Բոլթոնի ակնարկած «ներկայի հանգամանքները»

ՈՒՂՂԱԿԻ ԿԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՈՒՂԵՐՁՆԵՐ ԱՄ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՑ

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդարականի այցը տարածաշրջան՝ իր երկրի և բնականաբար Երևանի, Բաքվի ու Թբիլիսիի միջև հարաբերությունների զարգացման էր միտում և այդ երկրներին ուղղակի կամ անուղղակի ուղերձներ էր փոխանցում։
 
Քաղաքական հատուկ ընթերցումների պետք չկա՝ ընկալելու համար ամերիկացի բարձրաստիճան պաշտոնատարի փոխանցած ուղերձների բովանդակությունը։
 
Բոլթոնը հայկական գործընթացներն արգելակած հանգույցների լուծման բանալին բնութագրում էր հետևյալ մտքերով.
 
- ԱՄՆ-ի տեսանկյունից որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այդքան ավելի մեծ է հնարավորությունը շփվելու Միացյալ Նահանգների և նույն արժեքները կրող այլ երկրների հետ։
 
Եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: 
 
Ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, ևս կբացվի: Եվ կարծում եմ, որ Վրաստանի հետ սահմանը կարող է ավելի քիչ անհանգստություն առաջացնել այն առումով, թե ինչ ճնշում կգործադրեն նրանց նկատմամբ ռուսները:
  
Այսպես. ժողովրդավարացման ներկա ընթացքը ողջունելի է Վաշինգտոնի համար, ինչը պիտի նաև նպաստի Վաշինգտոնի և Վաշինգտոնի բնորոշումով ժողովրդավար երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։
 
ՌԴ-ից կախյալությունը հավասարակշռելու համար Երևանը սպառազինության շուկայի հանդեպ իր հայացքը անհրաժեշտ է, որ կենտրոնացնի ամերիկյան միջավայրի վրա, որտեղ ավելի որակյալ սպառազինություն կարող է ստանալ՝ հակառակ դրան, որ Կոնգրեսի թիվ 907 հոդվածը սահմանափակում է հակամարտող կողմերին զենքի վաճառքի քանակը։
 
Սակայն, ՀՀ-ի զարգացման հիմնական ուղին մատնացույց է արվում վերջին մտքում։ Ներկայի հանգամանքները ընդգծում են Արցախ-Ադրբեջան հակամարտության հանգուցալուծման անհրաժեշտությունը։ Բանալին՝  Երևան-Բաքու և Երևան-Անկարա հարաբերությունների բնականոնացում։
 
Այստեղ կա արցախյան հարցով  թուրք և ադրբեջանական նախապայմանային մոտեցումների պատճենահանում կամ երկու հիմնահարցերի փոխկապակցվածության ընդգծում։ Համեմատականորեն  դրականը հավանաբար այն է, որ Բոլթոնը չի կրկնում պաշտոնաթող դեսպան Միլսի պատկերացրած Արցախի հակամարտության լուծման համար անխուսափելիության գործոնի տեսությունը։
 
Ծխածածկութավոր բաժինը Բոլթոնի օգտագործած «ներկայի հանգամանքներ» ասելաձևն է։ Որովհետեւ հարցերի լուծման փոխկապակցվածությունը կամ ՌԴ-ից ապակախյալության անհրաժեշտության հիշեցումը նոր հանգամանքներ չեն։ Նորը հավանաբար մեր երկրում կայացող նոր իրավիճակն է, որը Բոլթոնը առնչում է Արցախա-ադրբեջանական հակամարտության լուծման ենթահողին։
 
Իսկ այս հարցով պաշտոնական Երևանը ոչ միայն վերահաստատել է նախապես հրապարակված դիրքորոշումները, այլ նաև շեշտել պաշտոնական Ստեփանակերտի ներգրավվածությունը բանակցային գործընթացին՝ ավելի հստակացնելով, որ արցախահայության և ՀՀ-ի ժողովրդի հանրաքվեով դրսևորելի կամարտահայտությունը կլինի հիմք՝ Արցախի հարցի կարգավորման առաջարկվող տարբերակին։ 
 
 
                                                                                                 Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
                                                                                «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր