«Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան»

ՀԱՅԱՑՔ ԴՐՍԻՑ

Ռուսաստանը կխոչընդոտի Հայաստանի ժողովրդավարացման բոլոր ջանքերը, քանի որ դրանց մեջ վտանգ է տեսնում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանքը.
 
- Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան:
 
Վերլուծաբանի խոսքով, Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշում է գործադրելու առաջին հերթին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում.
 
 
- Անհնար է ժողովրդավարություն զարգացնել, քանի դեռ ղարաբաղյան պատերազմը շարունակվում է, քանի որ ողջ հին վերնախավն իր կարողությունն ու դիրքը ստեղծել է ղարաբաղյան պատերազմի վրա: Ու քանի դեռ պատերազմը շարունակվի, նրանք մնալու են ազդեցիկ և խափանելու են ժողովրդավարության ցանկացած ընթացք, որով փորձում է շարժվել Փաշինյանը:
 
Սակայն, Հայաստանն ինքնուրույն չի կարող պարտադրել Ադրբեջանին պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները: Ռուսաստանը դա չի ցանկանում իսկ Եվրոպան ի վիճակի չէ անել: Ուստի, Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի խաղաղության պահպանումը ղարաբաղյան հակամարտության շրջանում, մի բան, որ Վաշինգտոնը մինչ այժմ ակտիվորեն չի արել, նշում է Բլանքը.
 
- Միացյալ Նահանգները պետք է միջամտի և իրական միջնորդություն ապահովի, որը թույլ կտա կողմերին խաղաղության մեջ ապրել: Նրանցից չի պահանջվում սիրել միմյանց, պահանջվում է հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները, որը թույլ կտա երկու ժողովուրդներին զարգանալ եւ բարգավաճել:
 
Սթիվեն Բլանքի խոսքով, եթե նա լիներ ԱՄՆ-ի նախագահի խորհրդականն ապա խորհուրդ կտար Դոնալդ Թրամփին հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ և փոխանցել Միացյալ Նահանգների պատրաստակամություն աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
 
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆ Մանկոֆի կարծիքով, Մոսկվան այնուամենայնիվ ակնհայտորեն չի միջամտում Հայաստանի «թավշյա հեղափոխությանը»՝ փորձելով չկրկնել Վրաստանում և Ուկրաինայում գործած սխալները.
 
- Վերջին շրջանում, սակայն, նկատվում է Ռուսաստանի առավել ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ: Նրանք փորձում են հիշեցնել Հայաստանին դրա շուրջ աշխարհքաղաքական իրավիճակի և Ռուսաստանի դերի մասին:
 
Հայաստանը, որի չորս հարևաններից երկուսի հետ սահմանները փակ են, Ուկրաինա կամ Վրաստան չէ և անկախ նրանից, թե ինչպիսի կառավարություն կլինի Հայաստանում, այն ստիպված կլինի հաշվի առնել աշխարհագրական իրավիճակը եւ չվատթարացնել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ համոզված է փորձագետը: