻ35 ուղղաթիռները: Թեև, թվարկված զինատեսակները վերջին տարիներին վաճառվել են Ադրբեջանին:
 
Բա տանկերը՞
 
Նկատենք, որ փաստաթղթին կից ցանկում որևէ զրահատեխնիկա չկա: Ոչ տանկ, որ ՀՄՄ, ոչ էլ զրահափոխադրիչ: Առկա միակ զրահատեխնիկային մոտիկ միավորը ԳԱԶ մակնիշի «Տիգր» զրահապատ ամենագնացներն են:
 
Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանին Ռուսաստանը վերջին տարիներին մատակարարել է 150 տանկ, որից 94 հատը՝ 1000 ձիաուժանոց հատուկ լեռնային պայմանների համար նախատեսված T90s, ինչպես նաև հարյուրավոր նորագույն ԲՏՌ80 զրահափոխադրիչներ և ԲՄՊ3 ՀՄՄ-ներ:
 
Հատկանշական է, որ Ադրբեջանին վաճառված հակատանկային միջոցները ևս շատ ավելի արդիական են: Այսպիսով, վերջինս ՌԴ-ից գնել է 1998 թվականի «Կոռնետ» հակատանկային հրթիռներ և 2005 թվականի «Խրիզանտեմա-Ս» հակատանկային ինքնագնաց կայանքներ, որոնք անհամեմատ ավելի արդիական են, քան Հայաստանին վաճառված «Կոնկուրս» կայանները:
 
Դժվար է ասել, թե ինչու՞ պայմանագրով Հայաստանին զրահատեխնիկա չի վաճառվում, սակայն հարկ է նկատել, որ 200 միլիոն դոլարով կարելի էր գնել 70-ից 80 հատ T90s տիպի տանկ։
 
Օդը՝ Ադրբեջանին
 
Վարկային պայմանագրով Հայաստանին չի վաճառվելու և ոչ մի օդային միջոց: Ոչ ուղղաթիռ, ոչ էլ ինքնաթիռ: Բանն այն է, որ «Իգլա-Ս» տեսակի հակաօդային հրթիռներից Ռուսաստանը Ադրբեջանին դեռևս 5 տարի առաջ է վաճառել՝ այն էլ ավելի քան 1000 հատ: Նույն ժամանակ Ադրբեջանին վաճառվեց 2 դիվիզիոն С-300ПМУ2 «Фавօрит» զենիթահրթիռային համալիր, որոնք 2009 թվականին էին արտադրվել: Արդյունքում Ադրբեջանի հակաօդային պաշտպանությունը այնքան ուժեղացավ, որ հնարավոր պատերազմի դեպքում հայկական կողմից օդուժի կիրառումը գրեթե անհնարին է, իսկ խոցելի դարձավ ոչ միայն առաջնագիծը, այլ անգամ Հայաստանի օդային տարածքի մեծ մասը:
 
Նշենք, որ 2010 թվականին Հայաստանին վաճառված С-300ПС համակարգերը 1982 թվականի են և էականորեն զիջում են Ադրբեջանին վաճառվածներին: Այդպես, օրինակ С-300ПМУ2 «Фаворит»-ը С-300ПС-ից ավելի քան կրկնակի հեռահարություն ունի, կարող է միաժամանակ ուղեկցել 6 անգամ ավելի մեծ թվով թիրախների և խոցել 2,5 անգամ ավելի արագ ընթացող ինքնաթիռների:
 
Ցավոք, օդային տարածքում ուժերի այս դիսբալանսը չի կոմպենսացվի մեզ վաճառվելիք ոչ «Իգլա-Ս»-երով, ոչ էլ «Ավտոբազա-Մ» պասիվ ռադարային կայանով, քանի որ վերջինները միայն մի քիչ կնվազեցնեն ուժերի տարբերությունը: