Հանգուցալուծման միտումներ՝ կառավարության ծրագրի շրջանակներում

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ստեղծված իրավիճակի հանգուցալուծման միտումներն են դրսևորվում։ Անկախ խորհրդարանական խմբակցությունների միջև կայացման ընթացքում եղած բանակցությունների հավանական դրական ելքի ուրվագծումից, արժի վերանայել կառավարության ծրագիրը։ Այլ կերպ ասած՝ լուսարձակի տակ առնել այն հիմնադրույթները, որի շուրջ համաձայնել են գործող խորհրդարանի բոլոր խմբակցությունները։ Համաձայնել են և ձեռք բերել պայմանավորվածություն։
 
Այսպես.
 
- Ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով:
 
- Բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած 
ընտրողների  մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված 
ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով:
 
- Օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակցող 
քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով 
տրամադրվող եթերաժամերի տրամադրումը ամենադիտվող 
ժամերին:
 
- Բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը,ճնշումներն ու ընտրակաշառքը։ 
Այդ նպատակով իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների և օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ապօրինի խոստումների և ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում:
 
- Իրականացնել Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ազատ կամարտահայտումը  երաշխավորող այլ փոփոխություններ։
 
- Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։
 
Այժմ, երբ ընտրական նոր օրենսգրքի հայեցակարգը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին, ենթադրել է տալիս, որ կա հստակ միտում մինչև դեկտեմբեր մշակելու և հաստատելու օրենքը, որի հիման վրա պիտի կայացվեն արտահերթ խորհրդակցական ընտրությունները։
 
Այսպես՝ հայեցակարգի հիմնադրույթների կարևորագույն կետերը.
 
- Ընտրությունները պիտի անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ճշտված ցուցակներով: Ռեյտինգային ընտրակարգը ամբողջությամբ պիտի վերանա։
 
- Կուսակցությունների համար անցողիկ շեմը կսահմանվի 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս:
 
- Հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինեն նվազագույնը 4 քաղաքական ուժ։
 
- Որոշ փոփոխությունների կենթարկվեն նախընտրական քարոզչության խաղի կանոնները: Կտրվեն ավելի լայն հնարավորություններ՝ քարոզչություն իրականացնելու, բանավեճեր կազմակերպելու և այդ բանավեճերին ընտրացուցակները գլխավորող դեմքերի մասնակցությունը ամրագրելու և, ընդհանրապես, ընտրություններին հավասար հնարավորություններ ձևավորելու։
 
Եթե մի կողմից կա շտապողականություն արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին կազմակերպելու, մյուս կողմից կա նաև որոշակի նախաձեռնություն՝ չշրջանցելու կառավարության ծրագրով կայացած պայմանավորվածությունները։ 
 
Ծրագրի իրականացման օրինական երաշխիքները անհրաժեշտ է անպայման ամրագրել։ Այդ հիմնադրույթները  նպատակադրում են ըստ էության խորհրդարանում ժողովրդի կամարտահայտության համարժեք արտացոլացումը։ Վարկանիշային ընտրակարգի բացառումը, անցողիկ շեմի նվազեցումը և ներկայացված կուսակցությունների թիվը մեկ միավորով բարձրացնելը հանրապետության ժողովրդավարացմանը նպաստող կարևորագույն գործոններ են։ Խոհրդարանական համակարգով ղեկավարվող Հանրապետությունում խորհրդարանի կայացրած որոշումները գերակշիռ են և դրանց ամբողջական իրականացումը բխում է գործող Սահմանադրության ոգուց ու տառից։ Համակարգային փոփոխության իրականացման նախադրյալներն են՝ նորացված Սահմանադրությունը, խորհրդարանական կառավարման համակարգն ու ընտրական նոր օրենսգիրքը։ Իսկ ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ կայացումը հավելյալ նշաձող կապահովի մեր երկրի ու պետության միջազգային հեղինակությանը։
 
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր