ԹՈՂ ԵԼՔՆ ԻՍԿԱՆԴԵՐԸ ՉԼԻՆԻ

Մեսիջներ՝ արտաքին աշխարհին

Ապրիլի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի նստավայրում հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների Հայաստանում աշխատող դեսպաններին: Հանդիպմանը Սարգսյանը քննարկել է խորհրդարանի անցած ընտրությունը՝  ուշագրավ ակնարկներանելով:Երկրի ղեկավարը նախ  անդրադարձել է ապրիլյան պատերազմին՝ ասելով.

 

-Ապրիլյան դասերը ոչ միայն Ադրբեջանի համար են, այլև բոլորի՝ որպես ԵԱՀԿ անդամ երկրներ, որպես մեկ միասնական անվտանգային տարածք, որպեսզի բոլորը շատ ավելի աչալուրջ լինեն հնչող ահազանգերին և անվտանգության սպառնալիքներին:

Ըստ էության, Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրներին հիշեցնում է, որ  արցախյան խնդիրը միայն Բաքվինն ու Երևանինը չէ: Խաղի այս կանոններն ընդունել են նաև գերտերությունները, որոնք  տարածաշրջանում  խաղաղության պահպանման ուղղությամբ կարծես ռեալ ջանքեր չեն գործադրում:

Իհարկե, նման  պահանջ դնելուց առաջ, ժողովրդական խոսքով՝  լեզու դարձնելու տեղ պիտի ունենալ: Այդ վստահությունն իշխանությանը տվեցին ԱԺ-ի ընտրությունները, որոնց արդյունքները գրեթե ոչ մի ուժ չբողոքարկեց, միջազգային  կառույցները դրական գնահատեցին: Իհարկե,  եվրոպական դիտորդները խոսեցին վարչական ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքի բաժանման մասին, բայց հստակ ապացույցներ դեռ  չեն ներկայացրել: Ընտրությունների այս հաղթաթուղթն է, որը իշխանության ղեկավարը դեմ տվեց դեսպաններին:

-Կցանկանայի նշել, որ այս ընտրություններն արձանագրեցին այն կարևոր առաջընթացը, որին Հայաստանը հասել է ժողովրդավարության և պետականաշինության գործում: …Քաղաքական և հասարակական կյանքում բազմակարծությունը, որ դրսևորվում է քաղաքական կուսակցությունների և կենսունակ քաղաքացիական հասարակության գործունեությամբ, վերջին տասնամյակում իրողություն է դարձել: Ասածս չի նշանակում, որ մենք այստեղ լուծելու խնդիրներ չունենք. մենք շատ խնդիրներ ունենք լուծելու,- հիմնավորել է Սերժ Սարգսյանը:

Ի ՞նչ է ակնարկում մեր երկրի ղեկավարն ու ի՞նչ է սպասում  արտաքին աշխարհից:  Մենք կատարեցինք մեր պարտավորությունը, շարունակելու ենք կատարել՝ ապավինելով ձեր աջակցությունը: Այսինքն՝ մեր բաժինը բեռը,  լավ, թե վատ՝ տարանք: Հերթը հիմա ձերն է, պարոնա'յք ժողովրդավարներ:

Ի՞նչ նկատի ունի աջակցություն ասելով՝  Սերժ Սարգսյանը չի մանրամասնել:  Գուցե ֆինանսական շահավետ աջակցություն, գուցե Արցախի հարցում միջամտություն, կամ հենց օգնություն Արցախին՝ որպես կայացած միավորի: Ենթադրությունների մի ամբողջ շարք կարելի է շարադրել: Բայց մի բան ակնհայտ է:  Բավական չէ միայն խոսել Արցախի խնդրի խաղաղ լուծման մասին ու ոչինչ չանել: Անհասկանալի է ստեղծել տարատեսակ  խաղաղարար առաքելություն ու կենաց-բաժակաճառ հիշեցնող խոսքեր ասել: Կամ դրանք պետք է այնքան ազդեցիկ լինեն, որ զսպեն հակառակորդին կամ խոսքերի փոխարեն ուղղակի խոստովանեն իրենց անզորությունն ու կիսաձևակ գոյությունը: Գոնե այդպես կհասկանանք, որ խնդրի լուծման բանալին մեր ձեռքում է, և, Աստված մի արասցե, եթե ելքը միայն «Իսկանդերն» է, ուրեմն ինչպես հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ աչքներս էլ չենք թարթի այն զարկելիս: