«Պաշտոնական Մոսկվան կատաղել է»

Ռուս լրագրող Կոնստանտին Էգերտը կարծում է, որ «Կրեմլին բավարար չէ միայն Հայաստանի արտաքին քաղաքական հավատարմությունը»:
 
Այդ մասին գրել է Deutsche Welle-ում իր շաբաթական սյունակում, որից  որոշ հատվածներ է ներկայացրել Մեդիամաքսը:
 
 
 
«Դարի դատավարությունը» և ժողովրդավարության թեստը
 
Կա՞ արդյոք Փաշինյանի գործողություններում անձնական վրեժի տարր: Հավանաբար՝ այո: Կա՞ արդյոք Քոչարյանի և գեներալների քրեական հետապնդման իրական առիթ: Անկասկած: 2008 թվականի նախագահական ընտրությունները, որոնցում իշխանությունները Սերժ Սարգսյանին առաջ էին մղում որպես երկրի առաջնորդ, և դրանց հաջորդած բողոքի ցույցերը վարույթ անցկացնելու միանշանակ առիթ են: Արդյո՞ք այն կլինի անկողմնակալ: Դժվար է ասել, սակայն առանց առավելագույն հրապարակայնության այդ գործընթացը հաստատ անհնար կլինի անցկացնել:
 
Դատական գործը հայկական ժողովրդավարության համար կարևորագույն քննություն կդառնա 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց ի վեր:
 
«Մոսկվան կատաղել է»
 
«Պաշտոնական Մոսկվան կատաղել է: Առաջին հերթին, իր թեկուզև նախկին արբանյակների դատական հետապնդման փաստն ինքին ընկալվում է որպես քաղաքական մարտահրավեր Հայաստանի քաղաքականության մեջ Ռուսաստանի գերակշռող դիրքին: Երկրորդը՝ դատավարությունը լիովին կարող է առաջացնել քննարկումներ՝ 2008 թվականի ընդվզումներում Կրեմլի դերի վերաբերյալ: Դժվար թե Քոչարյանը լռի: Նրա պաշտպանության գծերից մեկը կլինի հղումը Պուտինի կողմից գործադրված ճնշմանը: Երրորդը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության սկսած հակակոռուպցիոն արշավը ավելի ու ավելի է անհանգստացնում Ռուսաստանի ղեկավարությանը:
 
Կոռուպցիան Կրեմլի համար հետխորհրդային տարածքում ազդեցության պահպանման գլխավոր մեթոդներից է: Ինչպես ժամանակին ցույց տվեց Վրաստանի օրինակը Միխայիլ Սահակաշվիլիի օրոք, ներքին քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները բավականին արագ սկսում են անուղղակի ազդել նաև պետության արտաքին քաղաքական վրա: Որքան ավելի թափանցիկ է կառավարումը, այնքան ավելի շատ են արտասահմանյան ներդրումները և զարգանում են արտաքին կապերը:
 
Խոսքը ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին չէ. Հայաստանը դաշինքին միանալու ոչ ցանկություն, ոչ էլ շանսեր ունի: Քիչ թե շատ լուրջ ինտեգրման ցանկացած փորձ արգելափակվելու է Թուրքիայի կողմից: Հայաստանի անվտանգությունը և Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կախված են Ռուսաստանից: Սա չի վիճարկում նաև Նիկոլ Փաշինյանը: Մոսկվա կատարած այցի ընթացքում նա գովերգեց ՀԱՊԿ-ը և Մաքսային միությունը՝  հետխորհրդային երկրները իր ազդեցության ուղեծրում պահելուն ուղղված Մոսկվայի երկու գլխավոր նախագծերը: Սակայն Հայաստանի վարչապետն իր առաջնահերթություններն ունի: Նրանից պահանջում են պայքար կոռուպցիայի դեմ, տնտեսության վերածնունդ, ներդրումներ: Վստահության մանդատը, որը նա ստացել է գարնանը, շատ արագ կարող է սպառվել:
 
Մոսկովյան «կայունությունը»
 
Սակայն դա չի բավարարում Կրեմլին: Նրան բավարար չէ միայն Հայաստանի  արտաքին քաղաքական հավատարմությունը: Նրան հարկավոր է լիակատար վերահսկողություն և այն հատուկ մոսկովյան «կայունությունը», որն ապահովվում է ստվերային պայմանավորվածությունների, քաղաքական հակառակորդների հետապնդման եւ անդրսահմանային կոռուպցիայի միջոցով:
 
Դաշնակիցների հետ հարգալից տոնով խոսելու և տեղական քաղաքականության (որը Հայաստանում ավելի ժողովրդավարական և ազատ է, քան ռուսականը) նրբությունները հասկանալու դժկամությունը պաշտոնական Մոսկվային կտանի  դեպի նոր պարտություններ հետխորհրդային տարածքում և, հավանաբար, նույնիսկ այն երկրներում, որոնք այսօր դաշնակից են համարվում: