Օգտվում եմ Կամո Արեյանի ծառայություններից, Մերսում եմ Սերժին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 1-ին որոշում է կայացրել Կամո Արեյանին նշանակել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:
 
Հայկ Մարությանը գլխավոր խորհրդական է նշանակել մի մարդու, ով մասնակից է եղել նախկին իշխանությունների կողմից իրականացված թալանին և ապօրինություններին:
 
Թե թալանը որքան է կազմել՝ վաղուց է պարզ: Կես տարին բավական մեծ ժամկետ էր ՀՀ իրավապահ մարմինների համար՝ անցկացնելու նախաքննություն և մեղադրական եզրակացություններ ներկայացնելու դատարան, իսկ դատարանը կարող էր արձակել Կամո Արեյանի և, իհարկե, այլ ՀՀԿ-ականների թալանի և ապօրինությունների վերաբերյալ դատապարտման դատավճիռներ: 
 
Միայն 2017 թվականի հունիսի 16-ի Տարոն Մարգարյանի և այն ժամանակ նրա տեղակալ Կամո Արեյանի ապօրինի որոշումները՝ կապված «Սպայկա» և «Արմսանպրոդակտ»  ընկերությունների հետ՝ Երևանին պատկանող շուրջ 50 միլիոն դոլարի շուկայական արժողությամբ հող նվիրաբերելու կոռուպցիոն գործարքի համար հիմք են այս մարդկանց դատապարտելու (այս մասին հաղորդումը հանցագործության վերաբերյալ, որը ներկայացվել է «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից  դեռ 2017 թվականի ամռանը, պատշաճ արձագանք չի ստացել):
 
Կամո Արեյանն այն փոխքաղաքապետն էր, ով համարել է բարոյական և օրինական մեկ տարվա ընթացքում 30 մլն դրամի կոնյակ գնելը։ 
 
Կամո Արեյանն այն անձն է, ում, որպես ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալի՝ պաշտոնավարման տարիներին իրականացվել է Երևանի կենտրոնում գտնվող, այսպես կոչված՝ պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման վայրագ ծրագիր:
 
Կամո Արեյանն այն փոխքաղաքապետն էր, ում պաշտոնավարման օրոք Երևանի Աջափնյակ համայնքում շուրջ 10 հեկտար տարածքի վրա  ապօրինի գոյացել  է  միլիոնավոր տոննաների պարունակությամբ կոշտ թափոնների աղբավայր: 
 
Կամո Արեյանն այն փոխքաղաքապետն էր, ով Երևանի տարածքները ապօրինի վաճառելով՝ Երևանի գերեզմանատները բազմակի անգամ մեծացրել է (քաոտիկ կառուցապատման հետևանքով մոտեցնելով գերեզմանները բնակելի տներին):
 
Կամո Արեյանն այն փոխքաղաքապետն էր, ով բազմաթիվ խոստումներ է տվել երևանցիներին և չի կատարել:
 
Կամո Արեյանն այն փոխքաղաքապետն էր, ով հովանավորել է երթուղայինների (մարշրուտկաների) գծատերերին:
 
Կամո Արեյանն այն փոխքաղաքապետն էր, ով հովանավորել է «Սանիթեքի» ապօրինի գործունեությունը:
 
Կամո Արեյանն այն փոխքաղաքապետն էր, ում պաշտոնավարման ժամանակ բազմաթիվ մանկապարտեզներ ապօրինի վաճառվել են:
 
Կամո Արեյանն այն փոխքաղաքապետն էր, ում պաշտոնավարման ժամանակ Երևանի կենտրոնում գտնվող շենքերի տանիքներն ապօրինի վաճառվել են՝ բազմակի անգամ թուլացնելով շենքերի սեյսմակայունությունը: 
Կամո Արեյանն այն փոխքաղաքապետն էր, ում պաշտոնավարման տարիներին Երևանի այգիները, պուրակները, գազոնները, մայթերը և արհեստական լճակները վաճառվել են:
 
Կամո Արեյանի մեղքերի թվագրումը անսահման է՝ Երևանը քանդելու մեջ: 
 
Դե, իհարկե, բնականաբար, Կամո Արեյանի՝ «Երևանի քաղաքապետարան համայնքային բյուջե Լվացքատան» գլխավոր և անփոխարինելի մասնագետն է: Նրա ծառայություններից օգտվելու գայթակղությունը մեծ է՝ չէ՞ որ նա 180 միլիոն դոլար բյուջե ունեցող «Երևանի քաղաքապետարան համայնքային բյուջե Լվացքատան» լվացքը հասցրել է պրոֆեսիոնալ մակարդակի և անխափան աշխատանքի: 
 
Ուրեմն ի՞ նչ՝ «Ժ» տառը սխալ էր արտաբերվել: Ոչ թե «ՄերԺիր», այլ ՄերՍիր», «Մերսիր (массаж արա) արա Սերժին»՝ սիրիր և հանդուրժիր Սերժին: 
 
 
Սոնա ԱՂԵԿՅԱՆ
«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ