Որպես երաշխիք՝ նոր մարդու, նոր հայի և նոր Հայքի վերածննդի ու առաքելակիր գործունեության

ՆՈՐ ՀԱՅՏ ՀՀ ՔԱՂԱՍՊԱՐԵԶՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարան»-ը և «Սասնա Ծռեր» խմբավորումը նախաձեռնում են ստեղծել «Սասնա Ծռեր» անվանմամբ քաղաքական կուսակցություն և մասնակցել Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին, դառնալ ազգային-քաղաքական կյանքի առաջատար մասնակից:
 
Ինչպես այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել Ժիրայր Սեֆիլյանը՝ իր բնույթով հայկական նորաստեղծ «Սասնա Ծռեր» կուսակցությունն ավելի շատ լինելու է շարժում՝ «…բավականին ճկուն, հնարավորինս թափանցիկ, բավականին ազատ կուսակցություն։ Բազմահարթակ մի կառույց է լինելու»։
 
Սեֆիլյանի հավաստմամբ՝ արտերկրի հայության ներգրավումը այս ամենին ի սկզբանե լինելու է։
 
- Ստեղծված է աննախադեպ հնարավորություն ձեւավորել լեգիտիմ ԱԺ։ Տեղի ունեցած հեղափոխության ձեռքբերումներից կարևորում եմ սա,- ասաց Սեֆիլյանը՝ հավելելով՝
 
- Այս փուլում բավական խառնակ իրավիճակ է, նախկինները փորձում են գլուխ բարձրացնել ։ Ժամանակները պարտադրելու են բոլորիս՝ վիրահատական մոտեցումները կյանքի կոչել: 
 
Կուսակցությունն աջակցելու է գործող իշխանություններին։
 
Իսկ կուսակցության տարածած հաղորդագրությունը (որը ստորագրել են Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը և «Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը) մանրամասնում է դրա բուն առաքելությունն ու նպատակները.
 
- «Սասնա Ծռեր» անվանումը խորհրդանշում և արտահայտում է կուսակցության նպատակները, նրա գաղափարական սկզբունքներն ու գործելակերպը: 
 
«Սասնա Ծռեր» անվանումը ցույց է տալիս, որ կուսակցությունը ձգտելու է հայությանը համախմբել «Սասնա Ծռեր» էպոսում արտացոլված հավատամքային համակարգից բխող նրա համամարդկային առաքելությունը վերաստանձնելու նպատակի շուրջ, ըստ այդմ կազմել ազգային ռազմավարություն և ձևավորել ու գործի դնել այն իրականացնելու ունակ համահայկական ցանցային կազմակերպվածք, որի միջուկն ու առանցքը պետք է դառնա Հայկական պետությունը: 
 
«Սասնա Ծռեր» կուսակցությունն առաջնորդվելու է լույսի և արդարության քաղաքական մշակույթով, ազգի ներսում չի որդեգրելու ռեալ պոլիտիկ կոչվող արատավոր ու կործանարար խաղի կանոնները, դառնալու է քաղաքական ասպարեզն օտարի միջամտությունից և նյութապաշտական-իշխանատենչական նկրտումներից զերծ պահելու հրամայականի ջատագովն ու առաջամարտիկը:
 
…«Սասնա Ծռեր» կուսակցությունը բերում է եղածից արմատական կերպով տարբերվող նոր դիտակետ, նոր միտք, նոր կենսակերպ, ինչը աղբյուր և երաշխիք է նոր մարդու, նոր հայի և նոր Հայքի վերածննդի ու առաքելակիր գործունեության: 
 
Թյուրընկալումներից զերծ մնալու համար հարկ է նաև նշել, որ կուսակցության «Սասնա Ծռեր» անվանումը որևէ կերպով պայմանավորված չէ «Սասնա Ծռեր» ռազմաքաղաքական խմբավորման հետ ժառանգորդություն ապահովելու հանգամանքով: Ընդհակառակը, այդ երկուսը վերը նշված նույն արժեքային-գաղափարական արմատի ծնունդ են՝ մեկը որպես գոյութենական սպառնալիքը չեզոքացնելու ճարահատյալ դրսևորում, իսկ մյուսը՝ որպես կառուցողական գործունեություն: 
 
Այս է պատճառը, որ «Սասնա Ծռեր» խմբավորումն ազգին ու պետությանը սպառնացող գոյութենական սպառնալիքի չեզոքացումից հետո՝ ժողովրդի իշխանության վերահաստատման ներկայիս պայմաններում, հայտարարեց զինված պայքարի էջը փակելու և ժողովրդի վստահության կառավարությանը աջակցելու մասին, իսկ կուսակցության ձևավորման ընթացքում խմբավորման բոլոր անդամների ազատ արձակվելուց հետո օրինաչափորեն ընդհանրապես ինքնալուծարվելու է և դադարեցնելու է իր գործունեությունը որպես միավոր:
 
…Գաղութային բռնապետությունից դեպի ինքնիշխան ժողովրդավարություն անցնելու ներկայիս Անցումային փուլի հրամայականների համատեքստում առկա քաղաքական պրոբլեմների լուծումը տեսնում ենք արմատական, հիրավի հեղափոխական քայլերի միջոցով: