«Տուժող» Քոչարյանի ջղաձիգ քայլերը

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ. 1in.am

ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է:
 
Փաստաբանը tert.am-ին ասել է, որ նման միջնորդություն էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը: «Քննչական կոմիտեն միջնորդությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ ձայնագրությունում դատարանի վրա ազդեցություն ունենալու մասին պարունակվող տվյալները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում ձեռնարկել է համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, սակայն դրանց արդյունքում դատարանի գործունեությանը միջամտելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել»,- ասել է Խուդոյանը:
 
Փաստաբանը հայտնել է նաև, որ Ռոբերտ Քոչարյանին դատավարական կարգավիճակ տալու միջնորդությունը մերժելու մասին Քննչական կոմիտեի որոշումը կբողոքարկեն ՀՀ գլխավոր դատախազին:
 
Այս պատմությունը ուշագրավ է երկու տեսանկյունից, ընդ որում՝ երկու դեպքում էլ Ռոբերտ Քոչարյանը փորձում է ալիբիներ ձեռք բերել՝ քրեական հետապնդումից խույս տալու նպատակով։ Անկասկած, պաշտոնաթող նախագահի պաշտպանական թիմը գաղտնալսումների թեմայով Քոչարյանին տուժող ճանաչելու հարցում հետևողական է լինելու մինչև վերջ՝ գործը հասցնելով ընդհուպ Եվրոպական դատարան։
 
Բանն այն է, որ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսումը երկրորդ նախագահի, ըստ էության, միակ իրավական ալիբին է։ Նույնիսկ Միքայել Հարությունյանի ու անգամ Յուրի Խաչատուրովի բացակայության պայմաններում Մարտի 1-ի գործում Քոչարյանի մեղսակցությունն ապացուցելի է, որովհետև առկա է 0038 տխրահռչակ հրամանը, որը հետին թվով որևէ մեկը չեղարկել չի կարող։ Էլ չենք խոսում այն մասին, որ ՀՔԾ-ն ցանկացած պահի կարող է հրապարակել Մարտի 1-ի գործի, այսպես կոչված, օլիգարխիկ շերտը՝ հիմնավորելով, թե ինչպես է Քոչարյանը նպատակային քայլերով քրեականացրել իշխանությունը՝ հասարակության հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով։ Այսինքն՝ Մարտի 1-ի հարցով երկրորդ նախագահը պաշտպանվելու որևէ հնարավորություն չունի, ու նրա միակ ելքն ըստ էության այն է, որպեսզի մարտավարությունը կառուցի իրավունքի խախտման սկզբունքով, այլ խոսքով՝ հիմնավորի, որ ինքն ազատությունից զրկվել է ոչ թե օրենսդրության պահանջով, այլ ԱԱԾ տնօրենի կողմից դատարանի վրա կայացված ճնշման հետևանքով։
 
Նույն իրավիճակն է գաղտնալսումների գործով։ Գրեթե ակնհայտ է, որ այն կազմակերպել է Ռոբերտ Քոչարյանը, ու առաջիկա օրերին ենթադրվում է, որ մեղադրանք կառաջադրվի նրան, ու վերջինս փորձում է նախահարձակ քայլերով հանրային կարծիք ձևավորել, որ ինքն այս պատմության մեջ ոչ թե հանցագործ է, այլ տուժող։
 
Սակայն ինքնին հետաքրքիր է Ռոբերտ Քոչարյանի վերջին շաբաթների քայլերի տրամաբանությունը։ Նա հարցազրույցներ է տալիս ամերիկյան ու ռուսական հեղինակավոր կայքերի, լրատվամիջոցների, քաղաքական շրջադարձային քայլերի սպասումներ է ծնում, սակայն հետո այդ ամենը հանգեցնում է ընդամենը պաշտպանական մարտավարության՝ ձգտելով խուսափել անխուսափելի թվացող կալանավորումից։ Այլ խոսքով՝ Քոչարյանը հասկանում է, որ ինքն ավելի շատ ոչ թե քաղաքական կյանքի, այլ քրեական քրոնիկոնի ֆիգուրանտ է, ու փորձում է հնարավորինս քաղաքականացնել այն ֆոնը, որտեղ տեղի է ունենալու իր կալանավորումը։ Այս ամենը, սակայն, ավելի շատ նմանվում է ջղաձիգ քայլերի, որին դիմում է հանցագործը՝ անխուսափելի պատժից առաջ։
 
                                                                                                        Սարգիս ԱՐԾՐՈւՆԻ