ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԱԿԻՉ ԷՐ

Արման Սահակյանի բախտը չբերեց

ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն այսօրվա նիստում բարձր տրամադրություն ուներ: 
- Լավ բան ենք անում,- պարբերարար կրկնում էր գործադիր մարմնի ղեկավարը
:

Վարչապետի տրամադրությունն այնքան բարձր էր, որ նա անգամ ոգևորում էր նախարարներին: Մասնավորապես,   գնահատականի արժանացան գյուղատնտեսւթյան ու էկոնոմիկայի նախարարները:

«Ավանգարդը»  երեկ անդրադարձել էր վարչապետի հանդիմանանքին, որը հնչել էր օրեր առաջ գյուղատնտեսության ոլորտում: Ու քանի որ «էս ինչ պալիտբյուրոյիզմ է» արտահայտությունը մեծ հնչեղություն էր ստացել, կառավարության ղեկավարը որոշել էր հավանաբար, քավել իրմ եղքը:  Բանն այն է, որ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշեց լուծարել մի քանի փակ բաժնետիրական ընկերություն:

-Մենք ունենք մի համակարգ, որը պետք է կրթի մեր գյուղատնտեսին, համակարգը համարում ենք ոչ էֆեկտիվ` այն վերացնում ենք: Այս  համակարգի փոխարեն պետք է ստեղծել «սպեցնազ»: Այսինքն` հաշվետվություն ենք ներկայացնում, թե քանի՞ ֆերմեր է առաջացել, քանի՞ կոոպերատիվ է առաջացել, քանի՞ գյուղատնտեսի աչքերը սկսել են փայլել: Գյուղնախարարությունը շատ համարձակ բարեփոխումներ է սկսել։ Մենք նրանց ամեն ինչով աջակցելու ենք, դուխով գնացեք առաջ,-ոգևորեց վարչապետը:

Իսկ ահա էկոնոմիկայի նախարարը հորդորեց իր ոլորտին առնչվող բարեփոխումը լավ տոնայնությամբ ներկայացնել:

Ի դեպ` այսօրվա նիստում  ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի բախտը չբերեց: Վերջինս այդպես էլ չկարողացավ պատասխանել կառավարության ղեկավարի հարցին, թե ինչով է զբաղվել 17 տարվա ձեռնարկությունը, որի մասնավորեցման հարցն այսօր է բերվել օրակարգ: