Միջազգային վարկի ապահովման դիտակետից

Երևանի ավագանու ընտրությունները իբրև կազմակերպման և կայացման եղանակ նախաբանային իմաստ ունեն առաջիկա արտախորհրդարանական արտակարգ ընտրությունների համար։ Խորհրդարանական ընտրությունների համար ժամկետների ճշտման նպատակով խորհրդակցությունների մեկնարկն արդեն հայտարարվել է։ Քաղաքական երկխոսության հարթակը պարտադիր է։ Հասկանալի է, որ ընտրության արդյունքները կարող են ազդեցիկ հանգամանք լինել խորհրդարանի լուծարման կամ, քաղաքական բանաձևումով՝ նոր իրադրությամբ գոյացած իրավիճակում նոր ԱԺ-ի  ձևավորման որոշման համակողմանի ընդունման համար։
 
Հանգուցալուծումները իրավական հարթությունում պահելու համակողմանի մոտեցումը կնպաստի մեր երկրի միջազգային վարկի ու հեղինակության բարձրացմանը, որի ենթահողը հայտնապես գոյացել է՝ նկատի ունենալով միջազգային դրական արձագանքերն ու հակառակորդի բացահայտ անհանգստությունները։
 
Երևանի ավագանու ընտրությունները ներհայաստանյան առումով դեռևս կքննարկվեն։ Սակայն, անկախ ներքին հարթությունում գոյություն ունեցող տարատեսակ մեկնաբանություններից, կա մանավանդ արդար ընտրություններին մասնակցած լինելու թե՛ ժողովրդային և թե՛ քաղաքական ընդհանուր համոզվածություն։
 
Ահա այստեղ է, որ ներհայաստանյան կարևորագույն համայնքի ընտրությունները իրենց վրա են կենտրոնացնում արտաքին գնահատականների պաշտոնական արձագանքները։ Միջազգային ընտանիքի տարբեր ներկայացուցիչներ հաստատում են և դեռևս տարբեր առիթներով պիտի հաստատեն ընտրական մշակույթի նոր թռիչք արձանագրելու փաստը մեր երկրում։
 
Բացարձակ պարզամտությամբ չպետք է մոտենալ իհարկե նման գնահատականների ապաքաղաքական լինելուն։ Դիտորդների, միջազգային կառույցների, գերտերությունների արտաքին գործերի գերատեսչական բաժանմունքների հայտարարությունները նկատում են և համապատասխան արժևորում այն, ինչ որ իրենք ուզում են նկատել և, բնականաբար, չեն նկատում՝ այն ինչը չեն ուզում նկատել։
 
Թվում է այս դեպքում, որ մեր երկրի ժողովրդավարացմանը միտող քայլերը մանրադիտակի տակ են առնվել։ Եվ գեթ դեկլարատիվ մակարդակում իրադարձություններն ստանում են դրական արձագանքներ։ Թե՛ թավշյա հեղափոխությունը, թե՛ կոռուպցյայի դեմ պայքարը և թե՛ այժմ էլ ավագանու ընտրությունները իրենց վրա են հրավիրել ինչպես գերտերությունների, այնպես էլ միջազգային ընտանիքի հետ առնչություն ունեցող տարբեր համաժողովների  ուշադրությունը։
 
Դեկլարատիվ մակարդակի միջազգային ընդհանուր դրական մթնոլորտի ցուցանիշներից կարելի է համարել Եվրախորհրդարանի բանաձևը, ՄԱԿ-ի առաջին դեմքի հայաստանյան իրադարձություններին տված աննախադեպ գնահատականը, պատմական ակնարկներով Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային խնդիրների ուղղությամբ նուրբ ուղերձներ փոխանցող ԱՄՆ նախագահի և Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով հղած շնորհավորագրերը։ Բնականաբար դրանք բոլորը ունեն նաև աշխարհաքաղաքական-տարածաշրջանային ենթաշարժառիթներ, որոնք կգան լրացնելու դեպի Երևան դրական ազդակներ հղելու այդ երկրների ընդհանուր քաղաքականությունը։ Եվ, ըստ էության, անտեղի չէ Ադրբեջանի նախագահի կանխահաս անհանգստությունը Երևանի ընտրություններին՝ միջազգային դիտորդների տված դրական գնահատականի ուղղությամբ։
 
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր