Այսօր դեռ հնարավոր է մերժել հետադիմական-ռևանշիստական ուժերին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՒ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Սույն թվականի ապրիլին հայ ժողովուրդը միահամուռ խաղաղ գործողություններով տապալեց ժամանակակից աշխարհում սանձարձակ կոռուպցիայի խորհրդանիշը դարձած Սերժ Սարգսյանին և վերջինիս ղեկավարած քրեաօլիգարխիկ ռեժիմը: Հայերը աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տվեցին իրենց ազատատենչ ոգին ու արդարամիտ մտածելակերպը՝ փարատելով մեր ժողովրդի մասին այն թյուր պատկերացումը, որն երկար տարիներ միտումնավոր սերմանում էր մեր համբերությունը չարաշահող ու մեր ժողովրդին ստրկամիտ զանգվածի կերպարով աշխարհին ներկայացնող սերժսարգսյանական վարչախումբը:
 
Արժևորելով Նիկոլ Փաշինյանի և նրա կաբինետի գործունեությունն անցած չորս ամիսների ընթացքում, մեր մասնագիտական պարտքն ենք համարում մատնանշել այն երկու հիմնական խնդիրները, որոնք դեռևս լուծում չեն ստացել և որոնց պատճառով քաղաքագետները հակված են Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակում տեսնել երկիշխանության հատկանիշներ: Այդ երկու խնդիրներն էլ՝ անցումային արդարադատության մարմինների ձևավորումը և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը, ժողովրդական վարչապետը բնութագրել է որպես կարևորագույն ու հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ, սակայն առ այսօր դրանց լուծումը անընդհատ հետաձգվում է: Պարզ երևում է, որ Նիկոլ Փաշինյանին խանգարում են ոչ թե ինչ-ինչ հանգամանքներ «դրսից», այլ իշխանության ներսում դիրքավորված ռևանշիստական և հետադիմական «աշխարակները»: 
 
Մեր պարտքն ենք համարում զգուշացնել մեր հանրությանը, որ եթե սեպտեմբերի 23-ի ընտրությունների առիթը երևանցիները չօգտագործեն հանրապետական-բհկական ուժերին ջախջախիչ և վերջնական պարտության մատնելու համար, ապա երկրում կստեղծվի արդեն բացահայտ երկիշխանության իրավիճակ, որի հաղթահարումը խաղաղ ճանապարհով հետո կլինի չափազանց դժվար, եթե ոչ՝ նույնիսկ անհնարին: Այսօր դեռ հնարավոր է մերժել հետադիմական-ռևանշիստական ուժերին՝ այնպես, ինչպես մենք մերժեցինք նրանց պարագլուխ Սերժ Սարգսյանին՝ խաղաղ անարյուն ճանապարհով: Այդ ճանապարհը սեպտեմբերի 23-ի ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելն է: Այլընտարանքն անորոշությունն է, որը քաղաքական գործընթացները կմտցնի փակուղի, կստեղծի պատային իրավիճակ և հակահեղափոխական թերմիդորի իրականացման ռեալ վտանգ: 
 
Խաղաղ ճանապարհով, արդար ընտրությունների միջոցով այդ իրական վտանգը կանխելու անհրաժեշտության գիտակցումն է ստիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անձամբ մասնակցել «Իմ քայլը» նախընտրական դաշինքի քարոզարշավին և միայն իրեն հատուկ ոճով կրքոտ ելույթներ ունենալ՝ ի պաշտպանություն Հայկ Մարությանի: Խաղաղ ճանապարհով, քվեարկության միջոցով հակահեղափոխական թերմիդորի վտանգը կանխելու անհրաժեշտության գիտակցումն է մեզ ստիպել հանդես գալու սույն հայտարարությամբ և հորդորելու բոլոր երևանցիներին քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: