Փաստորեն Քոչարյանն է ՀՀԿ լոկոմոտիվը

Փաստորեն Ռոբերտ Քոչարյանն է եղել մեր իշխանությունների լոկոմոտիվը: Նրա ձերբակալությունից հետո միայն իշխանությունը կամովին հանձնած և Նիկոլ Փաշինյանի իշխանավարման օգտին քվեարկած հանրապետականները հանկարծ ընդվզումի նշաններ սկսեցին ցույց տալ, ինչը հետզհետե բարձրաձայն դատափետումների վերածվեց, երբ դատարանի դահլիճից ազատ արձակված Քոչարյանը հայտարարեց, որ քաղաքականություն է վերադարձել:
 
Այստեղ ակամա հարց է ծագում՝ դարձյալ ի վնաս բարոյականություն կոչվող գործոնի. Նախագահական իր երկու ժամկետները սպառելուց հետո նրա հովանու տակ բարգավաճած ուժը ինչո՞ւ իր «կնքահորը» մերժեց վարչապետի թիկնաթոռը: Իսկ հիմա նրա օգտին ձայն բարձրացնելով՝ դատափետում է գործող կառավարությանը, դրա ղեկավարին, որի գարնանային պահանջատիրությունը հենց հրաժարյալ Սերժ Սարգսյանը գնահատեց ճիշտ՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»:
 
Հետո նա հավելել էր՝ «Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա»։ Հասկանալի է, այդ լուծումները մարտի 1-ի կրկնությունը կարող էին լինել, սակայն դարձյալ Ռոբերտ Քոչարյանի փորձը ու հավանաբար նաև նման այլ պետություններից «դաբրո» չունենալը արյունոտ արկածախնդրության չմղեց նրան ու իր թիմին, ինչը գնահատելի է: Փոխարենը այսօր իրենց հակահեղափոխական կոչող ոմանք քաղաքացիական պատերազմի սպսռնալիք են հնչեցնում:
 
Հեղափոխությունները սովորաբար ավարտվում են իշխանափոխությամբ, ինչը մեզանում արդեն 100-օրյա իրողություն է: Ստացվում է՝ նախկինների համար այն դեռ չի ավարտվել: Վերադարձի են ձգտում, բայց ի՞նչ տրամաբանությամբ: (Հետաքրքիր է՝ հրաշքով հաջողելու դեպքում Քոչարյան-Սարգսյան տանդեմից ո՞վ է բազմելու իշխանության գահին:)
 
Քոչարյանի համար պայքարը նախ հետագայում նրա վիճակում հայտնվելը կանխելու նպատակն ունի: Բացի այդ, չի բացառվում, որ օտարերկրյա իրենց հովանավորներից թեթևակի «դաբրո» են ստացել՝ հեռատեսություն չունենալով հաշվարկել, որ բիրտ միջոցներով իշխանություն վերանվաճելն այսօր վաղուց մեկնած գնացք է, որից իրենք դուրս են թռչել: Ավելին, բռնությամվ վերադարձի փորձն ու անուղղելի հետևանքները միայն կարող են զվզրճացնել չարակամ օտարներին: 
 
Այս ամենից զատ, միլիարդատեր ճանաչված ՀՀ երկրորդ նախագահը ֆինանսներ չի խնայի՝ իրեն մեղադրողներին պատժելու համար: Եվ նրա պայքարը՝ հանուն ի՛ր ինքնահաստատման (թե՞ ինքնաարդարացման) առայժմ հիմնականում յուրայինների ձայնով է հնչում (թեև ինքն էլ հայտարարեց, որ իր կալանավուումը ռումբ է պետության տակ), լրատվամիջոցներ և լրագրող-սոցցանցայիններ գնելով ու վարձակալելով է արտահայտվում: Դժբախտաբար, վերջիններս ավելի շատ վնասում են իրենց տերերին, որովհետև նրանց դատափետումները կենցաղային վայնասունից վեր չեն բարձրանում:
 
Ի թիվս բազմաթիվ այլ ձևակերպումների, երևի թե  քաղաքականությունը նաև անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է: Հենց այստեղից էլ ծնունդ են առնում տարատեսակ տարատեսակ աճպարարությունները՝ ժողովրդին խաբելուց ու թալանելուց մինչև անցանկալիներին ոչնչացնելը, հանուն բուրգի գագաթին հայտնվելու և այնտեղ հավերժաբար բազմելու: Արդյո՞ք հենց այս նկրտումներին հետամուտ քաղխաղացողները չեն հորինել «քաղաքականությունն անբարոյականություն է» թևավոր դարձած արտահայտությունը: Հորինել են՝ իրենց վարքագիծն արդարացնելու և ավելի համարձակորեն անբարոյանալու համար: Այո, քաղաքականությունն անբարոյականություն է՝ եթե դրանով բարոյազուրկներն են զբաղվում: Մեր անկախացման 30 տարիները վկա. քիչ թե շատ բարոյական գործիչները ոչ մի կերպ չկայացան ու այդպես էլ չհաջողեցին իրենց ձայնը լսելի դարձնել իշխանական ականջներին:
 
Նաև ու ամենից առաջ այս պատճառով առողջ ընդդիմություն կոչվածը մեզանում չկայացավ: Իսկ Հանրապետականն ու նրա արբանյակները նույնիսկ թերի ընդդիմություն հիմա արդեն չեն կարողանալու դառնալ, որովհետև ընդդիմությունը պետք է հանրության վստահությունը վայելի: Նրանք վաղուց ի վեր մոռացել են հանրության մասին՝ վերջինիս կողմից անարգանքի արժանանալով:
 
Մի խոսքով, քոչարյանական լոկոմոտիվը ծանր բեռ ունի քարշ տալու: