Ո՞րն է Լավրովի ակնկալած կառուցողականը և ո՞ր հունն է մեզ հրամցնում

ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ՀԵՏՑՆՑՈՒՄՆԵՐ

Որ 2008-ի գարնանամուտին կատարվածի իրական պատկերն այդպես էլ չամբողջացվեց՝ ակնհայտ էր ի սկզբանե: Պատճառը հայտնի էր. մի կողմում քաղաքացիական անհնազանդությամբ նախագահական ընտրությունների դեմ ընվզողներն էին, մյուս կողմում՝ ձեռք գցած իշխանությունն ատամներով պահելու վճռականությամբ հին ու նոր պաշտոնյաները: Հետևանքներն էլ անհայտ չմնացին: Փետրվարի 19-ից սկիզբ առած հանրահավաքներն ու նստացույցն ավարտվեցին Մյասնիկյանի արձանին հարող տարածքում՝ Երևանում կուտակված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումով արդյունքում զոհվեց 10 և վիրավորվեց մոտ 300 մարդ։
 
Պաշտոնապես, սակայն, անպատասխան մնաց մեկ հարց՝ ո՞վ էր այդ նախճիրի կազմակեչպիչը կամ հովանավորը:
 
Դրան հաջորդած խուճապը հերթական անգամ խորացրեց անհուսությունը առ համաժողովրդական պահանջատիրություն, և ավելի համառորեն սկսեց շրջանառվել կարծիքը, թե բիրտ ուժի կիրառման հովանավորը Ռուսաստանն է: ՈՒ եթե անցած 10 տարիների ընթացքում այդ կարծիքը սկսել էր խունանալ, «Հայաստանի վերջին իրադարձությունների», ավելի ստույգ՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության առիթով (թեև նրա անունը չի հիշատակվում) Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանությունը վերստին թարմացրեց այն տեսակետը, որ Մարտի 1-ի հանդեպ ռուսներն անտարբեր չեն (մեղմ ասած)։
 
- …Մենք հույս ունեինք, որ … բոլոր քաղաքական ուժերը ու առաջին հերթին Հայաստանի նոր իշխանությունները առաջ են տանելու ազգային համաձայնության ամրապնդումը,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված Լավրովի մեկնաբանության մեջ։
 
- Սակայն վերջին օրերի իրադարձություններն ակնհայտորեն խախտում են այդպիսի դրական տրամադրվածությունը և հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջերս արված հայտարարություններին այն մասին, որ իրենք մտադրություն չունեն կազմակերպել իրենց նախորդների հետապնդումը քաղաքական դրդապատճառներով,- իր հիասթափությունն է արձանագրել ՌԴ դիվանագետը:
 
Մոսկովյան հեռուներում, երևի, տեսանելի չէ մեր ազգային համաձայնության ամրապնդումը, կամ՝ «ազգային համաձայնության ամրապնդում» ասելով նրանք նկատի ունեն իշխանությունների հլու-հպատակությունը իրենց՝ ժողովրդի կույր հնազանդությունն էլ՝ երկիրը բզկտողներին:
 
Ինչու է «հայկական պետության կայունությամբ հետաքրքրված» ռուս պաշտոնյայի մտահոգում մեր նախկին իշխանավորներին պատասխանատվության կանչելը, ինչը ոչ մի տրամաբանությամբ քաղաքական հետապնդում չէ, որի մասին ասել է նոր ղեկավարությունը: Եթե զանգվածային հալածանքի արդյունքում զոհեր են եղել, իրեն հարգող իշխանությունը պարտավո՛ր է փնտրել-գտնել մեղավորին՝ անկախ նրա նախկին ու ներկա դիրքից: Կամ, երկիրն անխնա թալանվել է, ինչը հնարավոր չէր՝ առանց բարձրագույն իշխանության մասնակցության ու թողտվության: Այս փաստը և՞ս պիտի շրջանցվի միայն այն պատճառով, որ շահագրգիռ որոշ կողմեր բացահայտումները «նախորդների հետապնդում» չորակեն:
 
Ի՞նչ նկատի ունի Լավրովը՝ ասելով՝ «Հուսով ենք, որ իրավիճակն ի վերջո կգնա կառուցողական հունով»: Ո՞րն է նրա ակնկալած կառուցողականը և ո՞ր հունն է հրամցնում իր երկրի ռազմավարական դաշնակից Հայաստանին: 
Արդյո՞ք Լավրովի այս խոսքը անթաքույց սպառնալիք չի պարունակում: Ռուսաստանին ծափահարողները դա չեն կամենա նկատել, սակայն դիվանագետի խոսքն էլ չի կարող միայն մակերես պարունակել:
 
Ակնհայտ է, որ Հայաստանի նախկին իշխանավորները սպասողական վիճակում են: Հազիվ թե նրանք այնքան պարզամիտ լինեն, որ սպասեն իրենց վերադարձին՝ ընտրություններում հաղթելու հեռանկարով: Եթե նույնիսկ (ինչպես նրանք են կանխատեսում կամ երազում) նոր կառավարությունը չարդարացնի ժողովրդի հույսերը, ինչի հավանականությունը զրո է, միևնույն է՝ նախկիններին (այն էլ՝ ոչ միայ ՀՀԿ-ին) այլևս ձայն տվող չի լինի, իսկ քվեներ «նկարող» նրանց գնացքը վաղուց է մեկնել: Ուրեմն ո՞ւր կամ ո՞ւմ է ուղղված նախկինների սպասումը:
 
Ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանին, որը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է համոզված՝ կարող է տարածաշրջանում նպաստել խաղաղությանը: Եթե կարող է ու չի անում՝ փոխարենը դատապարտելով հանցագործությունը բացահայտելու ջանքերը, ուրեմն կարելի է հավատալ այն կարծիքներին, որ մեր դաշնակիցը դեմ չի եղել երկրի թալանին և առանձնապես մտահոգ չէ մեր սահմանների անվերջ գնդակոծումներին: