Քոչարյանը չունի կուսակցական թիմ, և որևէ մեկը չգիտի, թե իր քաղաքական ապագան ինչպես է նա կառուցելու

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» կուսակցության պատգամավոր Ռուդիկ ՀՅՈՒՍՆՈՒՆՑԸ։
 
- Պարոն Հյուսնունց, Դուք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների հետ միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում նշեց, որ վերադառնում է քաղաքականություն։ Չի բացառվում, որ նա հանդիպումներ կունենա Արցախում։ Որքանո՞վ են Արցախի պատգամավորները պատրաստ նրան աջակցելու և նրա հետ համագործակցելու։
 
- Խոսքն ընդամենը միջնորդություն-խնդրագրի մասին Է, որն իրավական որևէ հիմք չունի իր հետևում։ Պարզապես մեր և իմ անձնական դիրքորոշումը հետևյալն էր. Քոչարյանին ոչ թե մեղադրում են Մարտի մեկի զոհերի հետ կապված, այլ մեղադրում են սահմանադրական կարգի խախտման մեջ։ Եվ այս խնդրահարույց հարցի շուրջ ամբողջ իրավական դաշտն իրար հետ վիճում է, թե իրո՞ք սահմանադրական կարգ է խախտվել, թե՞ ոչ։ Բայց քանի որ այս խնդրի մեջ և՛ ՀՀ առաջին նախագահն էր, և՛ Արցախի առաջին նախագահը, և՛ ՀՀ երկրորդ նախագահը, և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Սերժ Սարգսյանը, այսինքն՝ այս 25-30 տարվա բոլոր առաջին դեմքերը, կարծես թե, մի խնդրահարույց հարցի շուրջ են իրենք մտնում խնդրի մեջ, և այստեղից, կարծես թե, ոչ մեկը օգուտ չի քաղելու՝ ո՛չ երկիրը, ո՛չ իրենք։ Եվ իրար դեմ թիմ հանելով, իրար դեմ փաստաբաններ և իրավագետներ հանելով, անհնար է, որ այստեղ հաղթող լինի. այս ճանապարհով գնալու դեպքում բոլորս ենք պարտվելու։ Ամբողջ տրամաբանությունը սա է։ Բայց կարծում եմ, պետք է գիծը գծվեր և առաջ գնային՝ նոր ծրագրերով, բարեփոխումներով։ Ես ասել եմ, նորից կրկնում եմ, այս վիճահարույց հարցը մեզ լավ տեղ չի տանելու։
 
- Արդյո՞ք բոլոր պատգամավորները համամիտ են ձեր դիտարկման հետ։ Մինչդեռ այստեղ կարծիքներ են հնչում, որ հեղափոխության ալիքը պետք է հասներ Արցախ, իշխանափոխություն տեղի ունենար։
 
- Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Արցախում իրավիճակն այլ է։ Եվ այն բարեփոխումները, որ այսօր ուզում են սկսել Հայաստանում, մենք 12 տարի առաջ, երբ նախագահ ընտրվեց Բակո Սահակյանը, ազնվությունը հռչակեցինք որպես կրեդո և սկսեցինք մեր բարեփոխումների ծրագիրը։ Եվ Արցախում գրեթե չկա ստվեր, կոռուպցիան գրեթե վերացված է, և ինչ-որ իրենք ուզում են նախաձեռնել, մենք 12 տարի առաջ սկսել էինք և շարունակում ենք անել։ Եվ դրա մասին խոսում է պերճախոս վկայությունը, որ այդ տնտեսական խոր ճգնաժամի մեջ Արցախի կառավարությունն ապահովել է 10 տոկոս միջինացված տնտեսական աճ, և գրեթե հարյուրից ավելի սոցիալական ծրագրեր են իրականացվել Արցախում։ Այսինքն՝ Արցախում իրավիճակն այլ է, և, կարծում եմ, համեմատություններ անելը տեղին չէ։
 
- Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով արցախցիների՝ հանրահավաքի մասնակցությանը, նշել էր, որ հանուն մեր միասնական հայրենիքի ավելի անվտանգ, արդար ու բարեկեցիկ ապագայի էր։ Այստեղ նույնպե՞ս վտանգներ եք տեսնում։
 
- Բացարձակ վտանգներ չենք տեսնում, սա խոսում է Արցախում ժողովրդավարության, արժեհամակարգի կայացման պերճախոս վկայությունն է, և յուրաքանչյուր քաղաքական լիդեր, քաղաքական ուժ կարող է իր տեսակետն արտահայտել, իսկ ժամանակն էլ ցույց է տալու, թե ով էր ճիշտ, ոչ էր սխալ։
 
- Պարոն Հյուսնունց, պատրա՞ստ եք շարունակել աջակցել Ռոբերտ Քոչարյանին։
 
- Մենք ոչ թե շարունակում ենք աջակցել, այլ ընդամենը երկրի շահից ելնելով՝ մենք դիրքորոշում ենք արտահայտել։ Այսօր Ռոբերտ Քոչարյանը չունի կուսակցություն, չունի կուսակցական թիմ, և որևէ մեկը չգիտի, թե իր քաղաքական ապագան ինչպես է նա կառուցելու, իսկ դրանից հետո արդեն բոլոր քաղաքական գործիչները իրենց կարծիքները կարտահայտեն, իրենց դիրքորոշումը կարտահայտեն։
 
- Չե՞ք նկատում, որ Հայաստանի նախկին իշխանությունները փորձում են Արցախում ձևավորել քաղաքական նոր միջավայր, էլիտա։
 
- Դա Քոչարյանի իրավունքն է, և երբ ինքը սկսի իր քաղաքական ընթացքը, այդ ժամանակ մարդիկ արդեն իրենց դիրքորոշումը կհայտնեն։
 
- Իսկ եթե նա փորձի Արցախը դարձնել հակահեղափոխության կենտրո՞ն։
 
- Անկեղծ ասած՝ ապագան կանխորոշելը միայն մարգարեներին է հատուկ, ես ոչինչ չեմ կարող բացառել, բայց նորից եմ ասում, Հայաստանի սխալ ու ճիշտ տեխնոլոգիաները կաշխատեն Ղարաբաղում։
 
- Գառնիկ Իսագուլյանը, օրինակ, հայտարարում է, որ քաղաքացիական պատերազմի վտանգը մեծ է։ Սա անհեթեթ չե՞ք համարում։
 
- Ես ոչ մի բան չեմ կարող բացառել անհեթեթ է, թե անհեթեթ չի, պարզապես մեր իշխանավորներին ես կոչ եմ անում, որ իրենք իրոք պահեն սիրո և հանդուրժողականության մթնոլորտը, ես կուզեմ, որ վիրավորանքներից և հայհոյանքներից զերծ լինի այս ամենը, և լինի համերաշխություն։