Մեզ պե՞տք է նախարարություն՝ առանց իրավասությունների

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Ի ԶՈՐՈՒ ՉԷ ՎԵՐԱՀՍԿԵԼ ՕՏԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Որ պետական մարմինների հաստիքներն ու սպասարկող մեքենաների քանակն ուռճացված է՝ լուրջ քննարկված թեմա է: Մեքենաների մասով արդենիսկ «բեռնաթափումներ» արվել և արվում են: Խոսվում է նաև նախարարությունների քանակը կրճատելու մասին: Եվ, իսկապես, սահմանափակ բնակչությամբ և աղքատիկ բյուջեով մեր երկրի համար անհարկի շռայլություն են 17 նախարարությունն ու տարատեսակ այլ գերատեսչությունները, որոնք միավորելու ճանապարհով առնվազն 1/3-ով կրճատելն, ինչպես ասում են՝ տեխնիկայի գործ է:
 
Առավել զգալի է դրանցից հատկապես մեկի՝ Սփյուռքի նախարարության ժամանակավրեպությունը: Այն լիովին կատարել է իր գլխավոր առաքելությունը՝ համախմբելով սփյուռքյան կառույցները, արտերկրներում ապրող մեր հայրենակիցներին փաստելով հայրենիքի ներկայությունն իրենց կողքին: 
 
Սակայն օտար պետությունների քաղաքացիներ համար հայաստանյան նախարարությունն ուրիշ ոչինչ անել չի կարող. չի կարող լուծում տալ նրանց տարաբնույթ խնդիրներին, նրանց վերահսկել ու օրինավորություն պահանջել և այլն: Հենց այս առումով էլ դրա գոյությունը ձևական է դառնում: Փոխարենը մեր հսկայական Սփյուռքի խնդիրներով պետք է զբաղվեն մի քանի գերատեսչություններ:
 
Դիցուք, ներդրումներով արդենիսկ զբաղվում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, հայեցի կրթության խնդիրներով (դասագրքերով ու ծրագրերով ապահովում, ուսուցիչների վերապատրաստում)՝ Կրթության և գիտության նախարարությունը, իսկ Հայրենիքի և Սփյուռքի կապի ապահովումն ու  ամրապնդումը դեսպանների անելիքն է:  
 
Ավելին, հիմա իրավիճակ է փոխվել, և ոչ միայն նվազելու (կամ, ո՜՞վ գիտե, գուցե նաև դադարելու) է Հայաստանից հեռացողների թիվը, այլև վերադարձողներ են լինելու: Հատկապես նրանք, ովքեր չեն կայացել, իրենց պատկերացրած բարօրությունը չեն գտել օտար երկրներում, անպայման կվերադառնան՝ Հայաստանում օրենքի գերակայություն հաստատելու, աշխատատեղեր ապահովելու պարագայում:
 
Ասել է թե՝ այսուհետ պիտի առաջնահերթվի հայրենադարձությանը զարկ տալու խնդիրը, ինչը չի կարող իրականացնել Սփյուռքի նախարարությունը՝ շատ պարզ՝ լծակների բացակայության պատճառով: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգում գործում է միգրացիոն ծառայությունը , որը մշակում և իրականացնում է միգրացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։ Այս նախարության առանցքային խնդիրներից մեկը պետք է դառնա հայրենադարձության խնդիրները, իսկ հայրենադարձներին կացարանով ապահովելու գործը պետք է ստանձնի Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, նրանց աշխատանքային ապահովվածության ու կեցության պայմանների հոգածությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասության ներքո պետք է լինի:
 
Խոստովանենք, որ նշված հարցերը ոչ մի չափով չեն տեղավորվում Սփյուռքի նախարարության իրավասության շրջանակներում, ինչը լավագույնս փաստում է այդ գերատեսչության ժամանակավրեպությունը: Ի դեպ, Ֆրանսիայի, Լիբանանի,  Վրաստանի օրինակները (այս երկրներում նույնպես ինչ-որ պահի ստեղծվեցին և արագ էլ վերացվեցին այդանուն նախարարությունները) ևս լավագույն հուշումն են նմանատիպ առանձին գերատեսչության ավելորդության: