Միջավայրային նախապայմաններ

ԹՈՒՐՔԻՈ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ

Բաքվում Թուրքիայի վարչապետի արած հայտարարությունը Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հին հանկերգի վերահնչումն է։ Յըլդըրըմը պարզապես վերաբանաձևել է նախապայմանային քաղաքականության առաջին բաղադրիչը։ Եթե Հայաստանը «չվերադարձնի Ադրբեջանի օկուպացված հողերը», ապա
հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել։
 
Նա խոսել է նաև հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների մեկ ամբողջություն լինելու մասին՝ պարզ դարձնելով, որ Անկարա-Երևան հարաբերությունների կարգավորման նախափուլը Բաքու-Երևան հարաբերությունների նորմալացումն է։ Եվ ուրեմն՝ նախապայմանային նախապայմանը հայկական ուժերի հեռացումն է Արցախից։ Ստացվում է, որ Անկարայի կիրառած նախապայմանային քաղաքականության առաջին բաղադրիչը իր հերթին ունի նախապայմաններ. հայկական ուժերի հեռացում Արցախից, ապա Բաքու-Երևան հարաբերությունների բնականոնացում, որից հետո Անկարա-Երևան հարաբերությունների կարգավորում։ Միևնույն հայտարարությունում Թուրքիայի վարչապետը անարդյունավետ, հետևաբար հեղինակազրկված կառույց է համարում ՄԱԿ-ը։ Նրա համոզմամբ՝ ՄԱԿ-ը գնալով  վերածվում է անարդյունավետ կառույցի. 
 
- Այն արդեն անհույս է միջազգային հարցերը լուծելու հարցում։ Պատճառը՝ ՄԱԿ-ի կառուցվածքն է։ Այդ կառուցվածքով  խաղաղություն ապահովել հնարավոր չէ։ Այդ մեխանիզմները անպայման պետք է վերանայել, որպեսզի տարածաշրջանում և ողջ աշխարհում հնարավոր լինի հեշտությամբ խաղաղություն ապահովել։
 
Թուրքիան և Ադրբեջանը մի ամբողջություն համարող Թուրրքիայի վարչապետը այստեղ շեղում է կատարում Բաքվի արտաքին քաղաքականությունում երևացող ռազմավարական վարքագծից։ Բաքուն տարիների հետևողականությամբ բանակցային գործընթացը փորձում էր ԵԱՀԿ-ից տեղափոխել ՄԱԿ՝ տարբեր պատճառներով. սկսած՝ Անկարայի ազդեցությունը այդ միջավայրում գործոն նկատելուց մինչև ՄԱԿ-ի անդամ իսլամական պետությունների մոտ կրոնական պատկանելիության շահարկման առիթների գործադրման հավանականությունները գնահատելը։ Եվ եթե ԵԱՀԿ-ը և այժմ էլ ՄԱԿ-ը սպառված կառույցներ են, ապա միջազգային ո՞ր ատյանը պիտի զբաղվի հակամարտության լուծման գործընթացով։ Մեկ ամբողջություն կազմող երկու երկրների պատկերացմամբ՝ գուցե իսլամական վեհաժողովը…
 
Յըլդըրըմի շեղումը սակայն, ըստ էության, ոչ թե հարաբերակցաբար Բաքվին է վերաբերում՝ բանակցային ձևաչափի առումով, այլ հենց ինքնապահվածքին։ 
 
Ընդամենը մի քանի ամիս առաջ, մայիսին, պաշտոնական Անկարան արձագանքել էր ՀՀ վարչապետի՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը կողմ լինելուն։
 
- Տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումը փոխի, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած սխալ դիրքորոշումներից, հրաժարվի այդ ամենից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ ուսումնասիրելով մանրամասները, համարժեք պատասխան կտանք: Մենք չենք ցանկանում որևէ մեկի, հատկապես մեր հարևանների հետ թշնամություն անել: Եթե այդպիսի մոտեցում լինի, բնականաբար մեր պետության շահերի շրջանակներում կքննարկենք այն: 
 
Խոսքերը պատկանում են միևնույն Յըլդըրըմին: Այսպես ուրեմն. Անկարան պատրաստ էր քննարկել դիվանագիտական կապերի հաստատման Երևանի մոտեցումները, եթե Երևանը ճանաչի այսօրվա սահմանը և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Գեթ այս բանաձևման մեջ Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու ուղղակի պայման չկա. հրաժարման պահանջը հստակորեն տարածքայինին է վերաբերում: 
 
Բայց ավելի կարևորը այն էր, որ Յըլդըրըմը չէր ակնարկում Արցախի խնդիրը և խոսում էր Թուրքիային վերաբերող հարցերից:
 
Որքան էլ հայտարարության միջավայրային տրամաբանությունը նկատի ունենանք և դրանով էլ բացատրենք Բաքվում հնչած միայն արցախյան նախապայմանի արծարծումը, այնուամենայնիվ, միևնույն պաշտոնյայի երկու հայտարարություններում ընդհանուր բաղադրիչ չկա։ Թուրքիայում նա պայմանականացնում էր տարածքային պահանջներից հրաժարման անհրաժեշտությունը, իսկ Բաքվում՝ Արցախի հարցի պայմանային  և միակողմանի զիջումներով պատկերացված լուծումը։
 
Իհարկե, միջավայրի տրամաբանությունը ընկալելի է։ Դրա համար էլ չի բացառվում, որ Բաքվից դուրս Անկարան առնվազն նույն շեշտադրումներով չպայմանականացնի խնդիրը կամ էլ ընդհանրապես արցախյան բաղադրիչը չնշի Երևան-Անկարա հարաբերություների կարգավորմանը միտված որևէ նախաձեռնություն սկսելու համար։ 
 
Թուրքիայի նախապայմանային քաղաքականությունը ուժի մեջ է. փոփոխվում են նախապայմանների առաջնահերթությունները, շեշտադրումները, կետերից մեկը մի առիթով նշելով կամ չնշելով՝ խաղի ստանդարտ կանոնները։
 
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր