Իշխան Զաքարյանը ստորագրեց իր դատավճիռը

Երեկ հայտնի է դարձել, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը միացել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար միջնորդություն ներկայացրած այլ կուսակցությունների պատգամավորներին՝ ստորագրելով միջնորդության ներքո:
 
Գրելով այս մասին, Ս. Գասպարյանը հիշեցրել է, որ «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորներ հայտարարել էին, որ հարցը գտնվումէ իրավական հարթությունում և զերծ էին մնացել այդ ամենին որևէ քաղաքական գնահատական տալուց:
 
«Իշխան Զաքարյանը ստորագրեց իր դատավճիռը» ասելով՝ նամակի հեղինակն ամենայն հավանակությամբ նկատի ունի նրան կուսակցությունից հեռացնելը: Իսկ մինչ ԲՀԿ-ն կներկայացնի իր տեսակետն այս առնչությամբ, մասնակի կրճատումներով ներկայացնենք խմբագրությանը հասցեյված նամակը:
 
- Այսպիսով Իշխան Զաքարյանը դարձավ 46-րդ  պատգամավորը, ով միացավ   միջնորդության տակ ստորագրած պատգամավորներին, և առաջին պատգամավորը «Ծառուկյան» դաշինքից, ով իր անձնական շահն ու հաշվարկները վեր դասեց կուսակցական շահից:
 
Ընդհանրապես, լինի Իշխան Զաքարյանը թե մեկ ուրիշը, ցանկացած ոք պետք է գիտակցի, որ որևէ կուսակցության շարքերն ընդգրկվելիս ցանկացած անձ զոհում է  իր անձնական ես-ի մի մասնիկը և այն ստորադասում է  ընդհանուր գործին: Կուսակցությունը հենց դրանով է տարբերվում այլ միավորումներից, որ այն որդեգրում է  այս կամ այն քաղաքական, իրավական  կամ հասարակական հնչեղ գործընթացի նկատմամբ կայուն կեցվածք, որին պարտավոր են ենթարկվել կուսակցության բոլոր անդամները, քանի դեռ նրանք այդ կուսակցության կազմում եմ: Կուսակցությունը չի բացառում ներքին բազմակարծությունը, բայց ներքին բազմակարծությունը միշտ մնում է ներքին, իսկ արտաքին ճակատում կուսակցությունը միշտ միասնական է:
 
Բոլոր նրանք, ովքեր չեն հասկանում այս պարզ ճշմարտությունը, կամ, որ ավելի վատ է, հասկանալով շրջանցում են այն, նրանք դավաճաններ են: Իսկ կուսակցությանը դավաճանողը վաղը հարմար առիթի դեպքում Հայրենիքն էլ կդավաճանի, սրանում որևէ կասկած չկա: 
 
Իշխան Զաքարյանի արածը դավաճանություն որակելով՝ նամակագիրը  հավելել է. 
 
- Եթե կար անհամաձայնություն կուսակցական դիրքորոշման հետ, ապա Իշխան Զաքարյանը պետք է հրապարակավ հրաժարվեր իր մանդատից, դուրս գար կուսակցությունից և որպես անհատ հայտներ իր մոտեցումը: Սակայն վերջինս տակից գործելով այնպես, ինչպես թելադրում է  իր անձնական հաշվարկն ու շահը, մեջքից դաշույնի հարված է  հասցնում իր կուսակիցներին: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ իսկական դավաճանություն:
 
Հիշենք միայն, որ Իշխան Զաքրայանը վաղուց քաղաքական վտարանդի էր, տեղ չուներ ՀՀ քաղաքական կյանքում, և միայն ԲՀԿ-ի բարեհաճության շնորհիվ ստացավ քաղաքական ապաստարան, տեղ գտավ քաղաքական կյանքում, հանգրվանեց կուսակցության նախընտրական ցուցակի վերին հորիզոնականներում և դարձավ պատգամավոր: Սրանք իրողություններ են, որի մասին գիտեն շատերը, առավել ևս Իշխան Զաքարյանը: 
 
…Իշխան Զաքարյանի պես գործիչը այսքանից հետո տեղ  չպիտի ունենա  ԲՀԿ շարքերում...
 
Հ.Գ. Ի դեպ, այս առումով Վարդան  Բոստանջյանը շատ ավելի հարգարժան գործիչ է, որը բացահայտ հայտնեց իր դիրքորոշումը, քան Իշխան Զաքարյանը, որը թաքուն արեց իր սև գործը…