Քաղաքական բանավեճերը նոր քաղաքական մթնոլորտ են ձևավորում

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության փուլը թեև դեռ չի ավարտվել, բայց արդեն կարելի է արձանագրել, որ Հայաստանի քաղաքական մշակույթում աննախադեպ առաջընթաց է գրանցվել:
 
Մի կողմ թողնելով 2018 թվականի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում տեղի ունեցած մյուս դրական փոփոխությունները, մասնավորապես՝ ընտրակաշառքների և վարչական լծակների օգտագործման դեպքերի բացակայությունը, անդրադառնանք հենց քաղաքական նոր մշակույթ ձևավորող կարևորագույն գործոնին՝ քաղաքական բանավեճերին:
2015 թվականին փոփոխված ՀՀ Սահմանադրությամբ, Ազգային ժողովի ընտրությունները, փաստացի, միակ և կարևորագույն համապետական ընտրություններն են, որոնց արդյունքում որոշվում է ոչ միայն խորհրդարանի կազմը, այլ երկրի առաջին դեմքն ու Զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարը՝ ՀՀ վարչապետը: Իրենց նշանակությամբ ԱԺ ընտրությունները հավասարազոր են նախկին նախագահական ընտրություններին՝ գումարած զուտ որպես խորհրդարանական ընտրություն ունեցած նշանակությունը:
 
Հայաստանում, անկախությունից ի վեր, տեղի են ունեցել 15 համապետական ընտրություններ` չհաշված հանրաքվեները, 7 խորհրդարանական և 7 նախագահական:
 
Այս բոլոր ընտրությունների ժամանակ, սակայն, իրական նախընտրական բանավեճ տեղի է ունեցել է միայն 2003 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, երբ հեռուստադիտողների առջև միմյանց հանդիպեցին երկրորդ փուլ անցած թեկնածուները՝ Ռոբերտ Քոչարյանը և Ստեփան Դեմիրճյանը: Այս իրադարձությունը, թերևս, միակն էր հայկական քաղաքական կյանքում մինչև 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումն ու նախընտրական քարոզարշավի մեկնարկը:
 
2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում պատկերը տրամագծորեն տարբեր է, և կարող ենք դիտարկել նախընտրական բանավեճերի աննախադեպ առատություն:
Մասնավորապես, միայն Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական քարոզչության փուլում տեղի են ունեցել 12 բանավեճեր, այդ թվում, թերևս, դեկտեմբերի 5-ի կարևորագույն բանավեճը՝ ընտրություններին մասնակցող բոլոր 11 քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցությամբ:
 
Եվս 6 նախընտրական բանավեճեր տեղի են ունեցել «Թիվ 5» հեռուստաընկերության «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում:
Ինտերնետի հասանելիության ավելացման շնորհիվ ոչ պակաս կարևոր ու քննարկված են եղել նաև համացանցային հեռուստաընկերություններում տեղի ունեցած բանավեճերը: Այդպիսիք տեղի են ունեցել «Ազատության» (4), «1in.am»-ի (1), «24news.am»-ի (7) և «Civilnet»-ի (1) ուղիղ հեռարձակումներում:
 
Վերադառնալով գլխավոր՝ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած բանավեճին՝ նշենք, որ բուն դրա փաստն արդեն վկայում է, որ Հայաստանում ստեղծված է մի այնպիսի քաղաքական մթնոլորտ, երբ հնարավոր է կառուցել երկխոսություն նույնիսկ միմյանց հետ սկզբունքային տարբերություն ունեցող քաղաքական ուժերի միջև:
Սա, իր հերթին, նշանակում է, որ Հայաստանում չի տեղի ունենում քաղաքական մարգինալուցում, ինչպես նախկինում, երբ գործող իշխանությունները, փաստացի «արհամարհում» և իրենք էլ «արհամարհվում» էին մյուս քաղաքական ուժերի կողմից: 
 
Քաղաքական հանրային ու բաց երկխոսության հնարավորությունը կարող է վճռորոշ դրական ազդեցություններ ունենալ ոչ միայն նախընտրական փուլում, այլև ընտրություններից հետո՝  թույլ տալով հանրությանը տեսնել, թե ինչպես են քաղաքական ուժերը վերաբերվում երկրի համար կարևոր որոշումներին:
 
Վահե ՂՈւԿԱՍՅԱՆ