Տարածքային ամբողջկանության Թեհրանի յուրովի ընկալումը

Անկարա-Բաքու-Թեհրան եռակողմ ձևաչափով կայացած հանդիպումից բխած հռչակագիրը, անկախ տարածաշրջանային-աշխարհաքաղաքական մակարդակի վրա համագործակցության առանցքներ ճշտելուց, բաժին էր հատկացրել նաև արցախյան հակամարտությանը։
 
Պետք է ասել, որ նման ձևաչափով տասնյակ նախընթաց հանդիպումներ էին կայացել, և Արցախի հակամարտության առումով վերջին հռչակագիրը հիմնական նորություն չի բովանդակում՝ մի  տարի առաջ գումարված նախորդ հանդիպման որդեգրած հռչակագրի համեմատ։
 
Պարզ է, որ այստեղ երկու պետությունների գերատեսչությունների ղեկավարները պիտի ցանկանային ամեն գնով գերակա սկզբունք համարել երկրների տարածքային ամբողջականությունը։ Չեզոքության պահպանման իր ճիգում Թեհրանը հայտնաբար չպիտի ուզեր միակողմանի դիրքորոշում որդեգրած լինել։ Եվ այստեղ է, որ պաշտոնական Թեհրանի ներկայացուցիչը հատուկ արձագանքմամբ որոշակի խուսանավում կատարեց։
 
Բայց նախքան այդ արձագանքին անդրադառնալը, նախ հրապարակված հռչակագրի տեքստում նկատենք որոշակի բաց դուռ միջազգային օրենքի երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի համատեղման ուղղությամբ։ Եվ ապա՝ զուտ իրանյան դիտակետից որոշ խնդիրների զարգացման կանխարգելում։
 
Այսպես. երբ ասվում է, որ կողմերը շեշտում են միջազգային օրենքի, հատկապես գերիշխանության հարգանքի և զորակցության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության, բոլոր վեճերի խաղաղ ճանապարհով լուծման, և ներքին գործերին չմիջամտելու իրենց հանձնառությունը, առաջին հայացքից ենթադրվում է, որ բանաձևը վերաբերում է հատուկ Արցախին։ 
Նախ, երբ ընդհանրապես միջազգային օրենքն է ակնարկվում, այդ օրենքը նաև ներառում է ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, ինչը այստեղ առանց նշվելու, շրջանցվելով՝ անուղղակիորեն ակնարկվել է։ 
 
Սակայն Թեհրանը այսօր բոլոր ժամանակներից ավելի ռազմավարական գործընկերների կարիք ունի՝ իր հանդեպ Վաշինգտոնի կիրառած մեկուսացման քաղաքականության դեմ կանխարգելման միջոցների դիմելու։ Բոլթոնի տարածաշրջանային այցելության ընթացքում կարևոր հանգրվան էր Բաքուն՝ ոչ միայն իբրև սահմանամերձ Իրանի իր հանգամանքով, այլ նաև Իրանում բազմամիլիոնանոց ազգակիցներ ունենալու իրականությամբ։
 
Բացառված չէ, որ անթեղված անջատողական տրամադրությունների բարձրացման գործոններն իրականացվեն՝ այդ ալիքի բարձրացման և պաշտոնական Թեհրանի վրա ճնշամիջոցներ բանեցնելու նպատակադրությամբ։
 
Հետևաբար, ներկա պայմաններում Իրանն իր գործընկերների միացյալ հանձնառության կարիքն ունի՝ տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, վեճերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքների հանդեպ։
 
Եվ եթե Անկարայի և Բաքվի քաղաքական մղումները միտվում են դեպի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության շեշտում, Թեհրանի առաջնահերթությունը այս դեպքում տարբեր է՝ մանավանդ ներկա հանգամաքների  նկատումով։
 
Այդ պատճառով էլ հռչակագրի բովանդակության մասին  իր արձագանքման ընթացքում Իրանի արտգործնախարարը Արցախի հակամարտության առումով բավարարվել է շեշտելով, որ հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա։ Պարզորեն, այս հայտարարությամբ  Իրանի արտգործնախարարը խնամքով դուրս է մղել այն, ինչը հռչակագրում տեղ է գտել Արցախի ուղղությամբ Անկարայի և Բաքվի բանաձևումով։ Ընդգծելով, որ տարածքային ամբողջականության գերակայությունը անպայման չի վերաբերում Ադրբեջանին։
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր